Հայաստան - Արցախ

Արցախի կարգավիճակը 103 տարի առաջ

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ

քաղաքագէտ

 

103 տարի առաջ, 1921 թ. յուլիսի 5-ին, Արցախի լեռնային մասը բռնակցւել է Խորհրդային Ադբեջանին:

1921 թ. յուլիսի 4-ին Թիֆլիսում հրաւիրւել է Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշեւիկյան) կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի կովկասեան Բիւրոյի պլենում, որտեղ, բացի Բիւրոյի ութ անդամներից, ներկայ է գտնւել նաեւ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի անդամ Իոսիֆ Ստալինը։

Արցախի վերաբերեալ հարցի քննարկման ժամանակ ի յայտ է եկել լուծման երկու տարբերակ՝

1. Ղարաբաղը թողնել Ադրբեջանի սահմաններում, հանրաքւէ անցկացնել ամբողջ Ղարաբաղում ողջ բնակչութեան մասնակցութեամբ ինչպէս հայերի, այնպէս էլ մահմեդականների։

2. Ղարաբաղի լեռնային մասն ընդգրկել Հայաստանի կազմի մէջ, հանրաքւէ անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում, այսինքն՝ հայերի շրջանում։

Վերոնշեալ երկու տարբերակներից քւէարկութեան արդիւնքում ընդունւել է երկրորդ տարբերակը, այն է՝ Լեռնային Ղարաբաղն ընդգրկել Խորհրդային Հայաստանի կազմի մէջ, հանրաքւէ անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում, այսինքն՝ հայերի շրջանում։

Որոշման ընդունումից անմիջապէս յետոյ Խորհրդային Ադրբեջանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Նարիման Նարիմանովը հանդէս է եկել հետեւեալ յայտարարութեամբ. «Նկատի ունենալով այն կարեւորութիւնը, որն ունի ղարաբաղեան հարցն Ադրբեջանի համար՝ անհրաժեշտ եմ համարում նրա վերջնական որոշման համար այն տեղափոխել Ռուսաստանի կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէ»։

Նարիմանովի յայտարարութեան հիման վրայ որոշւել է հետեւեալը. «Նկատի ունենալով, որ Ղարաբաղի վերաբերեալ հարցն առաջացրել է լուրջ տարաձայնութիւն՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի Կովկասեան բիւրօն անհրաժեշտ է համարում նրա վերջնական որոշման համար այն տեղափոխել Ռուսաստանի կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէ»։

Սակայն, յուլիսի 5-ին, Կովկասեան բիւրոյի անդամներ Օրջոնիկիձէն եւ Նազարեթեանը բարձրացնում են բիւրոյի՝ նախորդ օրը տեղի ունեցած նիստում Ղարաբաղի վերաբերեալ ընդունած որոշումը վերանայելու մասին հարցը:

Դատելով Կովկասեան բիւրոյի յուլիսի 5-ի պլենումի արձանագրութիւնից` կարող ենք պնդել, որ բարձրացւած հարցի վերաբերեալ քննարկում եւ ապա քւէարկութիւն, որպէս այդպիսին, տեղի չի ունեցել: Հարցն առանց քննարկելու եւ քւէարկութեան դնելու, որոշւել է հետեւեալը.

«1. Ելնելով մահմեդականների եւ հայերի միջեւ ազգային խաղաղութեան եւ Ստորին ու Վերին Ղարաբաղի տնտեսական կապի, Ադրբեջանի հետ նրա մշտական կապի անհրաժեշտութիւնից՝ Լեռնային Ղարաբաղը թողնել ԱդրԽՍՀ սահմաններում՝ տալով նրան լայն մարզային ինքնավարութիւն ք. Շուշի վարչական կենտրոնով, որը մտնում է ինքնավար մարզի կազմի մէջ։

2.Յանձնարարել Ադրբեջանի Կենտրոնական կոմիտէին որոշել ինքնավար մարզի սահմանները եւ ներկայացնել Ռուսաստանի կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի Կովկասեան բիւրոյի հաստատմանը։                        

3. Յանձնարարել Կենտրոնական կոմիտէի Կովկասեան բիւրոյի նախագահութեանը խօսել Հայաստանի Կենտրոնական կոմիտէի եւ Ադրբեջանի կենտրոնական կոմիտէի հետ Լեռնային Ղարաբաղի արտակարգ կոմիսարի թեկնածութեան վերաբերեալ։

