Մշակութային

Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի» վէպի իրական ուղերձները. Ինչի մասին լռում են

(Մաս առաջին)

ԱՐԱ ԶԱՐԳԱՐԵԱՆ

Գրականագէտ

 

2022 թւականին վերահրատարակւեց Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի» վէպը (Տե՛ս, Չարենց Ե., «Երկիր Նայիրի», Երեւան, 2022, «Վերնատուն» հրատ.):

Վէպը հրատարակութեան էր պատրաստել ՔՊ-ական պատգամաւոր Թագուհի Ղազարեանը: Գրքի շապիկի յետնամասում դրւեցին վէպից բացառապէս այնպիսի հատւածներ, որոնցում «Նայիրիի միֆական, միրաժային լինելու եւ կորստի մասին է»:

2022 թւականի դեկտեմբերի 31-ին, երբ թեւակոխում էինք դէպի 2023 թւական, ամանօրեայ ուղերձի ժամանակ ՀՀ դէ ֆակտօ ղեկավարը նշեց, որ 2023 թւականը յայտարարում է Թումանեանի եւ Չարենցի ռազմավարական գործերի ընթերցման տարի: Իր ուղերձում նա նշել էր. «Մենք բիբլիական ելքի մէջ ենք եւ քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նայիրիից մղւելով դէպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձեւ ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետութիւն: Սա ծանր եւ վտանգաւոր, բայց եւ անխուսափելի ճամփորդութիւն է՝ յանուն փրկութեան, յանուն հանրապետութեան, յանուն պետականութեան»:

2023 թ. սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակը գրոհ սկսեց Արցախի Հանրապետութեան դէմ, օկուպացրեց ամբողջ Արցախը, բնակչութեանը ենթարկեց բռնի տեղահանման: Փաստացի կորցրեցինք Արցախը, մնաց միայն Հայաստանի Հանրապետութիւնը: Իրականացաւ ամանօրեայ ուղերձում ՀՀ դէ ֆակտօ ղեկավարի առաջ քաշած թէզը՝ «….քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նայիրիից մղւելով դէպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձեւ ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետութիւն»:

2024 թւականից Հայաստանում սկսւեց «Կրթւելը նորաձեւ է» շարժումը: Այդ շարժման տարածած տեսանիւթերում յստակ երեւում է, որ պարբերաբար խօսւում է Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի» վէպի մասին եւ առաջ մղւում մի կեղծ գաղափար այն մասին, որ իրական Հայաստանի գաղափար կայ Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի» վէպում: Այդ կեղծ գաղափարը պարբերաբար ներկայացնում է նաեւ ՀՀ դէ ֆակտօ ղեկավարն իր ելոյթներում:

«Կրթւելը նորաձեւ է» շարժմանը մասնակցում (նաեւ դրանից դուրս) Եղիշէ Չարենցի մասին խօսում են նաեւ մի շարք գրականագէտներ եւ «գրականագէտներ»: Փաստացի 2023 թւականի դեկտեմբերի 31-ից սկսած պետական մակարդակով հանրութեանը ներկայացւում է, որ չկայ պատմական երկիր, չկայ Նայիրին, քանի որ այն միֆ էր ու դատապարտւած էր կործանման, ինչպէս այդ մասին իբրեւ թէ «փաստել է» Եղիշէ Չարենցը: Սակայն նորութիւն ասած չեմ լինի, եթէ գրեմ, որ այս պարագայում եւս փորձ է արւում կեղծել եւս մէկ ազգային արժէք՝ Եղիշէ Չարենցին՝ ներկայացնելով նրան իբրեւ իրենց գաղափարակիցը՝ «իրական» երկիր ունենալու հարցում։ Թէեւ մեր գործը գրականութիւնն է։

Այսպիսով, սոյն յօդւածի նպատակն է՝ ցոյց տալ գրողի իրական գաղափարները «Երկիր Նայիրի» վէպում, որոնց մասին «կրթողները» լռում են։ Յօդւածաշարում, որը կունենայ թեմատիկ տարանջատում եւ բաղկացած կը լինի մի քանի մասերից, մենք կը խօսենք, թէ ովքե՞ր են կեղծում Չարենցին, ի՞նչ նպատակով եւ ո՞րն է ճշմարտութիւնը:

Քանի որ Չարենցի կենդանութեան օրօք «Երկիր Նայիրի» վէպն ունեցել է 4 հրատարակութիւն: Մենք այս յօդւածում կօգտագործենք «Երկիր Նայիրի» վէպի 1932 թւականի հրատարակութիւնը, որը խմբագրել է Եղիշէ Չարենցը, եւ այն վերահրատարակւել է 2022 թւականին:

Յաւիտենական հիւանդը՝ թուրքը, Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի» վէպում

Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի» վէպում յստակ ընդգծւած է թուրքի կերպարը: Չարենցը վէպում նշում է, թէ ո՞վ է թուրքը, ի՞նչ է ցանկանում հայերից եւ ի՞նչ ծրագրեր ունի մեզ հետ կապւած: Վէպում Չարենցը թուրքերի մասին խօսելիս նրանց անւանում է ոսոխ, տաճիկ, թուրք, դարաւոր թշնամի, բաշիբոզուկ եւ այլն: Թուրքին տրւած մի շարք անունների կողքին Չարենցը վէպում տալիս է, թերեւս, լաւագոյն անւանական բնութագիրը՝ «Յաւիտենական հիւանդ»: Չարենցի ձեւակերպմամբ՝ այդ յաւիտենական հիւանդի հիւանդագին դրսեւորումները մենք տեսնում ենք 20-րդ եւ 21-րդ դարերում: Թուրքական վայրագութիւնների եւ ցեղասպանութեան մասին Չարենցը ներկայացնում է վէպի մի շարք հատւածներում՝ մասնաւորապէս վէպի առաջին մասում, երբ նկարագրում է Մշեցի Թաթոյին.

«Այդ մարդը դժբախտ է եղել. Նայիրեան հեռու մի քաղաքում, ջարդի ժամանակ կորցրել է իր ընտանիքը եւ մերկ, բոբիկ, հասել է այդ քաղաքը եւ բախտի բերումով բնակութիւն գտել եկեղեցուն մօտիկ այդ խարխուլ տնակում:…Պատմում է այնտեղի մասին քստմնելի բաներ: Եւ պատմութիւնը նոյնն է լինում՝ կոտորած, կոտորած, կոտորած: -Բռնաբարւած կին, կորած երեխաներ: Ու փախուստ-օտարութիւն՝ մուրացկանի վիճակ»: (Չարենց Ե., «Երկիր Նայիրի», Երեւան, 2022, էջ 36):

Թուրքերի կողմից կատարած Հայոց Ցեղասպանութեան մասին յիշատակումները Չարենցը վէպի տարբեր հատւածներում եւս անում է.

«Գլորւեցին, ինչպէս ասացինք, 1914, 15, 16 թւականները, դատարկւեց ու ամայացաւ այդ մռայլ տարիներում երկիրը Նայիրի»: «Իրականացան այդ տարիները, դաժան ու անկարելի, այնտեղ-Վանում, Բիթլիսում, Մուշում, Դիարբեքիրում,-այնտեղ-Էրզրումում, Սւազում, Երզնկայում…..»: (Նոյն տեղում, էջ 196-197):

Թուրքական վայրագութիւնները Չարենցը ներկայացնում է վէպի այլ հատւածներում եւս, եւ անցեալի ցեղասպանական գործողութիւններից զատ՝ ներկայացւում է նաեւ 1920 թւականին Կարսում թուրքերի իրականացրած վայրագութիւնները՝ դրանով իսկ հաստատելով իր՝ թուրքին տրւած յաւիտենական թշնամի բանաձեւը նաեւ այստեղ․

«Բայց թէ ի՞նչ կարող էին անել այլեւս նրանք, երբ արդէն մեր նկարագրած քաղաքի համարեա պարիսպների տակ էր ոսոխը, երբ, երկու օր անց, ինչպէս հետագայում մանրամասն կիմանանք, դէպքերի թաւալգլոր արագութեամբ ընկաւ Նայիրեան այդ քաղաքը, եւ Յաւիտենական ոսոխը ոտք դրեց վառւող քաղաքի մոխիրների վրայ…»: (Նոյն տեղում, էջ 235):

Թուրքերին եւ յատկապէս Կարսում նրանց իրականացրած ցեղասպանական գործողութիւնների մասին Չարենցը մանրամասն խօսում է վէպի երրորդ եւ վերջին՝ «Երկիրը Նայիրի» գլխում: (Տե՛ս նոյն տեղում, էջեր 225, 232, 235, 251, 254, 257, 264, 265): Դա յատկապէս տեսնում ենք Կարսի բերդի գրաւման եւ դրան յաջորդող արիւնալի տեսարաններում.

