ԱՄՆ-ը մտադիր է չեղարկել 10 մլն. դոլարի պարգեւը, որը նշանակել է Սիրիայի նոր թուրքամէտ ղեկավարի համար
«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ը մտադիր է չեղարկել 10 մլն. դոլարի պարգեւը, որը նշանակել է Սիրիայի նոր թուրքամէտ ղեկավարի՝ Աբու Մոհամադ ալ-Ջոլանիի, «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբաւորման առաջնորդի համար, որը գլխաւորել է Ասադի տապալումը, տեղեկացրել է NBC News-ը:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի Մերձաւոր Արեւելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆի, որոշումը կայացւել է այն բանից յետոյ, երբ ուրբաթ օրը ԱՄՆ դիւանագէտները Դամասկոսում հանդիպել են ՀԹՇ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Ջոլանին խոստացել է երաշխաւորել, որ Սիրիայում ահաբեկչական խմբաւորումները սպառնալիք չեն ներկայացնում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար: Ամերիկեան բարձրաստիճան պատւիրակութեան այցը Սիրիայի մայրաքաղաք առաջին նման այցն էր երկրի նախագահ Բաշշար ալ Ասադի տապալումից յետոյ։
Լիֆը, որը գլխաւորում էր պատւիրակութիւնը, ժամանակաւոր կառավարութեան հետ հանդիպումները բնութագրեց որպէս «բաւական լաւ, շատ արդիւնաւէտ» եւ «մանրամասն»՝ ընդգրկելով հարցերի լայն շրջանակ, ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին: Լիֆն ասել է, որ Ջոլանիին «պրագմատիկ» է համարել:
«Մենք արդէն վաղուց լսում ենք դա, շատ պրագմատիկ եւ չափաւոր յայտարարութիւններ՝ կանանց իրաւունքներից մինչեւ բոլոր համայնքների հաւասար իրաւունքների եւ այլնի վերաբերեալ հարցեր»,- ասել է Լիֆը լրագրողներին: Կրկնում եմ՝ մենք գործով ենք դատելու, ոչ թէ խօսքերով։ Գործողութիւնները ամենագլխաւորն են»:
Ամերիկացի դիւանագէտները նաեւ ընդգծել են, որ Բայդէնի վարչակազմը շարունակում է կենտրոնանալ Սիրիայում կայ լանաւորւած կամ անհետ կորած ամերիկացիների, այդ թւում՝ Օսթին Թայսի եւ Մաջդ Քամալմազի ճակատագրի պարզաբանման վրայ։ Պատւիրակութեան կազմում էր նաեւ Ռոջեր Քարսթենսը՝ պատանդների գործերով ԱՄՆ նախագահի յատուկ բանագնացը, որը 2020 թ. մեկնել էր Դամասկոս՝ Թայսի վերաբերեալ գաղտնի բանակցութիւնների համար Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ։ Քարսթենսի խօսքով՝ ներկայում առկայ տեղեկատւութիւնը չի հաստատում, թէ արդեօք 12 տարի առաջ Սիրիայում առեւանգւած ամերիկացի լրագրող Թայսը դեռ ողջ է։
«Կարող եմ ասել հետեւեալը. Միացեալ Նահանգների նախագահը վերջերս ասել է, որ կարծում է, որ Օսթինը ողջ է, եւ մեր պարտքն է շարունակել գտնել հնարաւոր բոլոր տեղեկութիւնները՝ վստահաբար հասկանալու համար, թէ ինչ է պատահել նրա հետ, որտեղ նա է, եւ բերենք նրան տուն»,- հանդիպումից յետոյ լրագրողներին ասել է Քարսթենսը: