ԻրանՔաղաքական

Արաղչի. «Ուրանի զրոյական հարստացման վրայ պնդելով՝ համաձայնութիւն չի լինելու»

«ԱԼԻՔ» – «Մենք բանակցութիւններ ենք վարում՝ նրանց համոզելու համար, որ ուրանի զրոյական հարստացումը հնարաւոր չէ։ Քանի դեռ նրանք պնդում են «զրոյական հարստացման» վրայ, համաձայնութիւն չի լինելու»: այս մասին անգլիական Financial Times-ին տւած հարցազրոյցում յայտարարել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին:

Պատասխանելով՝ «Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ եթէ Իրանը վերսկսի հարստացումը, մենք անմիջապէս կրկին կոչնչացնենք այն։ Ո՞րն է Ձեր պատասխանը» հարցին, Արաղչին ասել է.

«Կարծում եմ՝ պատասխանել եմ հարցին: Դուք հաստատ ծանօթ էք իմ թւիթին, մեր պատասխանը յստակ է. մեր միջուկային ծրագրի համար ռազմական լուծում գոյութիւն չունի: Եթէ նրանք մտահոգութիւններ ունեն, մենք կարող ենք դրանք լուծել բանակցութիւնների միջոցով: Այնպէս, ինչպէս դա արեցինք 2015 թւականի բանակցութիւններին, եւ համաձայնութեան հասանք այս նոյն մտահոգութիւնների շուրջ ու բոլորը գոհ էին: Եւրոպացիներն այդ համաձայնագիրը համարեցին եւրոպական դիւանագիտութեան նւաճում: Միացեալ նահանգները նոյնպէս գոհ էր, եւ յայտարարեց, որ բոլոր մտահոգութիւնները լուծւել են:

Մեր միջուկային օբիեկտների դէմ ռազմական ագրեսիան, եւ միջազգային իրաւունքի կոպիտ խախտումը ապացուցեցին, որ ռազմական լուծում գոյություն չունի»:

Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ Իրանը պահանջում է փոխյատուցում՝ 12-օրեայ պատերազմի ժամանակ կրած վնասների համար, եւ ԱՄՆ-ը պարտաւոր է դա կատարել:

«Միացեալ Նահանգները պէտք է բացատրի, թէ ինչո՞ւ մեր վրայ յարձակւեց բանակցութիւնների ընթացքում, եւ պէտք է երաշխաւորի, որ նման բան այլեւս չի կրկնւի ապագայում»,- ասել է նա:

Արաղչին նշել է նաեւ, որ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ ԱՄՆ նախագահի յատուկ բանագնաց Սթիւ Ուիթքոֆի հետ փոխանակւել են պատգամներով, որի ընթացքում ինքը յստակեցրել է, որ Իրանի միջուկային թնջուկի համար անհրաժեշտ է գտնել «յաղթանակ-յաղթանակ» լուծում, եւ որ դա չափազանց բարդ, բայց ոչ անհնար է լինելու:

«Թեհրանը դեռեւս ունի ուրանը հարաստացնելու հնարաւորութիւն: Շէնք-շինութիւնները հնարաւոր է վերակառուցել, տեխնիկան հնարաւոր է փոխարինել, քանի որ տեխնոլոգիան գոյութիւն ունի: Մենք ունենք մեծ թւով գիտնականներ եւ մասնագէտներ, որոնք նախկինում աշխատել են մեր օբիեկտներում: Սակայն հարստացման վերսկսման ժամկէտները եւ եղանակը կախւած են հանգամանքներից»,- յայտարարել է նա:

«Քանի դեռ Թրամփը պահանջում է հարստացման լիակատար դադարեցում, ոչ մի գործարք հնարաւոր չի լինելու, բայց Վաշինգտոնը կարող է իր մտահոգութիւնները յայտնել բանակցութիւնների միջոցով: Մենք կարող ենք բանակցել, նրանք կարող են ներկայացնել իրենց փաստարկները, եւ մենք կը ներկայացնենք մեր փաստարկները։ Բայց զրոյական հարստացման պահանջի վրայ պնդելով ոչինչ չի ստացւի»,- յստակեցրել է Արաղչին:

Related Articles

Back to top button