Չէի պատկերացնում, որ Արցախի մշակոյթն այս ձեւով կոտնահարեն. Շուշիի թանգարանի գորգերի համար տեղ չկա՞յ
Շուշիի գորգերի թանգարանի փրկւած մօտ 170 գորգի ճակատագիրը շարունակում է անյայտ մնալ:
Թանգարանի տնօրէն Վարդան Ասծատրեանը յիշում է՝ Արցախեան 44-օրեայ պատերազմի թէժ օրերին երկու անգամ տարհանում է կատարել. մէկը՝ իր, միւսն էլ՝ Արցախի Մշակոյթի նախարարութեան տրամադրած մեքենայով:
«Երրորդ տարհանումը չհասցրեցինք կատարել, որովհետեւ ադրբեջանական զօրքերը մտել էին Գորիս-Շուշի ճանապարհ: 170 գորգ փրկւեց, 120-ը՝ մնաց: Գորգերը ցուցադրւեցին Թամանեանի անւան ճարտարապետութեան ազգային ինստիտուտում, յետոյ տեղափոխեցի Վանաձոր: Ու քանի որ ԿԳՄՍ նախարարութիւնը հարցը չէր լուծում, ասացի՝ թանգարանն անւանեմ շրջիկ, որ ամէն տեղ կարողանանք ցուցադրել: Պայմանաւորւել էինք, որ Վանաձորում 2024 թ. յունւարին եւս մէկ ցուցադրութիւն կազմակերպենք, ցուցադրենք նաեւ խեցեղէնը:
Բայց երբ հանդիպումներից մէկի ժամանակ ասացի, որ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆէդ Քոչարեանը չի տիրապետում թանգարանային աշխատանքին, Վանաձորի թանգարանի տնօրէնին կանչել են Լոռիի մարզպետարան, ասել, որ ինձ փոխանցեն՝ գորգերը կարճ ժամանակահատւածում հանեմ:
Ես չէի պատկերացնում, որ Արցախի մշակոյթն այս ձեւով կոտնահարեն: Վանաձորից գորգերը հանելն էլ եմ համարում տարհանում»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Վարդան Ասծատրեանը՝ նշելով, որ հիմա գորգերը գտնւում են մասնաւոր տարածքում:
Թանգարանի տնօրէնը յայտնեց՝ գորգերը պետականացնելու առաջարկ չի եղել:
«Ես զոռով չեմ կարող սիրել տալ այս թանգարանը: Սա հայ ժողովրդի պատմա-մշակութային ժառանգութիւնն է: Եթէ ամէն ինչ անում են, որ թանգարանը չլինի, չեմ հակադրւելու: Թանգարանը ստեղծելիս ակնկալում էի, որ պետական է դառնալու, ժողովրդինն է լինելու: Այն ժամանակ որ չանէի, հիմա չէի կարողանայ, որովհետեւ գորգը որ բնօրրանից կտրւում է, արդէն թանգարանային չէ: Երբ ձեռք էի բերում, Արցախի իշխանութիւններն այն չէին կարեւորում, նոյնն այստեղ էր: Հասկացայ, որ ժամանակը գալու է՝ հասկանան: Ես զգում էի, որ սա պէտք է լինելու ժողովրդին»,- նշեց Վարդան Ասծատրեանը: