Ռուբէն Մելքոնեան. «Հիմա թուրքերի համար ստեղծւել է բարենպաստ իրավիճակ՝ առաջ տանելու իրենց նախապայմանները»
Հայաստանի ատոմակայանի հետ կապւած Թուրքիան դեռ 90-ականներից ունեցել է որոշակի ընդգծւած մօտեցում։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։
«Հայաստանի ատոմակայանի հետ կապւած Թուրքիան դեռ 90-ականներից ունեցել է որոշակի ընդգծւած մօտեցում, զգայուն է վերաբերւել այդ խնդրին։ Դա թուրքական պետական քաղաքականութիւն է, որն այսօր էլ շարունակւում է։ Խնդիրն ունի երկու-երեք ենթատեքստ։ Առաջինը, որ ատոմակայանի գոյութիւնը Հայաստանը դարձնում է այն երկրներից մէկը, որտեղ կայ դէ ֆակտօ միջուկային պետութիւն դառնալու հնարաւորութիւն, կամ գոնէ ինչ-որ զէնքեր ստեղծելու հնարաւորութիւն, որտեղ կարող է լինել միջուկային բաղադրիչ, եւ դա կարող է Թուրքիայի համար ունենալ սպառնալիքի նշանակութիւն։
Երկրորդը Հայաստանի էներգետիկ անկախութիւնն է, եւ երրորդը՝ անվտանգային խնդիրը, քանի որ Հայաստանի նկատմամբ տոտալ յարձակումները միշտ ենթադրում են, որ այս երկրում կայ ատոմակայան, որը բաւական մօտ է նաեւ Թուրքիային։ Սա, իհարկէ, ոչ իրատեսական սցենարների մէջ կարող ենք տեղաւորել, բայց այնուամենայնիւ թուրքական փորձագիտական դաշտում դա երբեմն քննարկւում է»,- նշել է Մելքոնեանը։
Նրա կարծիքով՝ հիմա Թուրքիայի համար ստեղծւել է բարենպաստ իրավիճակ՝ իրենց նախապայմանները առաջ տանելու համար։
«Հիմա թուրքերի համար ստեղծւել է բարենպաստ իրավիճակ՝ առաջ տանելու իրենց նախապայմանները, ցանկութիւնները, եւ ատոմակայանի հետ կապւած հարցը չբարձրացնելը առնւազն տարօրինակ կը լինէր։ Սա շատ օրինաչափ է թուրքական պետական քաղաքականութեան տրամաբանութեան տեսանկիւնից, եւ պէտք է գիտակցել, որ սա Հայաստանի ներքին գործերին միջամտելու բացայայտ փորձ է եւ այն վերացնելու հերթական քայլ»,- եզրափակեց թուրքագէտը։