Մահազդ
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը գուժում է ազատամարտիկ, ազգային-յեղափոխական երգերի կատարող, գաղափարի ընկեր Մկրտիչ Մկրտչեանի (Մակիչ) անժամանակ մահը եւ ցաւակցում նրա ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին:
Մկրտիչ Մկրտչեանը ծնւել է 1962 թ. ապրիլի 24-ին Թալինի շրջանի Ներքին Սասնաշէն գիւղում:
1988 թ. ընդունւել է Երեւանի պետական կոնսերւատորիա:
1990 թ. Մկրտիչ Մկրտչեանը միանում է Թաթուլ Կրպէյեանի գլխաւորած Գետաշէնի ինքնապաշտպանական ջոկատին, Գետաշէնի անկումից յետոյ տեղափոխւում Շահումեանի շրջան եւ ընդգրկւում Վերիշէնի ջոկատում, իսկ Շահումեանի անկումից յետոյ տեղափոխւում Մարտակերտ:
Հետագայում Մկրտիչ Մկրտչեանն ընդգրւում է Շուշիի առանձին գումարտակի կազմում՝ մարտական գործողութիւնների մասնակցելով Մարտակերտի, Կովսականի (Զանգելան), Ֆիզուլու, Քարվաճառի շրջաններում: 1993 թ. մարտի 7-ին Մանիքլու գիւղի մատոյցներում վիրաւորւել է:
Մկրտիչ Մկրտչեանը մասնակցել է նաեւ 2016 թ. քառօրեայ եւ 2020 թ. 44-օրեայ պատերազմներին: 2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսում ծանր վիրաւորւել է:
Մկրտիչ Մկրտչեանը ՀՀ վաստակաւոր արտիստ էր, պարգեւատրւել է ԼՂՀ «Արիութիւն» եւ ՀՀ «Մարտական ծառայութեան համար» մեդալներով: Նրա կատարումները մարտակոչ են հանդիսացել Արցախեան գոյապայքարի ողջ ընթացքում:
Տեղեկացնում ենք, որ Մկրտիչ Մկրտչեանի հոգեհանգիստը տեղի կունենայ նոյեմբերի 5-ին, ժամը 18:00-ից Կոնդի Ս. Յովհաննէս եկեղեցում, յուղարկաւորութիւնը՝ նոյեմբերի 6-ին, ժամը 14։00-ին «Եռաբլուր» պանթէոնում:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
04.11.2023 թ.