ՄիջազգայինՍփիւռք

Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար Դիարբեքրի Փաստաբանական պալատի դէմ հարուցւած դատը հակասում է միջազգային պայմանագրերին

Թուրքիայում գործող Մեդիա եւ իրաւական աշխատանքների միութեան, ինչպէս նաեւ՝ Հոլանդիայում հիմնւած Lawyers for Lawyers (Փաստաբանները յանուն փաստաբանների) հասարակական կազմակերպութեան համատեղ պատրաստած զեկոյցի համաձայն՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար Դիարբեքրի Փաստաբանական պալատի նախագահի եւ եւս 10 դատապաշտպանի դէմ հարուցւած դատական պրոցեսը հակասում է միջազգային իրաւական պայմանագրերին ու որոշումներին։

Այդ մասին, Akunq.net-ի համաձայն, հաղորդւում է Մեդիա եւ իրաւական աշխատանքների միութեան պաշտօնական կայքէջում` https://www.mlsaturkey.com/tr։

Ըստ աղբիւրի՝ Հայոց Ցեղասպանութեան տարելիցին յայտարարութիւններով հանդէս եկած Դիարբեքրի Փաստաբանական պալատի նախագահի եւ անդամների դէմ հետաքննութիւններ էին մեկնարկել, եւ Թուրքիայի Արդարադատութեան նախարարութեան թոյլտւութեամբ դրանք վերածւել էին դատական պրոցեսների։

Դիարբեքրի Փաստաբանական պալատի դէմ 7 առանձին դատական գործ է հարուցւել` 2017-2023 թթ․ ընթացքում ամէն ապրիլի 24-ին կատարւած յայտարարութիւնների համար։ Թուրքիայի Արդարադատութեան նախարարութիւնը դատական պրոցեսի մեկնարկը թոյլ տալու համար հիմք է ընդունել Թուրքիայի Քրէական օրէնսգրքի տխրահռչակ 301-րդ յօդւածը։

Դատական պրոցեսի 4-րդ նիստը պէտք է տեղի ունենայ այս ուրբաթ՝ դեկտեմբերի 22-ին, Դիարբեքրի 9-րդ ծանր յանցագործութիւնների դատարանում։ Հոլանդիայում գործող Lawyers for Lawyers (Փաստաբանները յանուն փաստաբանների) հասարակական կազմակերպութիւնը Թուրքիայում գործող Մեդիա եւ իրաւական աշխատանքների միութեան հետ համատեղ մասնագիտական տեսակէտ է մշակել, որը ներկայացւեց դեկտեմբերի 22-ի նիստին։

Այդ տեսակէտի համաձայն՝ դատական պրոցեսների համար հիմք ծառայած օրէնքի դրոյթը հակասում է Թուրքիայի՝ մարդու իրաւունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտաւորութիւններին։ Տեսակէտում արձանագրւում է, որ տւեալ դատական գործերը մասնաւորապէս հակասում են ՄԱԿ-ի Անձնական եւ քաղաքական իրաւունքների միջազգային պայմանագրին, ինչպէս նաեւ՝ Եւրոպայի Մարդու իրաւունքների պայմանագրում ամրագրւած խօսքի ազատութեանը եւ ՄԱԿ-ի փաստաբանների ու դատաւորների անկախութեան վերաբերեալ որոշմանը։

Ի վերջոյ, տեսակէտի հեղինակները՝ Lawyers for Lawyers (Փաստաբանները յանուն փաստաբանների) հասարակական կազմակերպութիւնն ու Մեդիա եւ իրաւական աշխատանքների միութիւնը, կոչ են անում Դիարբեքրի 9-րդ ծանր յանցագործութիւնների դատարանին մերժել այդ դատական գործերը։

https://www.mlsaturkey.com/tr/diyarbakir-barosu-yoenetimine-acilan-soykirim-davasi-soezlesmelere-aykiri

Թարգմանեց Մելինէ Անումեանը

Akunq.net

Related Articles

Back to top button