4. Ադրբեջանի կենտրոնական կոմիտէին որոշել Լեռնային Ղարաբաղի ինքնավարութեան ծաւալը եւ ներկայացնել Ռուսաստանի կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի Կովկասեան բիւրոյի հաստատմանը»։

Հարկ է նշել, որ Խորհրդային Ադրբեջանը դեռեւս 1920 թ. նոյեմբերին ճանաչել էր Արցախի լեռնային մասի պատկանելութիւնը Խորհրդային Հայաստանին:

1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետութիւնում հաստատւում են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, Խորհրդային Ադրբեջանի յեղափոխական կոմիտէի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհաւորական ուղերձ է յղել, որտեղ յայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան Հեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի «Այսօրւանից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային վէճերը յայտարարւում են վերացւած: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը համարւում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետութեան մասը»:

Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի վերոնշեալ որոշումը, ստորագրւած Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի եւ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հոսէյնովի կողմից, 1920 թ. դեկտեմբերի 7-ին տպագրւել է Երեւանում լոյս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերէն թարգմանութեամբ:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առթիւ 1920 թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հրապարակել է նաեւ հռչակագիր, որտեղ վերջինս Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ որոշակիօրէն խմբագրել է Ադրբեջանի Հեղկոմի ընդամէնը մէկ օր առաջ՝ 1920 թ. նոյեմբերի 30-ին ընդունած որոշումը:

Հռչակագրում Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահը, մասնաւորապէս, յայտարարել է, որ «…Զանգեզուրի եւ Նախիջեւանի գաւառները հանդիսանում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատաւոր գիւղացիութեանը տրւում է ինքնորոշման լիարժէք իրաւունք…»:

Յաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, հռչակագիրը տպագրւել է Բաքւում լոյս տեսնող ռուսալեզու «Կոմունիստ» թերթի 178-րդ համարում:

Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920 թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը եւ Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների միջեւ ձեռք բերւած համաձայնութիւնը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միասնիկեանը 1921 թ. յունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով յայտնել է, որ այսուհետ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը. «Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի եւ Հայաստանի ու Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ յայտարարւում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»:

Դեկրետը հրապարակւել է Երեւանում լույս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1921 թ. յունիսի 19-ի համարում: Նոյն թւականի յունիսի 22-ին դեկրետը տպագրւել է նաեւ Բաքւում լոյս տեսնող «Бакинский рабочий» ռուսալեզու թերթում:

Փաստօրէն, չնայած նրան, որ կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի կովկասեան բիւրոյի յուլիսի 4-ի նիստում քննարկման եւ քւէարկութեան արդիւնքում որոշւել էր Լեռնային Ղարաբաղն ընդգրկել Խորհրդային Հայաստանի կազմի մէջ, իսկ այնուհետեւ Նարիմանովի յայտարարութեան հիման վրայ էլ որոշւել էր հարցի վերջնական լուծման համար այն տեղափոխել Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէ, յուլիսի 5-ին, հարցն առանց քննարկելու եւ քւէարկութեան դնելու, որոշւել է Լեռնային Ղարաբաղը մտցնել Խորհրդային Ադրբեջանի սահմանների մէջ։

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Արցախի հարցը վերջնական լուծման նպատակով չի տեղափոխւել Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէ, ինչպէս որոշւել էր կովկասեան բիւրոյի յուլիսի 4-ի նիստում:

Այսպիսով, 1920 թ․ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան յեղափոխական կոմիտէի որոշմամբ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան մաս համարւած եւ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի 1921 թ. յունիսի 12-ին ընդունած դեկրետի համաձայն Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղը, Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի կովկասեան բիւրոյի՝ տարածքային հարցեր լուծելու իրաւունք չունեցող երրորդ երկրի կուսակցական մարմնի չքննարկւած եւ քւէարկութեան չդրւած, այսինքն՝ ըստ էութեան չընդունւած, անօրինական որոշմամբ, մտցւել է Խորհրդային Ադրբեջանի սահմանների մէջ։

Նկատի ունենալով վերոնշեալը՝ կարող ենք պնդել, որ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի կովկասեան բիւրոյի 1921 թ. յուլիսի 5-ի անօրինական որոշմամբ Արցախի տարածքը բռնի կցւել է Խորհրդային Ադրբեջանին՝ առանց հաշւի առնելու Արցախի ժողովրդի կամքը։

Related Articles

Back to top button