Մետաքսէ Յակոբեան. «Ալիեւը շտապում է. Փաշինեանի պահւածքը յուշում է սպասւող նոր աղէտի մասին»
Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանն այն կարծիքին է, որ դեռ 44-օրեայ պատերազմից յետոյ էր պարզ, որ պատերազմն աւարտւած չէ, եւ Հայաստանի իշխանութիւնների կողմից շարունակւելու է պարտութեան փուլը:
«Պատերազմը թեւակոխել է մէկ այլ փուլ: Ադրբեջանի պահանջները շարունակւեցին եւ Ադրբեջանի ամէն փոքր պահանջը կատարելուց յետոյ աւելի մեծ պահանջներ դրւեցին: Այդպես էլ պէտք է լինէր, Ադրբեջանը բաւականին երկար էր սպասել նման հնարաւորութեան, եւ, բնականաբար, բաց չէր թողնելու դա»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է նա:
«Այն ամէնը, ինչ կապւած է Արցախ բառի հետ, որը որեւէ կերպ այս իշխանութիւններն այլեւս չեն արտաբերում, բնականաբար, չի կարող որպէս պահանջ ձեւակերպւել, նոյնիսկ, եթէ դա հումանիտար խնդիր է: Արցախի հարցը փակելը նրանց պայմանաւորւածութեան առաջին փուլի աւարտն է: Այսօր Արցախն օկուպացւած է թշնամու կողմից՝ առանց հայերի»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով Ալիեւի պնդմանը, թէ Արցախում հայեր կան, եւ այդ հիմքով էլ ադրբեջանցիները պէտք է վերադառնան Հայաստան, նա նշել է, որ իր տեղեկութիւններով՝ Արցախում գտնւող հայերը նոյնիսկ մէկ տասնեակ չեն.
«Իրենք ընտրել էին այն ճանապարհը, որի մասին խօսել էր 150 հազար հայերի համար Հայաստանի ներկայիս վարչապետը՝ ասելով, թէ պէտք է լինի համակեցութիւն: Փաստօրէն, 150 հազար հայերից ընդամէնը մի քանի հոգի ընդունեցին այդ առաջարկը: Դա Արցախի ժողովրդի ընտրութիւնը չէ, Արցախի ժողովուրդը ցաւալի որոշում կայացրեց, որովհետեւ կա՛մ մեր ու մանուկ կոտորւում էին եւ տեղի էր ունենում իրական ցեղասպանութիւն՝ մինչեւ վերջ, կա՛մ փրկւում էին, որպէսզի հետագայում կարողանային պայքարել Արցախի համար, ինչն էլ տեղի ունեցաւ:
Ի՞նչ կապ ունի Արցախի հարցը, Արցախում բնակւող ժողովուրդը 1988 թւականին այստեղից գնացած ադրբեջանցիների հետ: Դա որեւէ կապ չունի: Ադրբեջանցիները բռնի տեղահանւածներ չեն կարող համարւել, որովհետեւ այդ ժամանակ Բաքւում, Սումգայիթում հայերը կոտորւել, մորթւել, վտարւել են, իսկ Հայաստանից հանգիստ նրանց ժամանակ է տրւել, որեւէ մէկը նրանց չի վտարել, ուղղակի ստեղծւած իրավիճակում գտել են, որ անհնար է ապրել այստեղ: Ադրբեջանում նոյնիսկ հայերին որոշում կայացնելու հնարաւորութիւն չի տրւել: Մարդիկ կան, փաստերը կան, ՀՀ իշխանութիւնները չեն խօսում այդ մասին, որովհետեւ դեռեւս 2018-ին այս իշխանութիւնները խօսում էին Ադրբեջանի հետ համակեցութեան մասին: Հիմա ինչպէ՞ս պէտք է հակառակւեն, եթէ այդ ծրագրի մի մասնիկն են: Գոնէ Արցախի նախադէպը կայ՝ պատկերացնելու համար, որ ադրբեջանցու հետ անգամ փշալարից այն կողմ չես կարող ապրել, որովհետեւ ինքը պարզապէս կրակում է խաղաղ բնակչի վրայ»:
Հարցին՝ ինչո՞ւ է Ալիեւն այդքան անհանգիստ ԵԱՀԿ ՄԽ գոյութեամբ, ինչո՞ւ է փորձում ամէն կերպ հասնել դրա լուծարմանը, Յակոբեանը պատասխանել է. «Ժամանակի խնդիր կայ: Տեսնում էք՝ ինչ է կատարւում աշխարհում, քաղաքագէտները քննարկում են ԱՄՆ-ում սպասւող ընտրութիւնները, որը կարող է աշխարհաքաղաքական կուրսը ամբողջովին փոխել, եւ այս իրավիճակում բնական է, որ բոլորը շտապում են՝ իրենց շահը ժամ առաջ գրանցել:
Դա տեղի չի ունենում Հայաստանում. Հայաստանում արձակուրդ է, ցոփ ու շւայտ կեանք է, բայց Ադրբեջանը հաստատուն քայլերով գնում է իր ձեռք բերածն ամրագրելու, փաստաթղթային ձեւով վաւերացնելու: Հասկանալի է, որ ՄԽ ձեւաչափն աւելի խորն է, միակ ձեւաչափն է եղել, որտեղ Արեւմուտքն ու Ռուսաստանը կոնսենսուսային որոշում են կայացրել, միասին նստել են քննարկման: Այդ ձեւաչափը կարող է ցանկացած պահի վերականգնւել, բանակցային գործընթացը շարունակւել: Դա կարող է տեղի ունենալ ոչ այս իշխանութիւնների գոյութեան պարագայում: Ադրբեջանն ու ամբողջ աշխարհը տեսնում են՝ ինչ խմորումներ են տեղի ունենում Հայաստանում: Ինչքան էլ այս իշխանութիւնները փորձեն ցոյց տալ, որ որեւէ բան տեղի չի ունենում, եւ իրենք վայելում են ամառային հանգիստը, միեւնոյն է՝ իրենց իշխանութիւնը սասանւած է:
Սասանւած է՝ պայմանաւորւած «Սրբազան պայքարով», յունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձութիւններով, երբ ակնյայտ այս իշխանութիւնը կրակեց սեփական ժողովրդի վրայ: «Սրբազան պայքարի» այս երկրորդ փուլը միգուցէ բուռն չէ, հանրութեան համար աւելի տեսանելի չէ, այն բաւականին լուրջ պրոցեսում է, եւ կարող է բաւականին մեծ յաջողութիւն գրանցել՝ այս իշխանութիւնների հեռացմամբ: Հետեւաբար, այստեղ բնական է Ադրբեջանի շտապողականութիւնը»:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանութիւնների պահւածքից կարելի է գուշակել, թէ ինչ է սպասւում. «Արդէն օրինաչափ է դարձել եկող աղէտից առաջ իրենց անհոգ կեանքի ցուցադրութիւնը՝ հեծանիւ քշել, հանգստանալ: Իւրաքանչիւր աղէտից առաջ նման պահւածք կայ այս իշխանութեան կողմից: Միւս կողմից՝ կայ կոստյումներ հագած ադրբեջանական կողմ, որն ամենայն լրջութեամբ պատրաստւում է ինչ-որ գործընթացների, նրանց սատարում են իրենց դաշնակից եւ բարեկամ երկրները, որոնցից այս պահին զրկւած է Հայաստանը»: