ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլի կողմից Իրանի դէմ պարտադրւած պատերազմի գնահատականը

«ԱԼԻՔ» – Տրածաշրջանի հարցերով փորձագէտ դոկտ. Շոայբ Բահմանը կենտրոնանալով սիոնիստական ռեժիմի դէմ 12-օրեայ պատերազմի հետւեանքների եւ գրանցւած փաստերի վրայ փորձել է գնահատել կողմերի ձեռքբերումներն ու կորուստները: Նա գրել է. «12-օրեայ պատերազմում, սիոնիստական ռեժիմի վրայ Իրանի յարձակումներից յետոյ, հրեայ հասարակութեան մօտ Նեթանիահուի հասցէին քննադատութիւնների աճ արձանագրւեց, քանի որ սիոնիստական ռեժիմն զգալի հարւածներ կրեց էներգիայի եւ տնտեսական ոլորտներում։ Սա այն դէպքում, երբ Իրանում ժողովրդի մէջ ձեւաւորւեց աննախադէպ ազգային համերաշխութիւն»։

Փորձագէտը նաւթային եւ բրածոյ վառելիքների ուսումնասիրութեան «Դանեշէ նաւթ» հարթակում հրապարակած յօդւածում գրել է. «Յունիսի 13-ին, սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դէմ պարտադրւած պատերազմը, որն սկսւեց Իրանի միջուկային, ռազմական եւ ենթակառուցւածքային օբիեկտների վրայ զանգւածային յարձակումներով, ինչն արժանացաւ Իրանի վճռական արձագանքին, համարւում է վերջին տասնամեակների ամենաբարդ աշխարհաքաղաքական նկրտումներով ճգնաժամերից մէկը։

Չնայած Միացեալ Նահանգներն սկզբում ձեռնպահ մնաց պատերազմում անմիջական ռազմական մասնակցութիւնից, կասկած չկար, որ այն սիոնիստական ռեժիմի ամենակարեւոր աջակիցն էր ստեղծւած իրավիճակում։ Այդ պատճառով, երբ զգաց, որ Իրանը առաւելութիւն է ստացել մարտադաշտում, Միացեալ Նահանգները միացաւ գործողութիւններին եւ ռմբակոծեց Իրանի միջուկային օբիեկտները։

Կարեւոր է տարբեր տեսանկիւններից ուսումնասիրել Իսրայէլի եւ ԱՄՆ-ի նպատակներն ու սցենարները Իրանի հետ պատերազմում։

 

Իսրայէլի եւ ԱՄՆ-ի ռազմավարական նպատակներն Իրանի դէմ պատերազմում

Իրանի դէմ պատերազմում սիոնիստական ռեժիմի եւ ԱՄՆ-ի միտումների եւ դիրքերի գնահատումը բացայայտում են Իրանի վրայ յարձակւող կողմերի ռազմավարական նպատակները.

Ա- Սիոնիստական ռեժիմի նպատակները.

– Իրանի միջուկային ծրագրի ոչնչացումը կամ թուլացումը որպէս գոյութեան սպառնալիք.

– Իրանի ռազմական կարողութիւնների, մասնաւորապէս՝ բալիստիկ հրթիռների (գնահատւում է շուրջ 3000 հրթիռ) նւազեցումը.

– Իսլամական Հանրապետութեան համակարգի անկայունացում կամ փոփոխութիւն՝ որպէս տարիների սպառնալիք.

– Իրանի հետ կապւած «Դիմադրութեան շարժման» խմբերի դէմ տարածաշրջանային զսպման հնարաւորութիւն.

– ԱՄՆ ռազմական եւ դիւանագիտական աջակցութեան պահպանումը:

Բ- Միացեալ Նահանգների նպատակները.

– Իրանին կանխելը՝ միջուկային զէնքի ձեռքբերման հարցում, առանց երկարատեւ ու ծանր ռազմական հակամարտութեան մէջ մտնելու.

– Իրանի եւ նրա լիազօրւած պրոկսիների ազդեցութեան նւազեցում.

– Պարսից ծոցի դաշնակիցների եւ Իսրայէլի հետ յարաբերութիւնների պահպանումը՝ առանց լայնածաւալ հակամարտութիւն հրահրելու.

– Նաւթի շուկաների եւ համաշխարհային մատակարարման շղթաների, մասնաւորապէս՝ Հորմուզի նեղուցի կայունութեան պահպանումը.

– Մերձաւոր Արեւելքում «անվերջ պատերազմներից» խուսափելը՝ համաձայն Դոնալդ Թրամփի խոստումների.

Իրանի հետ պատերազմի սցենարը

Հաշւի առնելով վերը նշւած նպատակները, կարելի է առանձնացնել Իսրայէլի եւ ԱՄՆ-ի համար Իրանի հետ պատերազմի առնւազն երեք ցանկալի սցենար.

