ԱտրպատականՀամայնք

Ողջերթի հանդիսութիւն ՀՕՄ-ի Ուրմիայի ատենապետուհիին

Յունիսի 30-ին ուրմիահայ համայնքի Ս. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի նախաձեռնութեամբ, եւ իր կող­քին ունենալով միւս ազգային կառոյցների համագործակցութիւնը, հանդիսութիւն կազմակերպւեց, մեծարելու ու գնահատանքի խօսքեր արտայայտելու ՀՕՄ-ի մաս­նաճիւղի նախագահուհի Սեդա Մեջլումեանին, նրա 51 տարւայ օրինակելի ծառայութեան համար, ու նաեւ նրա ամուսնու Սամուէլ Բադալեանին Գործխորհրդի եւ Պատ­գա­մաւորական ժողովի անցեալի անդամ լինելու համար:

Միջոցառմանը հրաւիրւած էին բոլոր ազգային կառոյցները, բարերար եւ բարերարուհի տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանները:

Բացումը կատարւեց ՀՕՄ-ի ատենադպրուհի՝ Լինէթ Հախվերդեանի բարի գա­լստեան խօսքով: Նա անդրադարձաւ Սեդա Մեջլումեանի ՀՕՄ-ի ընտանիքում մուտք գործելու առաջին շրջանի մասին, թէ ինչպէս 1973 թւականին, ժամանակի Գործխորհրդի նախագահ հանգուցեալ Եփրեմ Ասատրեանի կողմից, քաղաքի պա­տաս­խանատու Կանանց միջից ընտրւած 12 հոգանոց վարչութեան անդամուհին դարձաւ Սեդա Մեջլումեանը մինչ այսօր, եւ նոյն վարչութիւնում, հանգուցեալ Օֆիկ Օրդուխանեանի նախագահութեան օրօք վարեց ե՛ւ  քարտուղարութեան, ե՛ւ հաշ­ւապահութեան պաշտօնը, իսկ վերջերս նա 15 տարով նախագահեց ՀՕՄ-ի Ուրմիայի վարչութեան:

Ատրպտականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի Օրհնութեան ուղերձը ընթերցելու համար բեմ հրաւիրւեց Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Սրբազան Հօր գնահատանքի խօսքերում յուշագրաւեց այն բաժինը, թէ «Նրա հեռանալը մեծ վնաս է մեր համայնքին. բայց դրանով հանդերձ, միշտ յիշւելու է իր օրինակելի ծառայութիւնը Ուրմիահայ համայնքին»:

Ապա բեմ հրաւիրւեց Լալա Ֆարհադեանը, որ ըստ օրէնքի ատենապետուհու հեռանալուց յետոյ, ՀՕՄ-ի նախագահութեան պատասխանատութիւնն էր ստանձ­նելու: Ժողովի ընթացքում Սեդա Մեջլումեանը յանձնարարել էր Լալա Ֆարհադեանին, ստանձնել ատենապետուհու պաշտօնը: Այս առիթով, Լալա Ֆարհադեանն էլ խոր յուզմունքով արտայայտեց իր սրտի խօսքերը ու նաեւ անդրադարձաւ Սեդա Մեջլումեանի առօրեայ կեանքից սկսած մինչ ՀՕՄ-ի կեանքի կենսագրութիւնը եւ խօսքը աւարտեց, օրւայ առիթով Յովհաննէս Թումանեանից մի քառեակ կարդալով:

Բեմ հրաւիրւեց նաեւ Պատգամաւորական ժողովի դիւանի ներկայացուցիչ Սարինէ Մեջլումեանը: Նա էլ իր հերթին բարձր գնահատեց ու մեծարեց օրւայ հերո­սուհի՝ Սեդա Մեջլումեանին, նրա մարդասիրական եւ կրթական  աշխատանքների համար որը ունեցել էր նա ե՛ւ ՀՕՄ- ում, ե՛ւ համազգային բոլոր  կառոյցներում, հարկ եղած պարագայում: Նա գնահատեց նաեւ Սամւէլ Բադալեանին, Գործխորհրդում եւ Պատգամաւորական ժողովում տարած աշխատանքների համար:

Նոյն օրը ստացւել էր նաեւ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի ուղերձը, որը ըն­թերցւեց Լինէթ Հախւերդեանի միջոցով: Այս գրութիւնում էլ ուշագրաւ էր այն տողը, որը ասում էր. «Դուք մեր նւիրական գործի, կառոյցի անհատականութիւններից մէկն էք, որ միշտ կը մնաք այդպիսին եւ միշտ Ձեր բացը զգալի կը լինի»:

Ծրագրի ընթացքը շարունակւեց հիւրընկալութեամբ եւ գեղարւեստական բաժ­նով. այս առթիւ արտասանեցին Նորվարդ Անտոնեանը՝ Գեարդաբադից, ՀՕՄ-ի անդամուհիներից Ծո­վիկ Յարթունեանը, Օֆելիա Սայեադեանը եւ Ռուզաննա Մուրադ­եանը՝ մանկա­պա­տէզից, Անահիտ Բաբախանեանը՝ Խնամակալ մարմնից, իսկ որպէս Սեդայի աշա­կերտուհի՝ Նարինէ Մեջլումեանը, եւ կրկին ՀՕՄ-ից՝ Նարինէ Բար­բար­եանը:

Տեղի ունեցաւ նւէրների բաշխումը.բեմ հրաւիրւեցին Տէր Հայրը, ազգային կա­ռոյցների ներկայացուցիչները՝ պատգամաւորական ժողովի, Գործխորհրդի եւ Խնա­­մակալ մարմնի անդամներ, Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութիւնը եւ Հայոց դպրոցի տեսչական կազմը: Նրանք նւիրեցին իրենց նւէրը՝ ոսկեդրամ եւ մի փունջ ծաղիկ:

Բեմ բարձրացաւ ՀՕՄ-ի վարչութիւնը եւ բարերարուհի Սանդրա Մեջլում­եա­նը: Նրանք նւիրեցին մի յուշանւէր ՀՕՄ-ի խորհրդանշանով եւ մի ոսկէ խաչ՝ բոլոր ան­դամուհիների կողմից: Միջոցառումը շարունակւեց կերուխումով եւ դահլիճում ներկայ բոլորը միասին նկարւեցին:

Սեդա Մեջլումեանը բեմ բարձրանալով շնորհակալութիւն յայտնեց օրւայ առիթը կազմակերպող յանձնախմբին, ազգային բոլոր կառոյցներին, յատկապէս ՀՕՄ-ի վարչութեանը: Սամուէլ Բադալեանը եւ բարերարուհի Սանդրա Մեջլումեանը կատարե­ցին նւիրատւութիւն ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղին:

Related Articles

Back to top button