Հայաստան - Արցախ

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԲԱՍՏԻՈՆ»՝ ԵՐԵՒԱՆ

Բագրատ Սրբազան. «Սա համարում են մեր ժողովրդի առաջին յաղթանակը»

ԵՐԷԿ ԻՇԽԱՆԱՈՒԹԵԱՆ ՍԱՐՍԱՓԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

ՏԵՂԱՇԱՐԺՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԷԻՆ ՀԱԶԱՐԱՒՈՐ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ

«ԱԼԻՔ» –  Երէկ՝ մայիսի 15-ին «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի յարակից տարածքներից չորս ուղութիւններով երթ էին կազմակերպել դէպի Ազատութեան հրապարակ:

Նշենք, որ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու էր միջոցառում, որին մասնակցելու էր Նիկոլ Փաշինեանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով Ազատութեան հրապարակում տեղի էր ունենալու բողոքի ակցիա։

Երթի մասնակիցների նպատակն էր ցոյց տալ ամբողջ աշխարհին, տարբեր երկրներից Հայաստան ժամանած հիւրերին, որ ՀՀ վարչապետը տարածքներ յանձնելու համար երկրում լեգիտիմութիւն չունի, իսկ քաղաքում տեղաշարժւելու համար ստիպւած է կուտակել ոստիկանական զօրքեր:

Հիւսիսային պողոտայում հաւաքւած քաղաքացիները ֆորումի մասնակիցներին սուլոցներով եւ «Նիկոլ հողատու», «Նիկոլ դաւաճան» վանկարկումներով դիմաւորեցին: Ոստիկանները շարք էին կազմել, որպէսզի քաղաքացիները չխանգարեն ֆորումի մասնակիցներին տեղափոխող աւտոբուսների երթեւեկութեանը:

Մի շարք ոստիկաններ՝ յատուկ հանդերձանքով եւ արցունքաբեր գազը ձեռքներին հսկում էին Հիւսիսային պողոտայից դէպի Օպերա տանող անցումը:

Նոյն իրավիճակն էր նաեւ Օպերայի շէնքին յարող այլ փողոցներում։

Թումանեան փողոցի մօտ քաղաքացիները նաեւ «վուվուզելներով» անդադար սուլում էին՝ ի նշան բողոքի, երբ այդ մասով անցնում էին EBRD-ի ներկայացուցիչները։

Մաշտոցի պողոտայի հատւածում հաւաքւած քաղաքացիներն էլ վանկարկում էին՝ «Նիկոլ դաւաճան», «Ամոթ», երբ եւրոպացի պատւիրակութիւնները փորձում էին աւտոբուսներով անցնել։

«Մենք երէկ երեկոյեան ասել ենք, որ հաւաքւելու ենք ու մեր անհամաձայնութիւնը յայտնենք այդ մարդուն, իր գործունէութեանը, արդէն գիշերւանից ինձ տեղեկութիւններ են հասնում, որ մի քանի հազար ոստիկան բերել, կարգել են այստեղ, որպէսզի այդ մէկ մարդու անվտանգութիւնն ապահովեն։ Ինչո՞ւ են արել, չգիտեմ։ Սա նշանակում է վախ, սա նշանակում է սեփական ժողովրդից օտարւած լինել»,- Ազատութեան հրապարակում դիմելով ժողովրդին ասաց Բագրատ Սրբազանը։

«Մեր այս քայլով տեսնում էք, թէ ինչ է կատարւում պետական շրջանակում, սարսափած, գունատւած, չգիտեմ՝ ներսում ինչ են խօսելու։ Այս պահի դրութեամբ ես սա համարում եմ մեր ժողորդի առաջին յաղթանակը, որը ցոյց է տալիս, որ դուք ուժ ու գործօն էք։ Այսօր նաեւ շատ առանցքային օր է, որի մասին յետոյ կասեմ, սպասում ենք տեղեկութիւնների: Իւրաքանչիւրդ կարող էք ազդել բոլոր այն գործընթացների վրայ, որոնք մեզ տանելու են դէպի ճշմարտութեան յաղթանակ»,- նշեց Սրբազանը։

Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրոյցում անդրադարձաւ Բաքւի բանտում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանն ապօրինաբար պահելու փաստին՝ նշելով, որ դա հայ ժողովրդի անարգանքն է։

«Ի՞նչ է նշանակում՝ հայ մարդիկ այսօր Բաքւի բանտերում են։ Ամէն մէկս ենք այնտեղ։ Այնտեղ գտնւողները մենք՝ բոլորս ենք, մեր հաւաքական ներկայութիւնն է Բաքւի բանտում, այդ անարգանքը, այդ անպատւութիւնը բոլորիս վրայ է»,- ասաց նա։

Բագրատ Սրբազանը ՀՀ իշխանութիւնների անգործութիւնը Յուդայի վարք համարեց՝ նշելով, որ ոչինչ չի արւում՝ Բաքւի բանտից մեր հայրենակիցներին դուրս բերելու համար։

Օպերայի թատրոնի դահլիճում ընթացող միջազգային միջոցառման աւարտից յետոյ, Նիկոլ Փաշինեանի աւտոշարասիւնը հեռացաւ քաղաքացիների՝ «Ամօթ, ամօթ» վանկարկումների ներքոյ։

Բագրատ Սրբազանը, դիմելով ժողովրդին, ասաց. «Հայաստանի Հանրապետութիւնը, դժբախտաբար, կառավարութիւն եւ ղեկավար չունի։ Այսպէս՝ ոստիկանական պատով սեփական ժողովրդից պաշտպանւելը հէնց դրա մասին է, այն մասին է, որ այս ամբողջ շարժումն իր կարեւորագոյն ազդեցութիւնն ունի բոլոր գործընթացների վրայ՝ դրանք լինեն երկրի ներսում, թէ դրսում»։

