Գիտնականները 3D տպագրութեամբ արհեստական արիւնատար անօթներ են ստեղծել
Էդինբուրգի համալսարանի գիտնականները 3D տպագրութեան տեխնոլոգիայի միջոցով արհեստական արիւնատար անօթներ են ստեղծել,- գրում է Interesting Engineering-ը։
Գելանման այս նորարարական խողովակները, որոնք շատ նման են մարդու երակներին, կարող են յեղափոխել սրտի շունտաւորման վիրահատութիւնը եւ բարելաւել ամբողջ աշխարհում բազմաթիւ հիւանդների բուժման արդիւնքները: Դրանք կարող են նաեւ կրճատել առողջապահական ծախսերը եւ մեծացնել կենսական կարեւորութիւն ունեցող միջոցառումների հասանելիութիւնը:
Այս բացայայտումը կարող է նաեւ սիրտ-անօթային հիւանդութիւնների բուժման ոլորտում յանգեցնել անհատականացւած բժշկութեան ստեղծմանը՝ հնարաւորութիւն տալով արհեստական արիւնատար անօթներ ստեղծել՝ հիւանդների անհատական կարիքները հաշւի առնելով:
«3D փոխպատւաստիչը կարող է պատրաստւել 1-ից 40 մմ. տրամագծով հաստութեամբ՝ կիրառութիւնների լայն շրջանակի համար, իսկ դրա ճկունութիւնը նշանակում է, որ այն հեշտութեամբ կարող է ինտեգրւել մարդու մարմնի մէջ»,- նշում են հետազօտողները:
Դոկտոր Նորբերտ Ռադաչին՝ ուսումնասիրութեան գլխաւոր հետազօտողն, ասել է, որ իրենց բացայայտումները վերաբերում են անօթային հիւսւածքների կառուցման ոլորտում վաղուց առկայ խնդրի լուծմանը, այն է՝ մարդու երակներին նման կենսամեխանիկական յատկութիւններով խողովակի ստեղծումը:
Սրտի շուտաւորման վիրահատութիւնը տարածւած պրոցեդուրա է, որն իրականացւում է սրտամկանի արեան հոսքը վերականգնելու համար, երբ կորոնար զարկերակները խցանւած կամ նեղացած են:
Սովորաբար, այս վիրահատութեան ժամանակ վնասւած երակները դուրս են հանւում հիւանդի մարմնից: Սակայն, այս գործընթացը կարող է յանգեցնել այնպիսի բարդութիւնների, ինչպիսիք են սպիները, ցաւը եւ վարակւելու բարձր վտանգը: Աւելին, չնայած փոքր սինթետիկ փոխպատւաստիչները այլընտրանք են, սակայն դրանց ինտեգրումը մարմնում կարող է դժւար լինել, եւ դրանք կարող են շարքից դուրս գալ:
Սակայն վերջերս ստեղծւած, 3D տպագրւած արիւնատար անօթները խոստումնալից լուծում են առաջարկում այս խնդիրների համար: Հեռացւած երակների համար հեշտ հասանելի եւ յարմարեցւած այլընտրանք տրամադրելով՝ այս տեխնոլոգիան կարող է վերացնել հիւանդի մարմնի վրայ վիրահատական միջամտութեան լրացուցիչ տեղերի անհրաժեշտութիւնը: