Վաշինգտոնում նախաստորագրւած համաձայնագրի առաջին «ծիծեռնակը». Ադրբեջանի ԶՈՒ-ն Ջերմուկի ուղղութեամբ դիրքային առաջխաղացում է իրականացրել
Փոփոխութիւնները տեղի են ունեցել «չէզոք» գօտում՝ հայկական եւ ադրբեջանական զօրքերի միջդիրքային հատւածում

«ԱԼԻՔ» – Ադրբեջանական զինուժը Ջերմուկի ուղղութեամբ սահմանային հատւածում նոր դիրքեր է տեղակայել։ Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիան:
Նշենք, որ վերջին շաբաթներին մամուլում տեղեկութիւններ էին յայտնւել Ջերմուկի հատւածում Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման, դիրքային ակտիւութեան մասին: Մասնաւորապէս Yerkir.am–ը գրել էր, որ ադրբեջանական զինուժը յուլիսին հայկական դիրք է գրաւել Ջերմուկի հատւածում։ «ԱԼԻՔ»–ը նշել էր, որ «չպահւող դիրք» է եղել՝ բարձունք եւ գրեթէ մօտ Ջերմուկ քաղաքին։ ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը, պատասխանելով «Երկրի» հարցին, ասել էր, որ տեղեկութիւնը չի համապատասխանում իրականութեանը։
«Փաստինֆօ» գործակալութիւնն իր հերթին գրել էր, թէ ահազանգեր է ստացել, որ Ջերմուկի հայկական դիրքերում զօրքերի յետքաշմանը բնորոշ շարժ է նկատւում։ ՀՀ ՊՆ-ն հերքել էր նաեւ այդ լուրը։
«Sputnik Արմենիա»-ն եւս տւեալներ էր ստացել, որ ադրբեջանական ԶՈՒ-ն առաջ է շարժւել «չէզոք գոտում»՝ միջդիրքային տարածքում` առանց յստակեցման, թէ կոնկրետ որ հատւածում։
Այս առնչութեամբ «Sputnik Արմենիա»-ն հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ` հետաքրքրւելով` առաջխաղացում եղե՞լ է հէնց «չէզոք» գօտում, ե՞րբ է տեղի ունեցել առաջխաղացումը, քանի՞ մետր է ադրբեջանական զինուժը առաջ շարժւել մօտակայ դիրքից։ Նաեւ խնդրել է յայտնել նոր տեղակայման տւեալները:
ՀՀ ՊՆ-ից լրատւամիջոցին պատասխանել են, որ նշւած հարցերի վերաբերեալ հնչել է պաշտօնական մեկնաբանութիւն։
«Եւս մէկ անգամ յայտնում ենք, որ նշւած հատւածում առաջխաղացման մասին հաղորդագրութիւնը չի համապատասխանում իրականութեանը»,- ասւած է ՀՀ ՊՆ-ի պատասխանում:
«Sputnik Արմենիա»-ն սակայն չբաւարարւելով պատասխանով, ուսումնասիրել է արբանեակային կադրերը եւ պարզել է, որ որոշակի տեղաշարժ այնուամենայնիւ եղել է: Մասնաւորապէս, Ադրբեջանի ԶՈՒ-ն դիրքային առաջխաղացում է իրականացրել Մեծ եւ Փոքր Ալ լճերից դէպի հարաւ եւ Ջերմուկից դէպի հիւսիս սահմանային հատւածում։
Ըստ հրապարակւած արբանեակային լուսանկարների՝ պարզորոշ երեւում է, որ ադրբեջանական մի քանի նոր դիրքեր են ի յայտ եկել, ընդ որում թշնամու ԶՈՒ-ն ինժեներական աշխատանքներ է իրականացրել յուլիսի 20-ից։
Ըստ ամենայնի, որպէս պատասխան քայլ, ՀՀ ԶՈՒ-ն նոյնպէս մի քանի նոր դիրք է տեղակայել:
«Յատկանշական է, որ հէնց այդ նոյն ժամանակահատւածում այդ տեղամասում ադրբեջանական ԱԹՍ է արձանագրւել Flightradar24 ծառայութեան միջոցով (նման բան նախկինում չի նկատւել): ԱԹՍ–ի յայտնւելը, ամենայն հաւանականութեամբ, կապւած է հէնց նոր դիրքերի տեղակայման հետ»,- գրել է «Sputnik Արմենիա»-ն՝ յիշեցնելով, որ ՀՀ ՊՆ-ն օգոստոսի 4-ին յայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սիւնիքի մարզի Վերիշէն բնակավայրից 4500 մետր հիւսիս-արեւելք ընկած հատւածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող հայկական էքսկաւատորի ուղղութեամբ։