Յովիկ Աւանէսով. «Ադրբեջանն Արցախում ոչնչացնելով յուշարձանները՝ խեղաթիւրում է Արցախի բնակավայրերի ինքնութիւնն ու ինքնատիպութիւնը»
«Հայքի մշակոյթի Օմբուդսմէն»-ն օրեր առաջ ահազանգել էր՝ Ադրբեջանը ժամանակաւորապէս օկուպացւած Հադրութում շարունակում է իր յանցագործութիւնները՝ տարբեր պատրւակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Հիմա էլ թշնամի երկիրը շինարարութեան նպատակով Հադրութում ապամոնտաժում է հին շինութիւնները։
Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետութեան Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտութեան կենտրոնի ղեկավար, ադրբեջանագէտ Յովիկ Աւանէսովի հետ, թէ ի վերջոյ ո՞ւր է տանում Ադրբեջանի կողմից հայկական յուշարձանները ոչնչացնելու քաղաքականութիւնը եւ մինչեւ ո՞ւր կարող է հասնել այդ քաղաքականութիւնը։
Panorama.am– Որեւէ նոր տեղեկութիւն ունէ՞ք Հադրութում հայկական շէնքերն Ադրբեջանի կողմից ոչնչացնելու մասին։
Յովիկ Աւանէսով– Այո, օրեր առաջ ադրբեջանական լրատւամիջոցներով տեղեկատւութիւն տարածւեց, որ որոշում է կայացւած շինարարական աշխատանքներ իրականացնելու շրջանակներում Հադրութ քաղաքի հին շէնքերը հիմնովին քանդել։ Յստակօրէն ընդգծեմ, որ սա Ադրբեջանի պետական ցեղասպան քաղաքականութեան հերթական դրսեւորումներից մէկն է։ Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը շինարարական աշխատանքների պատրւակով Արցախի պատմա-ճարտարապետական արժէք ներկայացւող շէնքներն ու կառոյցները հիմնովին կամ մասնակի քանդում է կամ պատմա-մշակութային արժէք ներկայացնող յուշարձանների, խաչքարերի մասունքներն օգտագործում շինարարական աշխատանքների մէջ։ Բազմաթիւ նման ահազանգեր ենք ստանում։
Դրա վառ ապացոյցն է վերջին ժամանակաշրջանում Կովկասեան ժառանգութեան պաշտպանութեան («Caucasus Heritage Watch») միջազգային կազմակերպութեան արբանեակային լուսանկարները, որտեղ յստակօրէն երեւում է Շուշիի գերեզմանոցների տարածքով ճանապարհ անցկացնելու փաստը։
Հադրութի շէնքերը քանդելու մասին այս պահի դրութեամբ որեւէ այլ նոր տեղեկութիւն չունենք, հետեւում ենք։ Նոր տեղեկատւութեան ու փաստերի արձանագրման դէպքում մենք անմիջապէս հրապարակում ենք դրանք հայերէն եւ այլ լեզուներով։
Panorama.am– Ընդհանրապէս, Ձեր կարծիքով, թշնամի Ադրբեջանի կողմից հայկական հետքի ոչնչացումը մինչեւ ո՞ւր կարող է հասնել՝ նաեւ ընդհուպ եկեղեցիների ոչնչացո՞ւմ, թէ՞ կը բաւարարւեն խաչքարերը ջարդելով, եկեղեցիների վրայի խաչերը հանելով, արձանագրութիւնները վերացնելով…
Յովիկ Աւանէսով– Անշուշտ, Ադրբեջանը օկուպացւած Արցախի տարածքում փորձում է հայկական հետքը վերացնել։ Վարւող քաղաքականութիւնը դա է ապացուցում։ Սա արւում է պետական մակարդակով։ Ալիեւը 2020 թւականի պատերազմից յետոյ օկուպացւած Հադրութում եկեղեցու մօտ կանգնած հրահանգ էր տւել ոչնչացնել հայկական եկեղեցիների արձանագրութիւնները՝ նշելով, իբր թէ հայերը հայաֆիկացրել են այսպէս ասած աղւանական մշակութային ժառանգութիւնը, ինչը, բնականաբար, իրականութեան հետ որեւէ աղերս չունի։
