Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռուս փորձագէտ. «Չեմ բացառում «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ Փաշինեանի, Ալիեւի եւ Էրդողանի միջեւ որեւէ դաւադրութեան հնարաւորութիւնը»

«ԱԼԻՔ» – Տնտեսագիտութեան բարձրագոյն դպրոցի Համաշխարհային տնտեսութեան եւ միջազգային քաղաքականութեան ֆակուլտետի եւրոպական եւ միջազգային հետազօտութիւնների կենտրոնի փոխտնօրէն Դմիտրի Սուսլովը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Մոսկւայի, Բաքւի եւ Երեւանի միջեւ յարաբերութիւնների ճգնաժամը, Ռուսաստանի քաղաքականութիւնը Հարաւային Կովկասում, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտութեան եւ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների վերաբերեալ։

Փորձագէտի խօսքով՝ Ադրբեջանի հետ ճգնաժամը բացայայտ քաղաքական բնոյթ ունի, որն արհեստականօրէն ուռճացւում է Բաքւում։

«Ակնյայտ է, որ տեղի ունեցող ձերբակալութիւնները գործիք են, բայց ոչ տւեալ ճգնաժամի պատճառը։ Այսինքն՝ Բաքուն շեշտը դնում է առնւազն Ռուսաստանի հետ յարաբերութիւնների սրման, առաւելագոյնը՝ խզման վրայ: Միւս կողմից, այն բանից յետոյ, երբ Ադրբեջանը ամբողջութեամբ վերահսկողութեան տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղը եւ ռուսական խաղաղապահները հեռացան այնտեղից, պարզ դարձաւ, որ Ռուսաստանի ազդեցութիւնը Հարաւային Կովկասում ընդհանուր առմամբ նւազել է։ Հետեւաբար, հաւանաբար, հէնց այս փուլում Բաքւում եկել են այն մտքին կամ եզրայանգման, որ այժմ կարող են իրենց թոյլ տալ այն, ինչ չէին կարող թոյլ տալ նախկինում։

Բացի այդ, Ռուսաստանը մեծ կախւածութիւն ունի Ադրբեջանից պատժամիջոցային ռեժիմները շրջանցելու լոգիստիկ երթուղիների մասով, քանի որ հէնց Ադրբեջանով է անցնում Հիւսիս-Հարաւ տրանսպորտային միջանցքը, որում Ռուսաստանը կարիք ունի Հնդկական օվկիանոս դուրս գալու համար։ Կարծում եմ, որ այս ամէնը հաշւի է առնւել Բաքւում՝ այն եզրակացութեանը գալու համար, որ այժմ, նրանց կարծիքով, Ռուսաստանն աւելի շատ է կախւած Ադրբեջանից, քան Ադրբեջանը Ռուսաստանից»,- ասել է Սուսլովը։

Փորձագէտի կարծիքով՝ տեղի ունեցողն արտացոլում է տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերի ձգտումը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարաւային Կովկասից։

«Հարկ է ուշադրութիւն դարձնել, որ ճգնաժամը տեղի է ունենում միաժամանակ ե՛ւ ռուս-ադրբեջանական, ե՛ւ ռուս-հայկական յարաբերութիւններում։ Եւ դա կարող է խօսել այն մասին, որ տեղի է ունենում Ռուսաստանին Հարաւային Կովկասից դուրս մղելու ինչ-որ համակարգւած գործունէութիւն։ Դեռեւս դժւար է գնահատել, թէ որքան հեռու կարող է գնալ ներկայիս ճգնաժամը ռուս-ադրբեջանական յարաբերութիւններում։ Բայց Մոսկւայի հռետորաբանութիւնն այսօր բաւականին զգուշաւոր է։ Այո, Ռուսաստանի պաշտօնական իշխանութիւնները խօսում են այն մասին, որ ռուս-ադրբեջանական յարաբերութիւնները դաշնակցային են, եւ դրսից ինչ-որ մէկը փորձում է փչացնել դրանք։ Սա նշանակում է՝ Ռուսաստանը շահագրգռւած է չվնասել ռուս-ադրբեջանական յարաբերութիւններին։ Այս փուլում Ռուսաստանը, հաւանաբար, կը նպաստի, որպէսզի այս ճգնաժամը մեղմւի, եւ որքան շուտ, այնքան լաւ։ Քանի որ, հաւանաբար, Ադրբեջանում նոյնպէս դժւար թէ շահագրգռւած լինեն ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների աղէտալի փլուզմամբ՝ ընդհուպ մինչեւ ռազմական բախում։ Բայց թէ որքանով են նրանք պատրաստ հետագայում սրել իրավիճակը, դեռեւս դժւար է պատասխանել»,- ասել է Սուսլովը։

Փորձագէտը նշել է նաեւ, որ Ադրբեջանի շահագրգռւածութիւնն այս ճգնաժամը նախաձեռնելու հարցում կարող է լինել այն, որ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի խնդիրը լուծելու տեղեկատւական-քաղաքական նախապատրաստութիւն է ընթանում։

«Ադրբեջանին կարեւոր է հասնել «Զանգեզուրի միջանցք»-ի իրականացմանը, ընդ որում ոչ թէ իրանական տարածքով, այլ հայկական, իսկ Ռուսաստանը խոչընդոտում է այդ գործընթացին։ Ռուսաստանը կը ցանկանար, որ այդ միջանցքն անցնէր կա՛մ Իրանի տարածքով, կա՛մ Հայաստանի տարածքով, բայց ռուսական վերահսկողութեան ներքոյ, ինչպէս ժամանակին պայմանաւորւածութիւն էր ձեռք բերւել։ Դա, ակնյայտօրէն, չի բաւարարում Ադրբեջանին։ Նա ցանկանում է, որ այդ միջանցքը գտնւի ադրբեջանական վերահսկողութեան ներքոյ»,- ընդգծել է Սուսլովը։

Փորձագէտը մեկնաբանել է նաեւ Արեւմուտքի դիրքորոշումը Հարաւային Կովկասի գործընթացներում։

«ԱՄՆ-ն այժմ աւելի քիչ է փորձում ներգրաււել յետխորհրդային տարածքի գործերում, իսկ ահա Եւրոպան՝ պարտւելով Ուկրաինայում, ակնյայտօրէն փորձում է նոր ճակատներ բացել, փորձում է Ռուսաստանին ներքաշել այլ կոնֆլիկտների մէջ, ցանկալի է թէժ ռազմական հակամարտութիւններ յետխորհրդային տարածքում»,- յաւելել է Սուսլովը։

Փորձագէտի խօսքով՝ չի բացառւում Փաշինեանի, Ալիեւի եւ Էրդողանի միջեւ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ ինչ-որ դաւադրութեան հնարաւորութիւնը։ Հէնց դրանով է նա բացատրում Հայաստանի իշխանութիւնների վերջին գործողութիւնները եկեղեցու, ընդդիմութեան եւ յայտնի գործարար Սամուէլ Կարապետեանի դէմ։

«Ինչ վերաբերում է Հայաստանին եւ այն դիրքորոշմանը, որը որդեգրել է Հայաստանի ղեկավարութիւնը, ինձ թւում է, որ Կարապետեանի եւ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ Հայաստանի կառավարութեան գործողութիւնները խօսում են ներկայիս ղեկավարութեան՝ Հայաստանում աւտորիտար ռեժիմ հաստատելու ձգտման մասին։ Ինչո՞ւ է Փաշինեանին պէտք աւտորիտար ռեժիմը։ Նախ, մենք տեսնում ենք, որ դա բաւականին տարածւած պրակտիկա է այն մարդկանց համար, որոնք իշխանութեան են եկել խռովութեան արդիւնքում։ Նրանք ցանկանում են մնալ իշխանութեան փաստացի ընդմիշտ։ Նրանք կարծես թէ պայքարում էին ժողովրդավարութեան համար, իսկ իրականում իշխանութեան գալով՝ հաստատում են աւտորիտար ռեժիմ։

Երկրորդ, Փաշինեանն, ըստ ամենայնի, իրականացնում է հայկական քաղաքականութեան հիմնարար շրջադարձ՝ ինչպէս արժէքային, այնպէս էլ արտաքին քաղաքականութեան։ Իսկ դա անհնար է իրականացնել ժողովրդավարական պայմաններում, որովհետեւ Հայաստանի բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը դէմ է, եւ միայն խիստ աւտորիտար ռեժիմը տեսականօրէն կարող է թոյլ տալ իրականացնել այն, ինչ նա փորձում է իրականացնել, այն է՝ մերձեցում Թուրքիայի հետ, հաշտեցում Ադրբեջանի հետ։ Ես չեմ բացառում Փաշինեանի, Ալիեւի եւ Էրդողանի միջեւ որոշակի դաւադրութեան եւ պայմանաւորւածութեան հնարաւորութիւնը «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ։

Պատահական չէ, որ այս ամէնը յատկապէս սրւել է Փաշինեանի՝ Թուրքիա կատարած այցից եւ Թուրքիայի հետ նրա մերձեցումից յետոյ։ Ուստի, ես չէի բացառի այն տարբերակը, որ Փաշինեանը մտադիր է Հայաստանի տարածքի մի մասը յանձնել Ադրբեջանին՝ յանուն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մերձեցման։ Եւ այստեղ Ռուսաստանը դառնում է որոշակի խոչընդոտ Ադրբեջանի, Փաշինեանի եւ Թուրքիայի համար, քանի որ Ռուսաստանը դէմ է նման սցենարին եւ կողմ է այն ամէնին, ինչի շուրջ ի սկզբանէ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել»,- եզրափակել է Սուսլովը։

Related Articles

Back to top button