Ընկերվար Երիտասարդների միջազգային միութեան փոխնախագահը կոչ է արել COP29-ի շրջանակներում քայլեր ձեռնարկել՝ դատապարտելու Ադրբեջանի հակահայ քաղաքականութիւնը
Սեպտեմբերի 6-ից 10-ը Մարոկոյի մայրաքաղաք Ռաբաթում գումարւել են Ընկերվար (սոցիալիստ) Երիտասարդների միջազգային միութեան (ԸԵՄՄ/IUSY) ղեկավարութեան ժողովը եւ Երիտասարդ սոցիալ դեմոկրատական խորհրդարանականների ֆորումը, որոնց մասնակցել է ԸԵՄՄ-ի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Սարինէ Աբրահամեանը:
ԸԵՄՄ-ի ղեկավարութեան ժողովի առանցքային օրակարգը 2025-ի գործունէութեան ծրագրի քննարկումն էր: Սարինէ Աբրահամեանն իր զեկոյցում ներկայացրել է Հայաստանի այսօրւայ արտաքին մարտահրաւէրները, մասնաւորապէս՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութիւնը, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականութեան ոտնահարումն ու ուժի սպառնալիքի տակ զիջումների անօրինական պահանջը: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, մասնաւորապէս՝ ընդդիմադիր ուժերի եւ անհատների նկատմամբ իշխանութեան քաղաքական հետապնդումներին եւ ոստիկանութեան կողմից բիրդ ուժի կիրառմանը։
Ծաւալուն քննարկման է արժանացել Բաքւում կայանալիք COP29-ի միջոցառումն ու դրա հետ կապւած անելիքները: Աբրահամեանը յիշեցրել է Ադրբեջանի՝ Արցախում իրականացրած էթնիկ զտման, Արցախի մշակութային ժառանգութեան բնաջնջման, Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների մասին: Նա տեղեկացրելէ նաեւ Ադրբեջանում մարդու իրաւունքների ոտնահարման, շրջակայ միջավայրի աղտոտման, բռնապետութեան եւ ժողովրդավարութեան պակասի մասին:
Ֆորումի շրջանակներում Սարինէ Աբրահամեանը հանդիպումներ է ունեցել Մարոկոյից, Կոլոմբիայից եւ Կաբօ Վերդէից ժամանած պատգամաւորների հետ՝ վերջիններիս հետ քննարկելով Բաքւում կայանալիք COP29-ի հետ կապւած հարցերը։
Ներկայացնելով վերոնշեալ հիմնախնդիրները՝ Սարինէ Աբրահամեանը շեշտադրել է Արցախի ղեկավարութեան, բոլոր ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտութիւնը: Նա կոչ է արել պատգամաւորներին՝ իրենց կառավարութիւններից պահանջել՝ դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութիւնը, պահանջել Ադրբեջանից անյապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Պատգամաւորները տեղեկացրել են՝ դեռեւս պաշտօնապէս յայտարարւած չէ իրենց երկրների մասնակցութեան ձեւաչափը, սակայն խոստացել են հետեւել իրադարձութիւններին եւ հարցեր ուղղել իրենց կառավարութիւններին՝ Բաքւում կայանալիք COP29-ի վերաբերեալ:
13 սեպտեմբերի 2024 թ.