Փաշինեանի կառավարութիւնը բացառիկ գրադարանը փակել է, շէնքը՝ հանել վաճառքի
«ԱԼԻՔ» – ՀՀ կառավարութիւնը լուծարել է բացառիկ գրադարանը, որն ունի շուրջ 22 մլն. գրականութեամբ պահոց: Այս մասին յայտնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։
«Այցելելով Գիտատեխնիկական գրադարան՝ ծանօթացայ գրադարանի մասնագիտացւած յատուկ ֆոնդերին։ Արտօնագրային ֆոնդը կազմում է 17 մլն. անուն/18 մլն. օրինակ փաստաթուղթ աշխարհի 77 երկրներից՝ 66 լեզուներով։
Նորմատիւ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդը ներառում է մօտ 1 մլն. օրինակ փաստաթուղթ՝ ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, շինարարական նորմեր եւ կանոններ։ Արդիւնաբերական կատալոգների ֆոնդն էլ մօտ 1 մլն. օրինակ փաստաթուղթ է։ Այստեղ պահւում են նաեւ գիտատեխնիկական ուղղւածութեան գրքեր, պարբերական եւ էլեկտրոնային հրատարակութիւններ, սեղմագրային հանդէսներ, ատենախօսութեան սեղմագրեր եւ այլն։
ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի վարչական կառուցւածքում գտնւող Գիտատեխնիկական գրադարանի նշանակութեանը անդրադարձել եմ դեռեւս ամիսներ առաջ՝ տեղեկանալով լուծարման որոշման մասին։
Խնդիրը մշտապէս իմ ուշադրութեան կենտրոնում է, քանի որ այս եզակի գրադարանի լուծարումով անդառնալի վնաս կը հասցւի Հայաստանի գիտութեանը, տնտեսութեանը, արդիւնաբերութեանը, գիտատեխնիկական առաջընթացին։
Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցները, որոնք մեծ նւիրումով են մօտենում իրենց աշխատանքին, գրադարանի լուծարման դէպքում օգոստոսի 13-ից կը դառնան գործազուրկ։
Տեղեկացայ նաեւ, որ ՀՀ-ում գործող չորս մասնաճիւղերից՝ Գիւմրիում, Վանաձորում, Ղափանում եւ Հրազդանում դիտարկւում է միայն Գիւմրու մասնաճիւղի պահպանութեան հարցը։ Հարկ է նշել, որ Երեւանում գտնւող գրադարանն անփոխարինելի է, քանի որ մօտ 21 մլն. օրինակ փաստաթուղթ պահւում է յատուկ գրադարանի համար նախագծւած եւ կառուցւած գրապահոցի շէնքում, որտեղ առկայ են անհրաժեշտ պայմաններն ու նորմերը:
Կառավարութիւնը որոշել է նաեւ օտարել գրադարանի շէնքը։ Հաւանաբար, տեղում բազմաբնակարանային համալիր կառուցելու ախորժակ է բացւել։
Գիտատեխնիկական գրադարանի գոյութիւնը որպէս միակ մասնագիտացւած գրադարան խիստ անհրաժեշտութիւն է. պետութիւնը լուծարման որոշում կայացնելու փոխարէն իր հովանու ներքոյ պէտք է առնի եւ զարգացնի նման բացառիկ գրադարանը։
Պատրաստ եմ մինչեւ վերջ կանգնելու գրադարանի արժանապատիւ աշխատակիցների կողքին, որոնք ամիսներ շարունակ պայքարում են այս անչափ կարեւոր ազգային, պետական, ռազմավարական նշանակութեան տեղեկատւական հարուստ պաշարը փրկելու համար»: