Վիգէն Յակոբեան. «Փաշինեանը հասկանում է, որ «տառապեալ» յեղափոխականի՝ մորուքով, չսանրւած կերպարն իրեն այլեւս դիւիդենտ չի բերում»
«Այդ անկախութեան հռչակագիրը, բովանդակութիւնը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետութիւն չի կարող գոյութիւն ունենալ։ Եւ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու խնդիրն է։ Եւ հիմա հարցը, թէ ո՞րն է իրական Հայաստանը։ Իրական Հայաստանը հետեւեալն է, իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետութիւն չի փնտրում, որովհետեւ ինքը, այո՛, շատ ճիշտ դիտարկում էր՝ ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել ու գտել է իր հայրենիքը»,- բիւջէ-2025 նախագծի քննարկման ժամանակ յայտարարեց Նիկոլ Փաշինեանը՝ նորից ու նորից հերքելով ինքն իրեն։
Դեռ իշխանամուտին ու դրանից յետոյ՝ մինչեւ 2022 թւականը, թաւշեայ յեղափոխականն իր ամենամեայ ուղերձներում խօսում ու խօսում էր անկախութեան հռչակագրի կարեւորութեան, մեր պատմական պարտքի ու առաքելութեան մասին, իսկ դրանից յետոյ՝ արդէն Անկախութեան հռչակագիրը համարեց թէական՝ շեշտադրմամբ, թէ Հայաստանը նոր տեսութեան կարիք ունի, եւ, որ պէտք է նոր քննութեան ենթարկել այդ փաստաթուղթը։
Ասել է թէ՝ հեշտ է խօսել նախորդ իշխանութեան թողած ժառանգութեան հաշւին, բայց երբ դա արդէն մսխւել է, պէտք է կասկածի առնել պատմութիւնը։
Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգէն Յակոբեանը 168.am-ի հետ զրոյցում նկատել է՝ Նիկոլ Փաշինեանն այս յայտարարութիւններով էլ աւելի է բացում «Օւերտոնի պատուհանը», երբ գաղափարը տաբուից հասցնում ես հնարաւորի։
«Թէպէտ միշտ թւում է՝ էլ ուր բացի…»,- նկատել է Վիգէն Յակոբեանը՝ յաւելելով. «Նա ասում է՝ քանդում եմ պատմական Հայաստանը, այն արժեհամակարգը, որի վրայ հիմնւած է պատմական Հայաստանը։ Իսկ իրականում Փաշինեանը քանդում է իրական Հայաստանը, որովհետեւ այն Հայաստանը, որը կարող է հետաքրքրութիւն առաջացնել աշխարհում, հիմնւած է հէնց այն արժեհամակարգերի ու իդէոլոգիայի վրայ, այդ թւում` պատմական Հայաստանի, որը գոյութիւն ունէր եւ որը, ի վերջոյ, ներառւած է հռչակագրում՝ Ցեղասպանութիւն, Արցախ, վերամիաւորման գաղափարախօսութիւն, Անկախ Հայաստան, կրօն…
Այսինքն՝ նա քանդում է այդ համակարգը՝ առաջ քաշելով իր «իրական Հայաստանի» գաղափարը, որը զերծ է բոլոր արժեհամակարգերից, որի վրայ հիմնւած է եղել պետութիւնը, եւ որի շնորհիւ գոյատեւել է ազգը»։
«Իրական» եւ «պատմական» Հայաստանի մասին դիսկուրսը, առհասարակ, ըստ վերլուծաբանի՝ «Օւերտոնի պատուհան» բացել է, որն ըստ նրա՝ հայի ու հայկական պետականութեան տեսակի փոփոխութեան մասին է.
«Ընդորում, ամենասարսափելին այն է, որ դա արւում է արտաքին պատւէրով. նայէք, թէ ինչ նախապայմաններ են դնում Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի առջեւ, կը հասկանաք, որ Փաշինեանի ելոյթները լրիւ համահունչ են այդ նախապայմաններին»։
Հայաստանի իմիջային կորուստների համատեքստից զատ՝ անդրադարձանք նաեւ Նիկոլ Փաշինեանի նոր իմիջին՝ սափրւած-նախկին Փաշինեանին՝ քաղտեխնոլոգից հետաքրքրւելով, թէ սա հերթական տեխնոլոգիա՞ է, եւ ինչո՞ւ հէնց այս պահին։
Ի պատասխան՝ մասնագէտը հաստատեց, որ սա հերթական տեխնոլոգիան է, իսկ նպատակը պայմանաւորեց քաղաքական համատեքստով։
«Նա գնում է ընտրութիւնների, թէեւ դեռ չգիտի՝ արտահե՞րթ, թէ՞ հերթական։ Բայց նա սկսել է յստակ հասկանալ՝ ընտրազանգւածը, որն իր մօտ պահպանւել է (ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների՝ մինչեւ 15 տոկոս), այլեւս չի աւելանում։ Իսկ դա այն ընտրազանգւածն է, որը Փաշինեանին սիրում է նրա համար, որ նա իբր մէկն է իրենցից՝ իրենց նման չածիլւած, փնթի, ունեզուրկ… Նա հասկանում է, որ յեղափոխականի կերպարը՝ մորուքով, չսանրւած… իրեն այլեւս դիւիդենտ չի բերում»,- մանրամասնել է Վիգէն Յակոբեանը։
Վերլուծաբանն ընտրազանգւածի նւազման մէկ այլ պատճառ է համարել Փաշինեանի յեղափոխական խոստումներին հաւատացած ու «գցւած» մարդկանց ստւար բազմութիւնը։
«Երբ Նիկոլ Փաշինեանը յեղափոխութիւն էր անում, ասում էր՝ մենք Ռոբին Հուդն ենք. հարուստներին կուլակաթափելու ենք եւ ունեցւածքը բաժանելու ենք կեղեքւածներին։
Ու երբ հիմա ինքը գնում է մարզեր, հանդիպում է իր ընտրազանգւածի հետ, իրեն հարցնում են՝ մեր փողն ո՞ւր է, էն թալանչիներն ինչո՞ւ նստած չեն… Այսինքն՝ իրենք իրենց գցւած, խաբւած են համարում։
Եւ ինքն ուզում է հիմա երկու նապաստակ խփել. մի կողմից ուզում է աշխատել այլ ընտրազանգւածներ ներքաշել իր կողմ, այդ թւում նաեւ՝ յոգնած, տառապեալ յեղափոխականի իմիջը փոխելով։
Միւս կողմից՝ փորձում է չկորցնել արդէն ունեցած ընտրազանգւածը եւ կառավարութեան նիստում յայտարարում է, թէ՝ բոլորին թւում է՝ ես եմ հրահանգ տալիս, որ չկուլակաթափեն, մինչդեռ դատաիրաւական համակարգն է սաբոտաժ անում։ Այսինքն՝ իր «զոմբիների» համար նա մեղաւոր է նշանակում դատաիրաւական համակարգին»,- պարզաբանել է քաղտեխնոլոգը։
Զրոյցը՝ ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆԵԱՆԻ