Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

ԵՍ ՁԵԶ ԱՍՈՒՄ ԵՄ՝ ԿԸ ԳԱՅ ՈԳՈՒ ՍՈՎ

ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ

 

Ես ձեզ ասում եմ՝ կը գայ Ոգու սով,

Եւ դուք կը քաղցէք ճոխ սեղանի մօտ,

Կընկնէք մուրալու հափրած որկորով՝

Հրեղէն խօսքի, վեհ խօսքի կարօտ։

Լրբենի ծաղրով արհամարհեցիք

Ոգու վառ զեղմունք միտք ու երազանք,

Նիւթի տաճարում արբած պարեցիք՝

Մոռացած անմահ, անհունի տենչանք։

Դուք, որ յեգնեցիք ուժն ստեղծագործ՝

Ձեր նիւթի հանդէպ կը գայ ոգու սով.

Եւ մուրացկի պէս փշրանքի համար

Ծարաւ ու նոթի կանցնէք ծովից ծով։

* * *

Եղեգան փողը

Մեր ժամանակներում, երբ գաղջ իրականութիւնը յաճախ իր կամքն է պարտադրում մեզ, երբ տիրականն այսպէս կոչւած ազատ ինֆորմացիայի հեղեղն է իր յեղձուձիչ հեւքով, անմակարդակութիւն պարտադրող անճաշակութիւններով, արժէքային համակարգ խեղող, բարոյականութիւն ոչնչացնող յիմար ու տափակ ինֆուլենսերներով, վստահ ենք, որ մի պտղունց գեղեցիկը, արժէքայինն ու խորքային չէր խանգարի մեզ՝ մի պահ անէանալու, մի պահ անջատւելու, մի պահ ինքներս մեզ մարդ զգալու համար:

Բարձրարժէք արւեստը, գրականութիւնը բուժիչ այս սպեղանին է, որը գոնէ մի պահ կարող է դարմանել ու հանգստացնել մեր խռոված ոգիները: «ԱԼԻՔ»-ը որոշել է Ձեզ ու մեզ պարգեւել այս հաճոյքն իր Ա էջում, իւրաքանչիւր երկուշաբաթի՝ իր «Եղեգան փող» սիւնեակով:

Շարքը սկսում ենք Աւետիք Իսահակեանի՝ կարծես, թէ հենց մեր ժամանակների համար գրւած եւ կոչնակի պէս հնչող «Ես ձեզ ասում եմ՝ կը գայ ոգու սով» խորիմաց եւ հատու ստեղծագործութիւնով:

Մանաւանդ, որ ընդամէնը մի երկու օր առաջ, վարպետի ծննդավայր Գիւմրու օրւայ պատրւակով, արւեստի եւ վարպետաց քաղաքում հերթական թատրոն-թամաշան էր կազմակերպւել ռաբիզաց ռաբիզ, անմակարդակութեան էտալոն Թաթայի մասնակցութեամբ:

Ինչպէս հնում են ասել՝ ամբոխին գոհ պահելու համար անհրաժեշտ է երկու բան. հաց եւ ներկայացում:

Ես ձեզ ասում եմ՝ կը գայ ոգու սով…

ԽՄԲ.

Related Articles

Back to top button