Աննա Գրիգորեան. «Կան բոլոր հիմքերը մտահոգւելու նոր տարածքային զիջումների վտանգով»

Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստում «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Աննա Գրիգորեանը շնորհակալութիւն յայտնեց «Հայաստան» դաշինքին վստահութիւն տւած շուրջ 150 հազար ընտրողներին՝ ընդգծելով, որ ընդդիմութիւնը խորհրդարանը կը գործածի ազգային անվտանգութեան, Բաքւում պահւող հայ գերիների, Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի, քաղբանտարկեալների եւ հանրային կարեւոր հարցերի բարձրաձայնման համար։
Անդրադառնալով Տիգրանաշէնի հնարաւոր յանձնման թեմային՝ նա նշեց, որ իշխանութեան կողմից յստակ հերքում չհնչեցնելու պայմաններում «բոլոր հիմքերը կան կարծելու, որ հնարաւոր են հերթական տարածքային զիջումները»։
Գրիգորեանը նաեւ յայտարարեց, որ գործող իշխանութիւնը այլեւս չունի այն լեգիտիմութիւնը, որն ունեցել էր 2018 եւ 2021 թւականներին՝ պնդելով, թէ 2026 թւականի ընտրութիւններն անցել են պատերազմով վախեցնելու, վարչական լծակների կիրառման եւ զանգւածային ընտրախախտումների պայմաններում։ Նա նաեւ քննադատեց այն հանգամանքը, որ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը, շուրջ 60 հազար ձայն ստանալով, խորհրդարանում ներկայացւած չէ։
Խմբակցութեան ղեկավարը խիստ քննադատեց նաեւ Ռուբէն Ռուբինեանի գործունէութիւնը՝ թէ՛ որպէս ԱԺ փոխնախագահ, թէ՛ որպէս Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում Հայաստանի յատուկ ներկայացուցիչ՝ նշելով, որ այդ ուղղութեամբ որեւէ շօշափելի արդիւնք չի գրանցւել։ Նրա խօսքով՝ հայ զինւորները զոհւել են հայրենիքի, Արցախի, ազգային արժէքների եւ խորհրդանիշների պահպանման համար, այլ ոչ թէ այն քաղաքականութեան, որը ներկայ իշխանութիւնը վարում է այսօր։



