Թողնե՞լ, թէ՞ չթողնել Հայաստանի ստորագրութիւնը Նոյեմբերի 9-ի յայտարարութեան տակ, սա է հարցը
(Փաշինեանը միտումնաւոր Հայաստանը տարել է փակուղի)
Քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծութիւն, որում մասնաւորապէս ասւում է.
«Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինեանը ՀՀ Ազգային ժողովում իր ելոյթով հաստատեց մեր վերլուծութեան ճշտութիւնը՝ Հայաստանում իշխող ուժը մտածում է Հայաստանի անվտանգութեան համակարգի ամբողջական ոչնչացման, այսինքն՝ հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին։ Աւելին, Ռուսաստանի Դաշնութեան ԱԴԾ սահմանապահ զօրքերի հնարաւոր դուրսբերման մասին յայտարարութիւնն արւել է 2020 թւականի նոյեմբերի 9-ի յայտարարութեան վերլուծութեան համատեքստում, որը խորհրդարանում ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան առաջնորդը։
Փաշինեանն ընթերցել է նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից նաեւ հետեւեալ հատւածը եւ մեկնաբանել այն. «Տրանսպորտային հաղորդակցութեան նկատմամբ վերահսկողութիւն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայութեան մարմինները»: Որտե՞ղ է գրւած, որ այս ԱԴԾ սահմանապահ ծառայութեան մարմինները պէտք է տեղում ներկայ լինեն: Չկայ նման բան գրւած: Եթէ նոյնիսկ նկատի է առնւում ՀՀ-ում ռուս սահմանապահների ներկայութիւնը, էդ ներկայութիւնը մեր երկրում պայմանագրային հարց է, ՀՀ որոշման հարցն է: Այսօր որոշել է, որ ներկայ են իրենք, վաղը կարող է որոշել, որ ներկայ չեն իրենք»,- ասել է նա։
Մի կողմ թողնենք այն, որ նոյնիսկ Երեւանի եւ Մոսկւայի միջպետական համաձայնագրից պարզ է դառնում՝ փաստաթուղթը շօշափում է ոչ միայն Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը, այլեւ ԽՍՀՄ-ի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ տեղի ունեցած իրաւայարաբերութիւնները, գումարած ԱՊՀ Հաւաքական անվտանգութեան շահերը (Տես պայմանագրի 3-րդ յօդւածում), այնպէս որ Փաշինեանը միանձնեայ չի կարող որեւէ որոշում կայացնել, եւ կը բացայայտենք այդ յայտարարութեան քաղաքական բաղադրիչը։
Նիկոլ Փաշինեանը շատ վտանգաւոր խաղ է խաղում Հայաստանի անվտանգութեան հետ՝ յայտարարելով (հաւանաբար ոչ առանց արեւմտեան գործընկերների համաձայնութեան եւ հաւանութեան) ՌԴ ԱԴԾ սահմանապահների հնարաւոր դուրսբերման մասին հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններից։ Փաշինեանը յայտարարում է Հայաստանի անվտանգութեան համակարգը ոչնչացնելու պատրաստակամութեան մասին, միայն թէ ՌԴ-ին հնարաւորութիւն չտայ նոյեմբերի 9-ի փաստաթղթի (Փաշինեանի կողմից ստորագրւած) համաձայն՝ ՀՀ տարածքով անցնող հաղորդակցութիւններին ներկայութիւն ունենալ։
Հայաստանի Ազգային անվտանգութեանը սպառնացող վտանգի մակարդակով Փաշինեանի եւ նրա արեւմտեան գործընկերների այս նախաձեռնութիւնը համեմատելի է միայն «Արցախի կարգավիճակի ակնկալիքների նշաձողն իջեցնելու» Փաշինեանի նախաձեռնութեան հետ, որը յանգեցրեց հայկական երկրորդ պետականութեան լուծարմանը, որն իր հերթին Հայաստանը կանգնեցրեց նոր պատերազմի շեմին։
