Հայաստան - ԱրցախՄշակութային

Ճանաչենք Հայոց աշխարհը

Մոզրով, գիւղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։

Բնակչութիւնը զբաղւում է անասնապահութեամբ եւ գիւղատնտեսութեամբ։

Բարձրութիւնը ծովի մակերեւոյթից կազմում է 1580 մ, իսկ բնակչութիւնը կազմում է 88 մարդ։

1975 թւականին Գնիշիկի եւ Արփի գիւղերի միջեւ սկսւեց նոր բնակավայրի՝ Մոզրով գիւղի կառուցումը։ Գնիշիկցիների մեծ մասը տեղափոխւեցին Արփի, իսկ մնացած մասը՝ Մոզրով։

Մոզրովի-քարանձաւ, կարստային բազմադահլիճ քարանձաւ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արփի-Մոզրով ճանապարհին։ Ընդգրկւած է Արփի գիւղի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների ցանկում որպէս տեղական նշանակութեան յուշարձան։

 

Յայտնաբերում

1980 թւականի աշնանը ընթանում էին Արփի-Մոզրով ճանապարհի շինարարական աշխատանքներ։ Ճանապարհաշինարարները խճուղու հարակից հատւածը հարթացնելու նպատակով պայթեցնում են կրաքարի զանգւածը, որի տակ բացւում է դէպի ներքեւ տարածւող անցք։ Խորհրդային Հայաստանի Եղեգնաձորի շրջանի իշխանութիւնների կողմից Երեւանից հրաւիրւում է քարանձաւագէտների խումբ, որպէսզի ուսումնասիրութիւններ կատարեն։ Գետնի մէջ խորը անցքի յայտնաբերումը մեծ հետաքրքրութիւն էր առաջացրել շրջակայ բնակավայրերի բնակիչների մօտ, ովքեր մեծ խմբերով այցելում էին յայտնաբերման վայր։

 

Առաջին հետազօտութիւն

Քարանձաւի յայտնաբերման յաջորդ օրը Երեւանից հրաւիրւած քարանձաւագէտները սկսում են նախնական ուսումնասիրութիւնը։ Մի քանի օրերի ընթացքում նրանք բացայայտում, հետազօտում եւ չափագրում են ճանապարհաշինարարների կողմից յայտնաբերւած անցնքն ու յայտնաբերում միմեանց հետ կապւած նոր սրահներ ու անցուղիներ։ Ըստ հետազօտող փորձագէտների՝ քարանձաւը համաշխարհային նշանակութեան բնական յուշարձան է, որն իր մէջ ունի քարանձաւային գոյացութիւնների տարբեր դրսեւորումներ։

Մոզրովի քարանձաւի առաջին հետազօտող խմբի կողմից անձաւի տարբեր դահլիճներ ստացել են անուններ, որոնցից է «Ջրվէժների», «Անդունդի», «Եղեւնու», «Տիկնիկների», «Կակտուսների», «Սպիտակ Մարջանների», «Կարմիր շիթաքարերի» դահլիճները։

 

Երկրաբանական նկարագիր

Մոզրովը երկրաբանական հարուստ գոյացութիւններով խորը քարանձաւ է։ Այն իր երկարութեամբ Հայաստանում երրորդն է (մօտ 260մ)։ Մոզրովի քարանձաւը հարուստ է գեղեցիկ եւ բազմազան բնական գոյացութիւններով։ Այն ունի բազմատեսակ ծալքաւոր կամ ներանձաւային գոյացութիւններ, որոնցից են շթաքարեր, պտկաքարեր, հելիկտիտներ, սիւներ, կարբոնատային հոսքեր, անձաւախորշեր, դրապիերներ (ծալքաւոր գոյացութիւններ), արգելապատնէշներ։

Քարանձաւն ունի բազմասրահ կառուցւածք, որը բաղկացած է մի շարք դահլիճներից ու անցուղիներից։

 

Եղեւնիների դահլիճ

Դահլիճ մտած առաջին ուսումնասիրողները սկզբում այն անւանել են «Երգեհոն», քանի որ սրահի անկիւնում գտնւող եւ առաստաղից կախւած հսկայ սիւներին են դիպչում, երգեհոնից արձակւող ձայն է լսւում։ Այնուհետեւ նրանք յայտնաբերում են միւսներից չափսերով անհամեմատ մեծ, արագոնիտէ հսկայ սիւնը, որն իր թեքութեամբ նմանեցրել են Պիզայի աշտարակին։ Այդտեղից էլ դահլիճը վերանւանել են «Պիզայի աշտարակ»։ Այնուհետեւ նրանք դահլիճում յայտնաբերում են քարէ հսկայ եղեւնին, որն ունի 15 մետր բարձրութիւն։ Որպէսզի եղեւնին տեսանելի լինի իր ամբողջ բարձրութեամբ, պէտք է դիտել դահլիճի անկիւնից։ Հէնց այդ քարէ եղեւնու շնորհիւ էլ քարանձաւագէտները վերջնականապէս ընտրել են դահլիճի անունը։

«Եղեւնիների» դահլիճի պատի անցքից սկսւում է դէպի «Տիկնիկների» դահլիճ տանող անցուղին։

 

Տիկնիկների դահլիճ

«Տիկնիկների» դահլիճի խորքում ռելֆն ու առաջացած գոյացութիւններն այնպիսի տեսքն ունեն, կարծես ձեւաւորել են բեմ։ Նրա առջեւ լճակներ են, որոնց առջեւում՝ ընդարձակ, կիսաթափանցիկ շիթաքարեր։ Դրանք վարագոյրի նման ծածկում են բեմը։ Երբ հետազօտողներն առաջին անգամ մտել են դահլիճ եւ տեսել «բեմը», փոքր տիկնիկներով ցուցադրութիւն են կազմակերպել, ինչից էլ դահլիճը ստացել է «Տիկնիկներ» անունը։

Այս դահլիճից յետոյ սկսւում է «Կակտուսների» սրահը։

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button