Հայաստան - ԱրցախՄշակութային

«Ո՞վ է Առաքելը եւ ո՞վ է իր Տէրը»

Հրանտ Թոխատեանը վերադարձել է բեմ՝ «Առաքել» ներկայացմամբ եւ բազմաթիւ հարցերի պատասխաններով

Տեւական դադարից յետոյ կրկին բերմադրւում է Գէորգ Ալթունեանի հեղինակած եւ ռեժիսոր Արթուր Սահակեանի բեմադրած «Առաքել» ներկայացումը։

2022 թւականին էր տեղի ունեցել «Առաքել» ներկայացման պրեմիերան, երկար ժամանակ այն բեմից չէր իջնում, սակայն յետոյ որոշակի դադար եղաւ եւ այս տարւայ սեպտեմբերին ներկայացումը կրկին բեմ բարձրացաւ՝ արդէն որոշակի փոփոխութիւններով։

Գլխաւոր դերերում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատեանն է՝ Առաքելի դերում, եւ դերասան Սամուէլ Թոփալեանը՝ Տիգրան Առաքելեանի դերում։

«Առաքել» ներկայացումը հայ ազգի մասին է, գլխաւոր գործողութիւնները տեղի են ունենում 2020 թւականի Արցախի 44-օրեայ պատերազմից յետոյ։ Պատերազմին մասնակցել է նաեւ ազատամարտիկ Տիգրանը, մարտադաշտից վերադարձել է բոլոր ընկերներին կորցրած, կորցրել է նաեւ հարեւանի երիտասարդ տղային՝ Լեւոնին, ով իր ձեռքերի մէջ է մահացել։

Հոգեբանական ծանր ապրումներով Տիգրանը փորձում է վերջ տալ կեանքին, սակայն յայտնւում է Առաքելը։

Ներկայացման ընթացքում հնչում է գլխաւոր հարցը՝ ո՞վ է Առաքելը եւ ո՞վ է իր Տէրը։

Թոխատեանի կերպարը պատասխանը տալիս է հէնց բեմից. «Այսքան տարի սպասում ենք, որ մէկը գայ ու փրկի մեզ: Երբ հասկանանք, որ մեր ուժը մեր միասնութեան մէջ է, կեանքն էլ, պայքարն էլ աւելի հեշտ կը դառնան։ Ոչ թէ պէտք է յանձնւել, արտագաղթել կամ կախւել, այլ ապրել ու պայքարել։ Ու երբ յաղթենք, ամէն մէկն իր որդու գերեզմանի եռագոյնը հպարտութեամբ կը տանի ու կը դնի այն հողի վրայ, որի համար որդին կեանք է տւել։ Սա՛ է արժանապատւութեան ուղին»։

Բեմում Տիգրանի եւ Առաքելի երկխօսութեան ընթացքում ներկայացւում են բոլոր այն իրավիճակները, որոնց ազատամարտիկը բախւել է թէ՛ պատերազմի դաշտում, թէ՛ արդէն վերադառնալով Երեւան։

Ներկայացման պրոդիւսեր Արամ Թոխատեանի խօսքով, հայրը՝ Հրանտ Թոխատեանը, բեմը, ստեղծագործելու ընթացքը շատ էր կարօտել։

«Ներկայացումը բեմ է վերադարձել նոր շնչով։ Թէեւ որոշ դադար կար, սակայն այսօր այդ հանգամանքն այլեւս չի զգացւում: Թիմն այնքան լիարժէք եւ անմնացորդ է ներգրաււած աշխատանքում, որ թւում է՝ դադար ընդհանրապէս չի էլ եղել։ Հայրս շատ էր կարօտել բեմը, ստեղծագործելու ընթացքը։ Իսկ հիմա վերադարձել է այնպէս, կարծես երբեք չէր էլ հեռացել բեմից: Իսկ հանդիսատեսի արձագանքը մեզ վստահութիւն է ներշնչում, որ ճիշտ տեղում ենք։

Այս հանդիպումներին շատերն էին սպասել։ Տպաւորութիւն է, որ հարազատ մարդկանց սպասւած հանդիպում էր։ Հանդիսատեսը դերասանների հետ ծիծաղում է, տխրում, մտորում։ Ներկայացումներից մէկի աւարտին մի կին ասաց. «Մենք մեր կեանքն ենք տեսնում բեմից»: Իսկապէս, այս պատմութիւնը մեր կեանքի, յոյսի ու հաւատի մասին է։ Առանց դրա առաջ գնալ չենք կարող»,- լրագրողների հետ զրոյցում նշեց Արամ Թոխատեանը՝ յաւելելով, որ ներկայացման իւրաքանչիւր ցուցադրութիւն անցնում է բացառիկ մթնոլորտում։

