Հայաստան - ԱրցախՄշակութային

Ճանաչենք Հայոց աշխարհը

Արենի 

Քարանձաւների համալիր Հայաստանի հարաւ-արեւելեան մասում՝ Վայոց ձորի մարզի Արենի գիւղում Արփա գետի ափին։ Յայտնի է նաեւ «Թռչունների քարանձաւ» անւանումով։ 2010 թ.-ին այստեղ յայտնաբերւեց աշխարհի ամենահին կօշիկը։ 2011 թ.-ի յունւարին այստեղ յայտնաբերեց նաեւ աշխարհի առաջին գինեգործարանը։ 2011 թ.-ին այստեղ յայտնաբերւեց մ.թ.ա. 3900 թ.-ին վերագրւող կանացի կիսաշրջազգեստ։

Գտնւում է Եղեգնաձորից 12 կմ հեռաւորութեան վրայ։ Ընկած է Արփա գետի հովտում։ Արենիի քարանձաւը գտնւում է Արենի գետի ձախ ափին։ Քարանձաւը բաղկացած է 3 սրահներից։ Քարանձաւն ունի մօտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռեւս ուսումնասիրւած չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, եւ նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդէն յայտնաբերւած հնագիտական յուշարձանները։ Քարանձաւում առնւազն չորս մետր մշակութային շերտ կայ։ Ներքին՝ նէոլիթական շերտերը պատկանում են պղնձեքարի դարին։ Հանդիպում են նաեւ հոմոէրեքտուսի (լատին․՝ Homo erectus) հետքեր, ովքեր բնակւել են աւելի քան երկու միլիոն տարի առաջ մեր տարածաշրջանում։

Քարանձաւը դասւում է կլաստոկարստային քարանձաւների դասին, քանի որ ձեւաւորւել է կրաքարային կոնգլոմերատների մէջ։ Քարանձաւն իրենից ներկայացնում է մի քանի խոռոչների համալիր եւ ունի 400-ից 600 մ² մակերես տարածք։ V դարի պատմիչ Եղիշէն յիշատակում է Արփանեալ անունով բերդ կամ աւան։ Թռչունների քարանձաւում սկսած 2007 թւականից իրականացւում են հնագիտական պեղումներ, որոնց արդիւնքում յայտնաբերւել են մ.թ.ա. 4200-3500 թւականներին վերագրւած բազմաթիւ գտածոներ՝ բուսական մնացորդներ, ամանեղէն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստւած գործւածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացւած այծի մարմնի մաս եւ այլն։

Արենի-1 քարանձաւի ուսումնասիրութիւններից գտնւել են մետաղեայ դանակներ, աւելի քան 30 տեսակի մրգի սերմեր, հացահատկի տասնեակ տեսակների մնացորդներ, պարան, հագուստ, ծղոտ, խոտ, եղեգ եւ չորացած խաղող ու սալոր։ Պինդ, կարբոնատէ կեղեւը՝ ծածկելով Պղնձի դարի հողաշերտերը, ծայրահեղ չորութեան եւ քարանձաւի ներսում կաիւն ջերմաստիճանի հետ մեկտեղ նպաստել են արտեֆակտների եւ, յատկապէս, աղջկայ ուղեղի պահպանմանը։ Քարանձաւի մուտքի մօտ, ժայռի ծածկի տակ պեղւել են նաեւ 12-14-րդ դարերի միջնադարեան վառարաններ։

Պեղումներն իրականացւում են ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի կողմից Կալիֆորնիայի համալսարանին առընթեր Լոս Անջելեսի հնագիտութեան ինստիտուտի (UCLA’s Cotsen) եւ Քորքի համալսարանի (Իռլանդիա) հետ համատեղ։

2007 թւականի պեղումների ընթացքում քարանձաւից յայտնաբերւել են գինեգործութեանը վերաբերող գտածոներ։ Գիտութիւնների ազգային ակադեմիայի հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի գիտաշխատող, հնագիտական աշխատանքների ղեկավար Բորիս Գասպարեանի խօսքով պեղումների հենց առաջին շրջանն այս վայրում մեծ յաջողութիւն բերեց, որովհետեւ գտնւել էր խաղողի ճմլարանը։ Դրա մասին ենթադրութիւններ կային եւ պահանջւում էր ապացուցել, որ այն հենց գինեգործական համալիրի կարեւոր բաղադրիչն է։ Կառուցւածքային առանձնայատկութիւնները, այսինքն՝ գինեգործութեանը յատուկ թէք հարթութեան առկայութեան (երբ ճզմել են խաղողը, դրա միջոցով խաղողի հիւթը հոսել է յատուկ տեղ, որտեղ էլ հասունանում էր համապատասխան աստիճանի) եւ հնձանի հարեւանութեամբ հողի մէջ թաղւած հսկայական կարասների առկայութիւնն ապացուցում են, որ սա գինեգործութռամբ զբաղւելու յատուկ տարածք է եղել։

Կարասում խաղողի մնացորդներ եւ եղեգնի սնամէջ ցողուններ են գտնւել։ Բորիս Գասպարեանը նշում է.

Դա տեսնելով յիշեցի Քսենոֆոնի «Անաբասիս»ը, որտեղ յոյն պատմիչը խօսում էր հայկական գինեգործութեան մասին` նշելով, որ հայերը գինի էին խմում հողի մէջ թաղւած կարասներից՝ օգտագործելով դրա համար եղեգնի սնամէջ ցողունները։

Ներկայումս այդ գինեգործական համալիրը համարւում է աշխարհում հնագոյնը եւ թւագրւում է մ.թ.ա. 4-րդ հազարամեակին։ Քարանձաւի ներսում մարդիկ չեն բնակւել, իսկ գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական բնոյթ։ Քարանձաւի որոշ գտածոներից կարելի է եզրակացնել, որ այստեղի վայրի բնակիչների մօտ ընդունւած է եղել ծիսական կանիբալիզմը։ Արենիի քարանձաւի խորքում, սննդի պահպանութեան տարաների կողքին, յայտանբերւել են կաւէ ամանների մէջ թաղւած երեխաների եւ մեծերի աճիւններ, որնք բաւականին լաւ են պահպանւել։ Երեք գանգ պատկանել է դեռահաս աղջիկների, որոնք մահացել են 5,9-6,2 հազար տարի առաջ՝ ամենայն հաւանականութեամբ, մահակի հարւածից։

2008 թւականի սեպտեմբերին պեղւել էր աշխարհում ամենահին՝ աւելի քան 5500 տարեկան կաշւէ կօշիկը։

Քարանձաւում կատարւող պեղումների ընթացքում յայտնաբերւել է ուշ նէոլիթի ժամանակաշրջանի նիւթական եւ հոգեւոր մշակոյթի մասին վկայող փաստագրական ծաւալուն նիւթ՝ անոթներ, ոսկրէ գործիքներ, ինչպէս նաեւ կերամիկայի մի քանի հազար բեկոր։ Գտածօների զգալի մասը շարունակում է մնալ քարանձաւում, քանի որ այնտեղ տիրող միկրոկլիմայի շնորհիւ արտեֆակտերը պահպանւում են գրեթէ նախնական տեսքով։

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button