Նիկոլ Փաշինեանի վերոնշեալ յայտարարութիւնից յետոյ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական եւ փորձագիտական հանրութեան մէջ սկսեցին կրկին խօսել, որ Փաշինեանը պիտի հետ կանչի 2020 թւականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից՝ Հայաստանի Հանրապետութեան ստորագրութիւնը։ Բայց որեւէ մէկն ասո՞ւմ է, թէ դա ինչի կը յանգեցնի։
Հայաստանի ստորագրութեան հետ կանչելը Ադրբեջանին քարտ-բլանշ կը տայ Հայաստանի Հանրապետութեան դէմ նոր ռազմական ագրեսիայի համար (Ի՞նչ էք կարծում, ինչո՞ւ է Բաքուն անընդհատ ապատեղեկատւութիւն տարածում երկու երկրների սահմանին լարւածութեան մասին, յատկապէս Նախիջեւանի գօտում: Ադրբեջանը պատրաստւում է պատերազմի): Բաքուն կյայտարարի, որ Հայաստանը հրաժարւում է կատարել հաղորդակցութիւնների ապաշրջափակման իր պարտաւորութիւնները, ինչն իր հերթին նշանակում է, որ Բաքուն կարող է իրեն իրաւունք վերապահել «խնդիրն այլ կերպ լուծել»։
Այդ իսկ պատճառով այս փուլում Փաշինեանը որոշել է գնալ այլ ճանապարհով՝ պարզապէս սաբոտաժի ենթարկել նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը, եւ եթէ անհրաժեշտ լինէր նոյնիսկ դուրս բերել ռուս սահմանապահներին, որ հնարաւորութիւն չտայ Ռուսաստանի Դաշնութեանը ներկայ լինել «հաղորդակցութիւնների վրայ»:
Վերջին 6 տարւայ փորձը վկայում է, որ Փաշինեանի եւ նրա արեւմտեան գործընկերների օրակարգում այնքան գերիշխող է Ռուսաստանի Դաշնութեանը տարածաշրջանից հեռացնելու գաղափարը, որ եթէ ինչ-որ պահի հնարաւոր չլինի խուսափել պարտաւորութիւնների կատարումից՝ պարզապէս սաբոտաժ անելով նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը, ապա Փաշինեանը հետ կը կանչի իր ստորագրութիւնը:
Նա դա կանէր աւելի վաղ, սակայն, ըստ ամենայնի, դեռ չի ստացել անձնական անվտանգութեան երաշխիքներ կամ անձնական իշխանութեան վերարտադրման երաշխիքներ նոր պատերազմի բռնկման դէպքում՝ արդէն ՀՀ տարածքում։ Ե՛ւ ստորագրութիւն յետ կանչելու, ե՛ւ դրա պահպանումը Հայաստանի համար խաղաղութիւն չեն երաշխաւորում։ Խաղաղութիւնը կարող էր գալ, Արցախը կարող էր մնալ հայկական, եթէ իրագործւէր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Սակայն, ելնելով իր գործընկերների շահերից եւ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու անհրաժեշտութեան վերաբերեալ անձնական համոզմունքից, Փաշինեանը նախ Արցախը յանձնեց, իսկ հիմա վտանգի տակ է դրել Հայաստանը։
Ցաւօք սրտի, հայ քաղաքական դաշտի մի զգալի մասը չհասկացաւ ու չի հասկանում, որ հայոց պետականութեան պահպանումը հնարաւոր էր միայն այն դէպքում, եթէ իրականացւէին նոյեմբերի 9-ի պայմանաւորւածութիւնները… Չհասկացան։ Չեն հասկանում։ Նոյնիսկ «աշխարհը նկարագրելու մեր լեզուն» մեզ մօտ մնացել է ոչ թէ նոյեմբերի 9-ին, այլ 2020 թւականի սեպտեմբերի 27-ին նախորդող իրողութիւնների մակարդակում…
Մտածէ՛ք այդ մասին…»։