Վարուժան Գեղամեան. «Ապրիլեանը յաղթել ենք, ու էլի կը յաղթենք, թշնամին դա գիտի, դրա համար էլ յամառ պայքարում է մեր դէմ»
Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը Թելեգրամի իր էջում գրել է. «2017 թ. մարտին մենք՝ տեղեկատւական դաշտի մի քանի հայ ներկայացուցիչներով արտասահմանցի բլոգերների հետ Թալիշում էինք։ Այդ այցից շուրջ մէկ տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 2-ին թշնամական Ադրբեջանը լայնամասշտաբ յարձակում էր սկսել՝ փորձելով պատերազմով գրաւել Արցախը, սակայն լիարժէք տապալւել էր։ «Ապրիլեան պատերազմ» անունը ստացած քառօրեայ կռիւներում պետութիւնը՝ բանակն ու թիկունքը ներառեալ, գործեց ինչպէս յարկն է, վտանգը չէզոքացւեց, իսկ մեր բանակցային դիրքերն էլ աւելի ամրապնդւեցին։ Սակայն այդ մասին հայ հասարակութիւնը չիմացաւ, որովհետեւ մեր երկրի ներսում գործող օտարերկրեայ գործակալները քարոզում էին, որ պարտւել ենք, որ «տղերքը բահով էին կռւում», որ «դէ սաղ նախապէս պայմանաւորւած էր», իսկ ոմանք էլ «հող յանձնելու դէմ պայքարի» անւան տակ սկսեցին քայքայել պետութիւնը՝ անունը դնելով քաղաքականութիւն։ Իսկ ժողովուրդը հաւատաց դրան, թէեւ հէնց ինքն էր նոր կերտել այդ յաղթանակը։ Շատերս, ինչպէս որ ես, այն ժամանակ կարծում էինք, որ մեր խնդիրն է առաջին հերթին միջազգային լսարանին ճիշտը քարոզել Արցախի մասին։ Ու հէնց այդ նպատակով էլ այցելել էինք Թալիշի յաղթական դիրքեր։ Սակայն իրականում երկրի ներսում՝ հայ հասարակութեանը մենք բաւականաչափ չէինք բացատրում տեղի ունեցողն ու դրա կարեւորութիւնը։ Այդ թերութեան ազդեցութիւնը երեւաց հետագայ տարիներին ու երեւում է նաեւ հիմա։ Արցախում՝ ցեխոտ, խոնաւ դիրքերով անցնելուց ու զինւոր տղերքի հետ ճաշարանում հաց ուտելուց յետոյ ես վստահ էի, որ բանակին կոտրել չի լինի։ Չնայած էդ պայմաններին՝ տղերքի դէմքին կար մենակ յաղթանակի զգացում, որովհետեւ մի տարի առաջ իրենք նորից յաղթել էին։ Էդ օրւանից նաեւ յստակ մի բան հասկացայ. ով խօսում է բանակի դէմ, ըստ էութեան՝ պետութեան թշնամի է, կապ չունի, թէ ինչպէս է այդ ամէնը ներկայացնում։ Նոյնն է նաեւ այսօր։ Ապրիլեանը յաղթել ենք, ու էլի կը յաղթենք։ Թշնամին դա գիտի, դրա համար էլ յամառ պայքարում է մեր դէմ»։