Նման քաղաքականութեամբ ոչ միայն Հադրութում, այլ ողջ օկուպացւած Արցախում ոչնչացւում է պատմա-մշակութային ժառանգութիւնը կամ տարբեր շէնք-շինութիւններ, որոք նաեւ պատմական արժէք են իրենցից ներկայացնում, այդպէս խեղաթիւրում են Արցախի բնակավայրերի ինքնութիւնն ու ինքնատիպութիւնը։ Սա եւս կարեւոր հանգամանք է, որին պէտք է ուշադրութիւն դարձնել։
Յստակօրէն նշենք, որ Ադրբեջանը կանգ չի առնելու՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ միջազգային մասնագիտացւած կառոյցները միայն արարողակարգային բնոյթի յայտարարութիւններ են անում։ Թէեւ կան նաեւ հասէցական յայտարարութիւններ, որ Ադրբեջանը մշակութային ժառանգութիւն է ոչնչացնում, անյապաղ պէտք է դադարեցւի նման գործելաոճը, բայց քանի որ Ադրբեջանն իր այդ գործեալոճի համար որեւէ պատասխանատւութեան չի ենթարկւել, նաեւ պատասխանատւութեան չի ենթարկւել ռազմական յանցագործութիւնների համար, նման իրավիճակի էք ականատես լինելու։
Իւրաքանչիւրս անելիք ունենք այս հարցում՝ պարբերաբար խօսելու ու ահազանգելու յուշարձանների ոչնչացման բոլոր դէպքերի մասին։ Պէտք է նաեւ Արցախի մշակութային ժառանգութեան վերաբերեալ մեր ունեցած արժէքաւոր նիւթերը տարածել՝ բարձրացնելով իրազեկւածութիւնը նաեւ միջազգային մակարդակում։
Արդէն ասացին՝ Ադրբեջանը կանգ չի առնելու իր այս քաղաքականութեամբ, փորձելու է օկուպացւած հայկական բնակավայրերում ամբողջութեամբ վերացնել հայկական հետքը. որոշներն աղւանականցւում կամ ուղղափառացւում են, իսկ այն, ինչը չի տեղաւորւում այդ տիրոյթում, ոչնչացնում են կամ կանգնած են ոչնչացման վտանգի առաջ։
Անգամ աղւանական ներկայացւած յուշարձանները, որոնք, ընդգծում եմ, որեւէ աղերս չունեն իրականութեան հետ, կեղծ քարոզչական թէզերից է, զերծ չեն մնում վանդալիզմի դէպքերից։
Այս ամենի դէմն առնելու, որոշակիօրէն ազդելու համար յստակ ռազմավարութիւն է անհրաժեշտ եւ դրա կարեւոր քայլերից մէկը հէնց ակադեմիական գրականութիւնը պարբերաբար վեր հանելն ու հրապարակելն է։
Ադրբեջանի նպատակը հայկական հետքի վերացումն է տարածաշրջանում։ Սա է հէնց ադրբեջանական խաղաղութեան օրակարգը, փորձում են այսպէս ցոյց տալ, որ հայերը տարածաշրջանում որեւէ առնչութիւն չունեն, հայերը տարածաշրջանում քաղաքակրթական արժէք չեն ստեղծել, ինչն իրականութեանը չի համապատասխանում։ Փաստն այն է, որ Ադրբեջանի՝ հայկական յուշարձանները վերացնելու քաղաքականութիւնը հակառակն է ապացուցում, որ հայերը հսկայական քաղաքակրթական արժէք են ստեղծել, որը ոչ միայն հայկական, այլ համաշխարահային քաղաքականութեան մաս է կազմում։
Panorama.am- Շնորհակալութիւն վերլուծելու համար։