Հայաստան - ԱրցախՄշակութային

«Գարդման-Շիրւան-Նախիջեւան» համահայկական միութիւն. «Ադրբեջանցիները շրջել են Հաթերքի յուշաքարերն ու գերեզմանաքարերը»

«Գարդման-Շիրւան-Նախիջեւան» համահայկական միութիւնը յայտարարութեամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հաթերք գիւղի գերեզմանատանը իրականացւած ադրբեջանական վանդալիզմին։

«Սոցցանցերում ադրբեջանցի օգտատէրերի կողմից տարածւած տեսագրութիւնից պարզ է դարձել, որ ադրբեջանցիները կրկին դիմել են վանդալիզմի հայկական հոգեւոր-մշակութային արժէքների եւ ինքնութենական սիմւոլների նկատմամբ։ Այս անգամ թիրախաւորւել է Հաթերք գիւղի գերեզմանատունը։ Ադրբեջանցիների կողմից շրջւել են շատ յուշաքարեր, գերեզմանաքարերն օգտագործւել են որպէս պատւանդաններ աշխատանքային գործիքների համար։ Ադրբեջանցիների «զայրոյթը յարուցել է» յատկապէս պատերազմի ժամանակ գիւղի պաշտպանների եղբայրական յուշաքարը։

Սակայն գիւղի քաղաքացիական բնակչութեան պաշտպանութեան համար կեանքը նւիրաբերածների յուշակոթողը պղծելիս ադրբեջանցիները չե՞ն մտաբերում այն 19 խաղաղ բնակիչներին, ովքեր գազանաբար սպանւել են, երբ 1992-1993 թթ. գիւղը յայտնւել է ադրբեջանական վերահսկողութեան տակ։ Այսօր կեանքի իրաւունքի պաշտպանութիւնը զայրացնում է ադրբեջանցիներին։

«Գարդման-Շիրւան-Նախիջեւան» համահայկական միութիւնը խիստ մտահոգւած է ադրբեջանական վանդալիզմի շարունակման եւ անպատժելիութեան փաստից։ Անգամ վերջերս Կրօնական ազատութեան դիտարկման ցանկում ընգրկւելու հանգամանքը յետ չի պահում Ադրբեջանին շարունակելու իր հակահայկական ռասիստական էթնոցիդի քաղաքականութիւնը, որը դատապարւելի է միջազգային բազմաթիւ կոնւենցիաների եւ արձանագրութիւնների հիմքով, մասնաւորապէս՝ «Զինւած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» 1954 թւականի Հաագայի կոնւենցիայի 4-րդ յօդւածի՝ արգելւած է մշակութային ժառանգութեան հանդէպ վանդալիզմի, գողութեան, կողոպուտի, իւրացման, թշնամանքի եւ հաշւեյարդարի ցանկացած գործողութիւն։ Հաագայի 1954 թւականի առաջին արձանագրութեան համաձայն՝ արգելւում է գրաւեալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգեւոր արժէքները։ Հաագայի 1999 թւականի երկրորդ արձանագրութիւնը այն որակում է որպէս միջազգային յանցագործութիւն։

Փաստօրէն, Լեռնային Ղարաբաղում իրականացւած էթնիկ զտումից եւ հայաթափումից յետոյ Ադրբեջանն անարգել շարունակում է իր յանցաւոր գործունէութիւնը։ Ուստի, ի՞նչ է Ադրբեջանի պատմութիւնը, եթէ ոչ մարդկութեան դէմ գործած յանցանքների մի կատարեալ հանրագումար՝ բռնի տեղահանումների, անօրինակ դաժանութեան ու քաղաքական երեսպաշտութեան շարունակական ուղեկցութեամբ։

«Գարդման-Շիրւան-Նախիջեւան» համահայկական միութիւնը վերստին կոչ է անում միջազգային իրաւարար եւ պատասխանատու կազմակերպութիւններին առարկայական քայլեր կատարել հայկական մշակութային ժառանգութեան անվտանգութեան ապահովման ուղղութեամբ»։

Yerevan.today

Related Articles

Back to top button