Սրբազանը շեշտեց, որ միտքը, որն իշխանութիւններն արհեստականօրէն ներշնչել են հասարակութեանը, թէ իրենք անզօր են, չեն կարող որեւէ բան փոխել, սին է, եւ դա հէնց հասարակութիւնն ապացուցեց։

Նշենք, որ անգամ Փաշինեանի շարասեան Օպերայի շէնքից հեռանալուց յետոյ էլ, ոստիկանական ուժերը շարունակում էին շրջափակաւծ պահել Օպերայի յարակից տարածքը՝ թյոլ չտալով, որ հազմահազարանոց երթը շարժւի դէպի Սուրբ Աննա եկեղեցի: Ոստիկանների գործողութիւններն անձամբ համակարգող ոստիկանապետ Արամ Յովհաննիսեանը յայտարարեց, որ  փողոցը փակ է լինելու մինչեւ 22:00-ն:

«Խաբեբայութիւն մի՛ արէք, մի՛ խաբէք, փաստաթուղթ բերէք, դուք օրինապահ չէք ընդհանրապէս, ոչ մի օրինապահութիւն չունէք դուք։ Խաբեբանե՛ր, ստախօսնե՛ր։ Չեմ վիրաւորում, իրականութիւնն եմ ասում, դառը իրականութիւնը։ Ես ձեզ լաւ ճանաչում եմ, թէ ինչ էք արել, ինչ էք անում ու անելու, եղա՞ւ։ Չէ՛ք կարող։ Ձեր ստախօս տէրերի հետ միասին նոյն վարքն էք ընդունել, ստի պաշտպաններ էք դուք, դուք մարդկանց, քաղաքացիների հետ ոչ մի կապ չունէք։ Մոլորեցնող, խաբեբայ, հարբեցողների տակ ծառայութեան մէջ էք մտել դուք։ Ձեռքով մի՛ խօսէք։ Էսքան զօրք ունէք, գնացէք սահմանները պահէք, գնացէք էն տղերքի արեանը տակ մտէք, այդ էք դուք»,- դիմելով ոստիկանապետին ասաց Բագրատ Սրբազանը:

Ի վերջոյ, ոստիկանները տեղի տւեցին, բացեցին փողոցը եւ երթը «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստւած» վանկարկումներով ուղեւորւեց դէպի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ Բագրատ Սրբազանը ամփոփեց օրը եւ ներկայացրեց Շարժման հետագայ անելիքները։

«Այսօր հանդիպումներ են եղել տարբեր կուսակցութիւնների, «Հայաքւէ» նախաձեռնութեան, գործիչների, ինչպէս նաեւ եզդիական ու ասորական համայնքների ներկայացուցիչների հետ։ Վաղը նորից հանդիպումներ կը լինեն»,- ասաց նա։

«Մեր նպատակն է, որ քաղաքական ողջ ներկապնակի հետ հանդիպենք՝ տարբեր ձեւաչափերով։ Առաջիկայ մի քանի օրերի ընթացքում էլ բոլորը միասին պէտք է հանդիպեն, եւ այն նախանշած ծրագիրն ու ուղեգիծը, որը կայ, ցանկանում ենք, որ այս շաբաթւայ մէջ աւարտենք, որպէսզի յետոյ տեղեկացնենք ձեզ՝ կոնկրետ ինչ գործողութիւններ են տեղի ունենալու»։

101 գիտնականներ, պրոֆեսորներ, դասախօսներ, մշակոյթի ներկայացուցիչներ, պատմական գիտութիւնների թեկնածուներ, տնտեսագիտութեան, թուրքագիտական դաշտի կարկառուն ներկայացուցչներ պահանջել են այսօր այդ մարդու հրաժարականը. տեղեկացրեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, որ վաղը պատրաստւում է հանդիպել նրանց. «Վաղը հանդիպենք ու իրենց մեր զօրակցութիւնը յայտնենք»։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Սրբազանն ասաց, որ տեղի ունեցողը, պետական առանձնապէս ծանր յանցագործութիւն է, որի վերաբերեալ հաղորդում է ներկայացւել Գլխաւոր դատախազութիւն եւ յաւելեց, որ շարժման արդիւնքում այդ գործընթացը սառեցւել է։

«Յստակ է, որ շարունակւող այս յանցագործութիւնը կարող է կասեցւել միայն ու միայն այս պայքարով․ ուրիշ ձեւ ու հնարաւորութիւն մենք չունենք։ Մենք պէտք է ոչ միայն վերջնականապէս հասնենք գործընթացի, որը ես համարում եմ ծրագիր, դադարեցմանն ու կասեցմանը, այլեւ՝ բուն պատճառի վերացմանը, հեռացմանը։ Մենք խաղ անելու ժամանակ չունենք, ժողովուրդ»,- ասաց նա։

Անդրադառնալով խաղաղութեան պայմանագրին՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Խաղաղութեան պայմանագրի արձանագրումն է փաստելու մնացած գործողութիւնները յարաբերութեան իմաստով։ Առանց խաղաղութեան պայմանագրի ինչպէ՞ս կարելի է յարաբերութիւն ստեղծել։ Խաղաղութեան պայմանագրում պէտք է նշւած լինի Արցախի վերադարձը, Բաքւում պահւող գերիների վերադարձը: Այդ խաղաղութեան պայմանագիրն էլ պիտի լինի մեր շահերով»։

Հաւաքի աւարտին Բագրատ Սրբազանը յայտարարեց. «Վաղը դարձեալ, որքան հնարաւոր է կազմակերպում ենք դասադուլներ, ակցիաներ»:

Related Articles

Back to top button