1. Ամենացանկալի սցենարը՝ Իսլամական Հանրապետութեան անկումն էր:

Այս սցենարում սիոնիստական ռեժիմը նախատեսում էր իր ռազմական յարձակումներով եւ, հնարաւոր դէպքում նաեւ   Միացեալ Նահանգների գործողութիւններով, քաղաքական առաջնորդների եւ զինւորական հրամանատարների նպատակային սպանութիւններով լրջօրէն թուլացնել Իսլամական Հանրապետութեան համակարգը եւ համատեղել դրանք պատժամիջոցների հետեւանքով ներքին անկարգութիւններից բխող տնտեսական ճնշման հետ, որը կարող էր հանգեցնել ժողովրդական բողոքի ալիքների, եւ, ի վերջոյ, հող նախապատրաստել Իրանի քաղաքական համակարգի փլուզման համար: Սիոնիստների տեսանկիւնից, 1401 թւականի անկարգութիւններին նմանւող բողոքի ցոյցեր պիտի լինէին, նոյնիսկ աւելի մեծ ծաւալներով ու թափով՝ ռազմական գործողութիւնների եւ տնտեսական կորուստների պատճառով, որոնցով հնարաւոր կը լինէր  Իսլամական Հանրապետութիւնը կանգնեցնել փլուզման եզրին: Սա այն դէպքում, երբ սիոնիստական ռեժիմի եւ Միացեալ Նահանգների նկատմամբ ոչ թշնամական մօտեցում ունեցող նոր հոսանք էր կարող զաւթել իշխանութիւնը, կամ առնւազն իշխանութեան այդօրինակ թուլացումը կը յանգեցնէր երկարատեւ անկայունութեան, որով նւազելու էր Իրանի ազդեցութիւնը տարածաշրջանում:

2. Բարենպաստ սցենար՝

Անդառնալի հարւածներ Իրանի կարեւորագոյն ենթակառուցւածքներին

Այս սցենարում սիոնիստական ռեժիմը՝ Միացեալ Նահանգների լոգիստիկ ու զինեալ աջակցութեամբ, նախատեսում էր լայնածաւալ յարձակումներ իրականացնել Իրանի կարեւորագոյն ենթակառուցւածքների, այդ թւում՝ միջուկային օբիեկտների (Նաթանզ, Ֆորդօ), հրթիռային բազաների, նաւթավերամշակման գործարանների, «Հարաւային Ֆարս»-ի գազային աւազանի եւ էլեկտրաէներգիայի ցանցի վրայ: Սիոնիստական ռեժիմը յոյս ունէր, որ ռազմական յարձակումները, ռազմական հրամանատարների սպանութիւնների եւ խստացւած պատժամիջոցների փաստերով, Իրանը ստիպւած կը լինի յետպատերազմեան շրջանում կենտրոնանալ ներքին խնդիրների վրայ եւ տարիներ շարունակ զուրկ է լինելու սիոնիստական ռեժիմին ու Միացեալ Նահանգներին դիմակայելու ռազմական կամ տնտեսական ճակատներում: Այս սցենարում Իրանի միջուկային ծրագիրը կը հետաձգւէր, եւ նրա տարածաշրջանային ազդեցութիւնը կը փոքրանար, կը դառնար սնանկ եւ անարդիւնաւէտ մի պետութիւն:

Սակայն այս սցենարը եւս չիրականացաւ Իրանի ճշգրիտ յարձակումների շնորհիւ, քանի որ այն գիտակցեց, որ եթէ յարձակւի Իրանի տնտեսական ենթակառուցւածքների վրայ, կը բախւի աւելի լուրջ հակահարւածների եւ կը ստանայ աւելի խոցելի պատասխան:

3. Նւազագոյն արդիւնքներով սցենար.

Դիւանագիտական ​​հրադադար՝ ռազմական նւաճումների պատկերով

Այս սցենարում, սիոնիստական ​​ռեժիմը պէտք է դադարեցնէր իր յարձակումները՝ Իրանի միջուկային օբիեկտներին, հրթիռային բազաներին եւ ռազմական ղեկավարներին հասցւած զգալի վնասից յետոյ միայն: Ուրիշների դիւանագիտական ​​ճնշման տակ իհարկէ, հաշւի առնելով Իրանից ստացած հարւածները նաեւ: Սիոնիստական ​​ռեժիմը եւ ԱՄՆ-ը յոյս ունէին, որ այս սցենարում Իրանը կը վերադառնար միջուկային բանակցութիւններին, այս անգամ թուլացած միջուկային ու ռազմական կարողութիւններով: Այս հրադադարը թոյլ կը տար սիոնիստներին պահպանել այդ ռազմական նւաճումները (օրինակ՝ մի քանի տարով Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելով)՝ առանց տարածաշրջանային պատերազմի մէջ ներգրաււելու:

ԱՄՆ-ին յաջողւեց նպաստել հրադադարի հաստատմանը միայն Կատարի միջնորդութեամբ՝ սիոնիստական ​​ռեժիմի միջազգային աջակցութիւնը պահպանելու համար:

 

