Հայաստան - Արցախ

Լեսմոնիա Օհանջանեան. «Նոյնիսկ 7-րդ զգայարանով էլ չէինք զգում, որ կարող ենք Արցախը թողնել, դա երեւի մէկ օրւայ, ժամերի մէջ եղաւ»

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետութեան դէմ, եւ նրա թիրախում յայտնւեցին խաղաղ բնակիչները, որոնք ցեղասպանութեան ու էթնիկ զտման վտանգի ներքոյ բռնի տեղահանւեցին իրենց բնօրրանից։

68-ամեայ Լեսմոնիա Օհանջանեանի համար գաղթի ճանապարհը՝ Ստեփանակերտից Գորիս, տեւել է մօտ 40 ժամ. Նա դա համարում է դժոխքի ճանապարհն անցնելու 40 ժամեր։ Մեքենաների շարասիւնը՝ յղի կանանցով, ծերերով ու երեխաներով, մինչ օրս նրա աչքի առաջ է։

Տիկին Լեսմոնիան Ստեփանակերտի շուկայում տարիներ ի վեր ժենգիալով հաց է պատրաստել ու վաճառել։ Ասում է՝ կեանքի 68 տարիներից 32-ը ժենգիալով հաց պատրաստելիս է անցել։

Արցախից բռնի տեղահանւելուց յետոյ Լեսմոնիա Օհանջանեանը նախ բնակարան է վարձակալել Երեւանում, սկզբում ժենգիալով հաց տանն է պատրաստել ու վաճառել, քանի որ ընտանիքին պէտք էր կերակրել, բնակարանի վարձը տալ, այնուհետեւ Արաբկիր վարչական շրջանում փոքր տարածք է վարձակալել ու այսօր արդէն այնտեղ է պատրաստում ժենգիալով հաց։ Նա փառք է տալիս Աստծուն, որ իր պատրաստած փախլաւան, ժենգիալով հացը վաճառւում է, աւելին՝ պատւէրներ էլ է ընդունում։

«Իմ պատրաստած ժենգիալով հաց տանողներն ասում են՝ Ղարաբաղի հոտ է գալիս, այսինքն՝ նման է Ղարաբաղում պատրաստած ժենգիալով հացին։ Ամէն մարդ իր մեթոդն ունի, իր ձեռքի գործը, ամէն մարդու ձեռքի սարքածը տարբեր է լինում։ Մարդիկ հաւանում են»,- 168.am-ի հետ զրոյցում պատմեց տիկին Լեսմոնիան։

Նրա խօսքով՝ Արցախում ժենգիալ պատրաստելիս օգտագործում էին նաեւ «պառաւի պորտ» կոչւող կանաչու տեսակը, որն այժմ չկայ։ Չկայ նաեւ եղինջ, որեւէ տեղից չեն կարողանում գտնել։

««Պառաւի պորտը» հիմա Ղարաբաղում արդէն դուրս եկած կը լինի։ Մի քանի կանաչիներ կան, որ այստեղ չենք կարողանում ճարել։ Սրանով էլ ենք շնորհակալ, որ կարողանում ենք սարքել, ու մարդիկ գոհ են, ամենից կարեւորը սա է։ Նախկինում Ստեփանակերտից Երեւան ժենգիալ էի ուղարկում մարդատար գազելներով, շատ յաճախորդներ ունէի այստեղից։ Իմ այս յաճախորդները հիմա այստեղից են գնում։ Նրանք մեր բռնի տեղահանւելուց յետոյ եկան, ինձ տեսան, դէ, ցաւակցեցին, որ այսպէս եղաւ…

Ոչ ոք իր յօժար կամքով չի թողել Արցախը, այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ պէտք է դուրս գայինք, որ կարողանայինք մեր ընտանիքը, կեանքը պահպանել։ Թուրքի հետ ապրել հնարաւոր չէ, մարդիկ ասում են՝ բա ժամանակին թուրքի հետ չէի՞ք ապրում, ապրում էինք, բայց այսօրւայ թուրքն այն ժամանակւայ թուրքի նման չէ, որ կարողանանք հետն ապրել»,- նշեց Լեսմոնիա Օհանջանեանը։

Ժենգիալ պատրաստելու ընթացքում տիկին Լեսմոնիան մտքերով գնում է Արցախ՝ իր բնօրրանը, իսկ իրականութիւն վերադառնալուց յետոյ մտածում է՝ ժենգիալով հացը լաւ պատրաստի, որ յաճախորդները շատանան, որպէսզի կարողանայ իր աշխատանքով ընտանիքը պահել։

«Եթէ մեր անվտանգութիւնն ապահովեն, բայց ոչ այնպէս, ինչպէս 2020 թւականից յետոյ, կը վերադառնանք Արցախ։ Նորմալ անվտանգութիւն ապահովեն՝ վազելով կը գնանք։ Եթէ ինքնավարութիւն տան մեզ, մենք կարողանանք մերն ունենալ, մեր ղեկավարութիւնը, մշակոյթն ունենանք, կը գնանք, ոչ մէկ էլ չի ուզում դրսում մնալ։ Ամէն մարդ էլ ուզում է վերադառնալ իր բնօրրան։

Շատերն են մտածում վերադարձի մասին, որովհետեւ այստեղ ապրելը դժւար է, եթէ տուն, աշխատանք չունենք, դժւար է։ Արցախն ուրիշ էր, աշխարհում չեմ պտտւել, բայց ինձ թւում է՝ մի այլ տեղ երկրորդ Արցախ չեմ գտնի։

Նոյնիսկ 7-րդ զգայարանով էլ չէինք զգում, որ կարող ենք Արցախը թողնել, դա երեւի մէկ օրւայ, ժամերի մէջ եղաւ»,- ընդգծեց Լեսմոնիա Օհանջանեանը։

Related Articles

Back to top button