«Արեւմտեան Ադրբեջան» կեղծ եզրոյթի շուրջ ակտիւացել են հայ մշակոյթի բռնիւրացման ձգտումները
Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
««Արեւմտեան Ադրբեջան» կեղծ եզրոյթի շուրջ վերջերս շատ են ակտիւացել ադրբեջանական տարաբնոյթ միջոցառումները եւ հանրային ու միջազգային ամենատարբեր հարթակներում հայ մշակոյթի բռնիւրացման ձգտումները։
Այսպէս, 2023 թւականի դեկտեմբերի 15-ից Ադրբեջանի «Արւեստի ազգային թանգարան»-ում բացւել է «Արեւմտեան Ադրբեջանը մշակութային յիշողութեան մէջ» ցուցահանդէսը։
«Արեւմտեան Ադրբեջան» հնարած եզրոյթի տակ Ադրբեջանը փորձում է ներկայացնել Երեւանի պատմութիւնը՝ դեկորատիւ արւեստի, լուսանկարների, պատմական փաստաթղթերի կեղծման եւ ադրբեջանական նորաստեղծ ինքնութեան ստեղծման լոյսի ներքոյ։ Ցուցադրութեան հիմքում Երեւանի պարսից խաների պալատի, Երեւանի բերդից ծագող առարկաների եւ բազմաթիւ յուշարձանների լուսանկարներն են, որոնք ներկայացւում են որպէս «Արեւմտեան Ադրբեջան»-ի մշակոյթ։
Այդպիսի միջոցառումներից մէկը 2023 թւականի նոյեմբերի 23-24-ը Նախիջեւանում տեղի ունեցած «Վերադարձ դէպի Արեւմտեան Ադրբեջան» փառատօնն էր, որին նախորդել էր «Ճանապարհ, որը տանում է դէպի Արեւմտեան Ադրբեջան» խորագրով համաժողովը: Կազմակերպիչներն էին Նախիջեւանում Բաքւի լիազօր ներկայացուցչութիւնը, Ադրբեջանի կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը, Նախիջեւանի Պետական համալսարանը եւ այլն։ Փառատօնի պաստառը կրկնում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքական քարտէզը, իսկ փառատօնի շրջանակներում ներկայացւած տարբեր լուսանկարներով ու դեկորատիւ արւեստի առարկաներով կրկին փորձ է արւել ներկայացնել ՀՀ քարտէզը՝ քաղաքների ու գիւղերի հնարած անուններով։
Փառատօնի շրջանակներում հայկական ու տարածաշրջանային մշակութային շատ դրսեւորումներ ներկայացւել են ադրբեջանականի ներքոյ, այդ թւում՝ բանահիւսութեան օրինակներ, գրքերի ցուցահանդէս, խոհարարական եւ նիւթական մշակոյթի նմուշներով ստենդներ, համերգային ծրագիր, ֆիլմեր, գրականութեան նմուշներ, գիտական հետազօտութիւններ, յօդւածների ժողովածու, նկարներ՝ նւիրւած «Արեւմտեան Ադրբեջան»-ին։ Փառատօնի շրջանակներում ներկայացւել է նաեւ խոհանոցային ամենատարբեր ուտեստներ՝ իրեւանեան խոհանոց անւան տակ:
«Միջոցառման» քարոզչական ուղեկցութեան շրջանակներում Ադրբեջանի պետական քարոզչամեքենան խօսում է նոյնիսկ Հայաստանի (իրենց «եզրաբանութեամբ»՝ իբր «Արեւմտեան Ադրբեջանի») արհեստածին «Ադրբեջանի գիրկ վերադարձնելու» եւ այլ նմանօրինակ եզրոյթների մասին:
Մեր արձագանգը
Ադրբեջանի կողմից հայերի հայրենազրկման, իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու եւ բռնի տեղահանութեան քաղաքականութեանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական եւ մշակութային հաւակնութիւնների քաղաքականութիւնը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի եւ մշակութային ժառանգութեան նկատմամբ։ Սրանք անընդունելի գործողութիւնների ամբողջութիւն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ «Արեւմտեան Ադրբեջան» նորաստեղծ եզրոյթի մասին առաւել մանրամասն կարող էք կարդալ Ռուբէն Գալիչեանի յօդւածում»։