Հեռանկար

Սիոնիստական ռեժիմի եւ ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ նախընտրելի սցենարների գնահատումը ցոյց է տալիս, որ առնւազն առաջին երկու սցենարները բախւել են լուրջ մարտահրաւէրների՝ ռազմական սահմանափակումների, դիւանագիտական բարդութիւնների եւ անկանխատեսելի հետեւանքների պատճառով: Սիոնիստական ռեժիմի վճռական յաղթանակը անիրատեսական էր՝ Իրանի միջուկային ծրագիրն ու Իրանի զգալի կարողութիւնները լիովին ոչնչացնելու անկարողութեան պատճառով: Անդառնալի հարւածներ հասցնելը սիոնիստական ռեժիմին նոյնքան վնասաբեր էր, որքան կարող էր լինել Իրանի համար, քանի որ Իրանը ցոյց տւեց, որ լիովին պատրաստ է հակահարւած տալ: Մինչդեռ, դիւանագիտական ​​հրադադարը միակ սցենարն էր, որն աւելի հաւանական էր իրականացնել, եւ այն, ի վերջոյ, տեղի ունեցաւ:

Հաշւի առնելով սա, սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի դէմ պարտադրւած պատերազմի աւարտը կախւած էր մի քանի գործօններից.

1. Երկու կողմերի ռազմական կարողութիւնները. անակնկալի բերող յարձակումներից անկախ, Իրանն արագօրէն վերականգնեց իր ռազմական հրամկազմը եւ պատասխան գործողութիւնների անցաւ: Այնպէս, որ կարճ ժամանակում կարողացաւ համազօր պատասխաններով առաջ մղել բախումները: Երբ Իրանին յաջողւեց փոխել դաշտում հաւասարակշռութիւնը, ԱՄՆ-ը ներքաշւեց պատերազմի մէջ, բայց նա նոյնպէս ցանկանում էր միայն սահմանափակւած հակամարտութիւն՝ հետագայ կորուստներից խուսափելու համար:

2. Միջազգային դիւանագիտական ճնշումներ. լարւածութեան նւազեցումը եւ տարածաշրջանային ու միջազգային հակամարտութիւնների զսպումը կախւած է ուժեղ միջնորդների առկայութիւնից եւ կողմերի ցանկութիւնից՝ վերջ դնելու հակամարտութեանը: Այս ճգնաժամի ժամանակ Ռուսաստանից եւ Թուրքիայից մինչեւ որոշ արաբական երկրներ միջնորդները յայտարարել էին իրենց պատրաստակամութեան մասին, սակայն սկզբում կողմերից ոչ մէկը չէր կարողանում ընդունել միջնորդների առաջարկները: Այնուամենայնիւ, Կատարին, ի վերջոյ, յաջողւեց միջնորդել կողմերի միջեւ եւ դադարեցնել կրակը։

3. Ներքին քաղաքական ու տնտեսական հաշւարկներ. Ներքին քաղաքական իրավիճակը, ինչպէս նաեւ երկու կողմերի տնտեսական ցուցանիշները կարեւոր դեր խաղացին ապագայ ռազմավարութիւնները որոշելու գործում: Սիոնիստական ռեժիմում Նեթանիահուի դէմ բողոքներն աճեցին՝ չնայած Իրանի յարձակումների ուժգնացումից յետոյ ռեժիմը զգալի հարւածներ կրեց տնտեսական ոլորտում, մասնաւորապէս՝ էներգետիկ ոլորտում: Սա տեղի ունեցաւ այն ժամանակ, երբ Իրանի ժողովրդի շրջանում ձեւաւորւեց աննախադէպ ազգային համերաշխութիւն։

4. Հասարակական կարծիքի ճնշում.

Նեթանիահուի համար կարեւոր էր հասնել այնպիսի նւաճումների, որոնցով արդարացւելու էր այս պատերազմը, քանի որ նա իրականում մեծ հարւածներ ընդունեց մտնելով Իրանի դէմ պատերազմի մէջ։ Իրանի համար կարեւոր էր նաեւ ցաւոտ հարւածներ հասցնել սիոնիստական ռեժիմին՝ թէ՛ ռազմական տեսանկիւնից, թէ՛ հասարակական կարծիքը կառավարելու համար, որպէսզի տպաւորութիւնն այնպիսին չլինի, որ  Իսլամական Հանրապետութիւնն այս պատերազմից դուրս է եկել ձեռնունայն:

Հաշւի առնելով տեղի ունեցածը՝ պէտք է նշել, որ Իրանի եւ սիոնիստական ռեժիմի միջեւ ռազմական գործողութիւնների դադարեցումը ոչ մի կերպ չի համարւում մշտական​​հրադադար, այլ, գիտակցելով սիոնիստական ​​ռեժիմի կողմից հրադադարի խախտումների փորձը, պէտք է նշել, որ  ցանկացած պահի պատերազմի բռնկման հաւանականութիւնը կայ։

Related Articles

Back to top button