Հայաստան - Արցախ

Երբ իրենց աթոռը պահանջի, մէկ ժամում կը դառնան այնպիսի ռուսամէտ, որ բնոյթով ռուսամէտները կը զարմանան

Այն ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են մեր երկրին, մեր երկրի վերջնական կապիտուլիացիան է։ Անունը ինչ էլ դնեն, ինչ քաղցր խօսքերով էլ փաթեթաւորեն, դա իրականում ՀՀ-ի գոյութեան վերջի սկիզբն է։ Այս մասին Երկիր Մեդիա հեռուստաալիքի «Երկրի հիւրասրահը» հաղորդման ժամանակ նշել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադէոս Աւետիսեանը՝ ընդգծելով, որ ելքը այս իշխանութեան հեռացումն է։ «Իրենք ինչքան իշխանութեան մնան, մենք այդքան պատերազմի մէջ ենք լինելու, կորցնելու ենք եւ կորցնելու ենք ե՛ւ մեր հայրենիքի տարածքները, ե՛ւ մեր ինքնիշխանութիւնը, ե՛ւ հայ ժողովրդի զաւակներին»։

Աւետիսեանը ներկայացրել է տարբեր ոլորտներում այս իշխանութեան գործունէութիւնը․ կոռուպցիան աւելի արմատաւորւած է, ինստիտուցիոնալ հիմքերով՝ թաթախւած են կոռուպցիայի մէջ։ Պաշտպանողական ներուժը վերացրին։ Հարւածել են երկրի դիմադրողականութեան արմատներին։ Ազգային արժէքները ոչնչացնում են։ Տնտեսական կախւածութիւնը արտաքին դերակատարներից պատիկներով աւելացել է։ Տնտեսական ռիսկերը դարձել են անսանձելի։ Կրթութիւնից ազգայինը հանում են, անհասկանալի դոկտրիններով են առաջ տանում։

Ընդդիմադիր պատգամաւորի խօսքով՝ քանի որ բոլոր դէպքերում այս իշխանութիւնը առաջնորդւում է իր աթոռը պահելու մղումով, պէտք լինի, իրենք ամենամեծ ռուսական ագենտը կը լինեն։ Թադէոսեանը համոզւած է, որ նրանք եթէ պէտք լինի կը զիջեն Ռուսաստանին, կամ Արեւմուտքին, իսկ ամենացաւալի փաստն այն է, որ եթէ պէտք լինի, նաեւ թշնամուն են զիջում։ «Երբ իրենց աթոռը պահանջի, մէկ օրում, մէկ ժամում կը դառնան այնպիսի ռուսամէտ, որ բնոյթով ռուսամէտները կը զարմանան»։

Հարցին, թէ արդեօ՞ք թոյլ ընդդիմութիւն են, որ այս վարչախումբը շարունակում է իշխանութեան մնալ, Աւետիսեանը պատասխանել է․ «Խօսքը բացարձակ դասական քաղաքական գործընթացների մասին չէ։ Թուրքիան, Ադրբեջանը եւ նաեւ շահերի համընկնում ունեցող այլ երկրներ՝ տեղում ունենալով իրենց սեփական իշխանութիւնը մեր երկրում, փորձում են ծրագիր իրականացնել, որն իրենց չի յաջողւել 100-ամեակներ։ Ունեցել են նպատակը, փորձել են, չի յաջողւել, հիմա ողջ ծաւալով փորձում են։ Տեսէք՝ ինչ ռեսուրսներ ունեն, ինչ ազդեցութիւն ունեն աշխարհաքաղաքական․․․ Այսօր ցանկացած մարդ, որ հասկանում է այս իրավիճակը եւ փորձում է պայքարել, նա մեր ժողովրդի իմունիտետն ու դիմադրողականութիւնն է»։ Աւետիսեանը պայքարն ինստիտուցիոնալացնելու անհրաժեշտութիւն է տեսնում։

Զրոյցի ընթացքում պատգամաւորը անդրադարձել է ԵՄ անդամակցութեանը տնտեսական դիտանկիւնից։ Աւետիսեանը փնթի մանիպուլիացիա որակեց Փաշինեանի այն թէզը, թէ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ լինել մօտիկ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարաւոր կը համարի։ «Ի՞նչ է, մենք չունե՞նք շահ»։ Նա ընդգծել է, որ մեր արտահանումների մեծ բաժինը գնում է ԵԱՏՄ երկրներ եւ ոչ ԵՄ, իսկ նաւթային ռեսուրսը ներկրում ենք ԵԱՏՄ երկրներից, մասնաւորապէս՝ Ռուսաստանից։

Աւետիսեանի դիտարկմամբ՝ իշխանութիւնը հիմա էլ տնտեսական ներխուժման համար է դռները բացում, որ դառնանք թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական գերին։ «Յետոյ էլ գան ասեն՝ բա ի՞նչ անենք։ Այ, որ էս մի կտոր հողն էլ չտանք, գազը կանջատեն, ձմեռով կը մրսենք»։

Տնտեսագէտը ներկայացրել է տնտեսական մի շարք ցուցանիշներ․ «Հարկային եկամուտները մօտ 8 տոկոս՝ 44 մլրդ. դրամով թերակատարւել է, չեն կարողացել հաւաքել։ Պետական պարտքը մօտ 320 մլն. դոլարով 3 ամսում աւելացրել են։ Հիմա ի՞նչ են խօսում։ 12,2 մլրդ. դոլարի են հասցրել ՀՀ պետական պարտքը՝ 80 տոկոսով աւելացնելով»։

Related Articles

Back to top button