«Մնացել է բերդը միայն, Նայիրեան այս բերդը, որ վաղը ոտնակոխ պիտի արւի Յաւիտենական Հիւանդի յորդաների կողմից, պիտի լիզէ նորից Յաւիտենական Հիւանդի յորդաների ոտները, Յաւիտենական Հիւանդի թափթփուկ բանակների չաքմաների փոշին»: (Նոյն տեղում, էջ 254):

Չարենցը ներկայացնում է պատմական փաստերը, իրողութիւնները, ամէնը, ինչպէս կայ եւ եղել է: Այս կէտում կողք-կողքի դնելով պատմական փաստերը եւ «Երկիր Նայիրի» վէպում Կարս քաղաքի եւ Կարսի բերդի գրաւման հատւածները, ստանում ենք պատմական փաստերի գեղարւեստականացումը: Իսկ վէպի վերջում արդէն Չարենցը լռութեան տեքստով ներկայացնում է, թէ Յաւիտենական Հիւանդը՝ թուրքը, ինչպէս է շարունակում իր ցեղասպանական գործողութիւնները.

«Մենք չենք պատմի, ընթերցո՛ղ, թէ ինչ պատահեց այդ վայրկեանից յետոյ նայիրեան այդ քաղաքում, որովհետեւ դա վեր է մեր կարողութիւնից. կասենք միայն, որ քաղաքում մնաց բազում ժողովուրդ, որ եւ սրի քաշւեց ոսոխի յորդաների կողմից»: (Նոյն տեղում, էջ 264):

Վէպի սկզբում ոսոխի՝ թուրքի ցեղասպանական գործողութիւնների յիշատակումով (1915 թւականի ցեղասպանութիւնը Արեւմտեան Հայաստանում, տե՛ս նոյն տեղում, էջ 36, 195, 196, 197), Չարենցը հասնում է իր օրեր, Կարս, 1920 թւական, Կարսի գրաւում, Կարսի կոտորած: Ուրւագծւում է թուրքի Յաւիտենական Հիւանդութիւնը՝ հային կոտորելու ցանկութիւնը, որ սկսւում է վաղ անցեալից, հասնում Չարենցի ժամանակ եւ ձգւում մինչեւ մեր օրեր:

Եղիշէ Չարենցն իր «Երկիր Նայիրի» վէպում ներկայացնում է իր ժամանակի պատմական փաստերը: Տրւում է մեր թշնամու գնահատական-բանաձեւը՝ Յաւիտենական Հիւանդ, եւ ներկայացւում է այդ Հիւանդութեան դրսեւորումը: Թերեւս այս թեման վէպում մեր կողմից արւած թեմատիկ տարանջատումներից մէկն էր, որով փորձեցինք ցոյց տալ պատմական իրողութիւնների չարենցեան գեղարւեստականացումը՝ ի հակադրութիւն մեր օրերի «խաղաղութեան դարաշրջան», «հարեւան երկիր», թուրքի հետ «կողք-կողքի ապրել» բանաձեւումների։ Նշւած մէջբերումներն ու նկարագրութիւններն առկայ են «Երկիր Նայիրի» վէպում, իւրաքանչիւր հայ կարող է բացել գիրքը, կարդալ եւ վերյիշել, թէ ով է թուրքը եւ ինչ Հիւանդագին ու մշտական պահանջ ունի հայից։

Յաջորդիւ կը ներկայացնենք Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի» վէպում հայ դաւաճանների եւ նրանց տրւած Չարենցի գնահատականի մասին:

Յ. Գ. – Իսկ ինչո՞ւ մեր գրականագէտները եւ «գրականագէտները» «Կրթւելը նորաձեւ է» շարժմանը չեն խօսում այս մասին կամ դրանից դուրս չեն շշնջում ՀՀ ղեկավարի ականջին, որ այս գաղափարը, իրօք, յստակ կայ Չարենցի «Երկիր Նայիրի» վէպում եւ կարող է այդ մասին խօսել հանրութեան առաջ, ինչը, այս դէպքում, արդէն բացարձակ ճշմարտութիւն է:

168.am

Related Articles

Back to top button