Թեւան Պօղոսեան. «Մոռացե՞լ էք, որ գնում էիք Արցախ, կենացներ էիք խմում, ձեզ անվտանգ էիք զգում»

«ԱԼԻՔ» – Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Թեւան Պօղոսեանն այն կարծիքին է, որ ՀՀ ԱԳՆ յայտարարութիւնը, թէ՝ Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանութեան եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերեալ հրամանագրի հրապարակումից յետոյ խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից, մեկնաբանելու բան չէ:
«Այս ընթացքում ամէն ինչ շատ լաւ բացատրւել եւ ասւել է, թէ ինչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է որեւէ յայտարարութիւն արւել որեւէ անհասկանալի հրամանագրի մասին, ինչու է յայտարարութիւն արւել դրա չեղարկման մասին, դրանից յետոյ նորից հղում անել դրա վրայ, պարզապէս թշնամու շահերի սպասարկման գաղափարն է: Այստեղ ես աւելի շատ խնդիր ունեմ ոչ թէ նրա հետ, որ այսօրւայ գործողներից են նման յայտարարութիւն անում, այլ բոլոր այն դիւանագէտների, որոնք աշխատում են ԱԳՆ-ում, եւ դա դառնում է իրենց բաժին յայտարարութիւնը: Բոլորը, ովքեր եղել են, մնացել են, համարում են, որ յանուն Հայաստանի պէտք է մնան, միգուցէ եւ չընդունեն անձնական դաշտում, բայց մնան եւ ծառայեն, իրենք թող նման տեքստի համար իրենց արձագանգն ասեն: Այս սուտը որեւէ իրականութեան գաղափար չի փոխում: Բոլորս շատ լաւ իմացել ենք, որ գործողներն ամէն ինչի մասին տեղեակ ենք եղել, էլ չասեմ, որ Էրդողանն է ասել՝ դեռ յուլիսին տեղեկացրել է Հայաստանի գործողներին՝ ինչ է տեղի ունենալու, շատ լաւ այդ տեքստի գաղափարը նախկինում կիսւել է, ասել են՝ ինչ ուզում էք՝ արէք»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:
Թեւան Պօղոսեանի դիտարկմամբ՝ չնայած Արցախի լուծարման վերաբերեալ գործող իշխանութիւնների յայտարարութիւններին՝ նրանք ամէն ինչից էլ քաջատեղեակ են եղել. «Ամէն ինչ շատ լաւ իմացել են, շատ լաւ էլ այդ բեմականացումն արել են՝ Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի իմաստով: Էլ չասած, որ ժամանակին իրենց գործընկեր եղած անձն ասում է՝ էդ ո՞նց է, որ չես ճանաչում Արցախի Հանրապետութիւնը, բայց ճանաչում ես չճանաչւած հանրապետութեան ինչ-որ հրամանագիր: Սա որեւէ տեսակից բացատրելու բան չէ: Երեւի ասում են, որ Ալիեւը մի բան ստորագրի, բայց Ալիեւը որեւէ խաղաղութեան համաձայնագիր չի ստորագրելու»:
Նա նկատեց՝ գործող իշխանութիւնները մոռացե՞լ են, որ գնում էին Արցախ, կենացներ էին խմում, արձակուրդ էին անցկացնում, իրենց անվտանգ էին զգում. «Ամենալաւ լուծումը կը լինէր գիտակցւած, ինքնակամ հեռանալը: ԱԳՆ-ի նոր եւ նախկին դիւանագէտները, որոնք մի քանի տարի առաջ կոնֆերանսներին այլ բան էին ասում, ընդունո՞ւմ են այս մօտեցումները: Բոլոր համակարգերում այս վիճակն է. մարդիկ, ովքեր մի քանի տարի առաջ այլ արժէքային համակարգ ունէին, հիմա ինչ-որ այլ բան են անում: Առաջ ինձ թւում էր՝ նրանք այդ արժէքներն ունեն, ինձանից էլ աւելի, հիմա ոչինչ չեմ կարող ասել: Այս դաշտում միայն իշխանութիւն պահելու խնդիրն է: Գուցէ ամէն ինչ գիտակցում է, բայց մտածում է՝ իշխանութիւն պահելն աւելի առաջնահերթ է: Այլ հարց է՝ իր անձնական դաշտից բացի, ինչ է մնում երկրին՝ այսօրւայ պարտութիւնների շարքը բոլոր տեղերում»:
168.am