Ըստ պրոդիւսերի, «Առաքել»-ը կը շարունակի իր բեմական կեանքը: Նոյեմբերի 17-ին այն կրկին բեմում կը լինի՝ Յակոբ Պարոնեանի անւան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, իսկ առաջիկայում նաեւ հիւրախաղեր կը լինեն։

Հրանտ Թոխատեանը բեմում այնպիսին է, ինչպիսին նրան սիրում է հանդիսատեսը՝ էներգիայով ու կեանքով լի, երբեմն՝ իմպրովիզներով, երբեմն՝ հանդիսատեսի հետ բեմից երկխօսութեան մէջ մտնելով։

«Թիմի բոլոր անդամներն իրենց գործի նւիրեալներն են։ Հետաքրքիր զուգադիպութեամբ՝ «Առաքել»-ը ստեղծւել է 9 ամսում՝ ճիշտ նոյնքան ժամանակահատւածում, որքան «Խաթաբալադան» եւ «Mea Culpa»-ն։ Դա երեխայի ծնւելու պէս մի բան է՝ երկար, բարդ, բայց չափազանց սպասւած»,- ասաց Արամ Թոխատեանը։

Ներկայացման ընթացքում ազատամարտիկը մատնանշում է նաեւ այն ցաւալի երեւոյթները, որոնք 44-օրեայ պատերազմից յետոյ տեղ են գտել հայ հասարակութեան մէջ, երբ, օրինակ, 2023 թւականին Արցախը հայաթափւել էր, 120 հազարից աւելի արցախահայեր ուղղակի սովի ու մահւան ճիրաններից փրկւած եկել էին Հայաստան՝ մէկը տուն ունէր, մէկը փողոցում էր մնացել, իսկ Երեւանի կենտրոնում անցկացւում էր «Գինու օրեր» փառատօնը, մարդիկ զւարճանում էին, պարում։

«Ուրեմն ի՞նչ է ստացւում՝ 90-ականներից մինչեւ օրս զոհւած տղաները յանուն ոչնչի՞ են զոհւել, այս ամէնը սո՞ւտ էր, այս 35 տարին սո՞ւտ էր, Առաքել։ Լեւոնը զոհւել է յանուն ոչնչի՞, հա՞։ Հիմա կասես՝ ձեր ուժը ձեր միասնութեան մէջ է, բայց այդ միասնութիւնը դրսեւորւում է միայն ճոխ քէֆերի ժամանակ, սահմանին կանգնած զինւորի կենացը խմելով, ու երբ այդ տղաներից մէկն իր կեանքն է տալիս հողի համար, նոյն պահին սեղաններ են գցում ու ճոխ քէֆ անում։

Առաքել, հիմա այս երկրին ու այս ժողովրդին ոչ մի բան չի՞ փոխի, ի՞նչ է ստացւում, ուրեմն մեզ պետութիւն պէտք չէ՞, պատմութիւն, մշակոյթ, եկեղեցի պէտք չէ՞, ի՞նչ էք ուզում, որ մի օր այս երկրի երեսից պէտք է վերանանք՝ որպէս անպէտք սպի՞։ Այս ամէնն ի՞նչի համար էր, մեր սրբատեղերը հիմա մոլերն ու լափելու տեղերն են դարձել, այսքան զոհւած տղէրքն ինչի՞ համար էին, մի փոր հացի՞, «որտեղ հաց, այնտեղ կաց», գիտես՝ սա ո՞ւմ կարգախօսն է, Առաքել»,- ահա այսպիսի հարցեր է առաջ քաշում ազատամարտիկ Տիգրանը բեմից եւ մտածելու առիթ տալիս դահլիճում գտնւող իւրաքանչիւր մարդու։

Իսկ Առաքելը՝ որպէս Տիգրանի կեանքում յայտնւած մարդ, նրան յորդորում է պայքարել։

«Պայքարելու տարբերակը կայ, թէ՞ դրանից խաբար չէր, ապրելու, մնալու ու պայքարելու տարբերակն էլ կայ։ Լաւ, ենթադրենք՝ դու կախւեցիր, Պօղոսն էլ փախաւ, բայց իր երեխուն կորցրած ծնողն ի՞նչ անի, իրենք ո՞ւր գնան, «Եռաբլուրն» ո՞ւր թողնեն։ Հասկացանք, հող էք կորցրել, ամբողջ ազգով զինւոր դարձէք, ուժ հաւաքէք, հզօրացէք ու գնացէք յետ բերէք ձեր հողերը, թէ՞ յանձնւելը, կախւելը, արտագաղթելը հեշտ է։ Ի՞նչ եղաւ ձեր արժանապատւութեան հետ»,- ահա այսպիսին է Առաքելի  մօտեցումն իրավիճակին, որը նոյնպէս հանդիսատեսին մտորելու տեղիք է տալիս։

168.am

Related Articles

Back to top button