Ատրպատական

Հանդիպում՝ Ատրպատականի Թեմական խորհրդի եւ պետական թանգարանի միջեւ

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Դեկտեմբերի 9-ին, ազգ. առաջնորդարանի ժողովասենեակում կայացաւ հանդիպում՝ Թաւրիզի պետական թանգարանի վերականգնողական բաժնի պատասխանատու դոկտ. Ղոլամ Ռեզա Եազդանիի եւ Թեմական խորհրդի միջեւ:

Նիստը նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Հանդիպմանը ներկայ էին՝ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, «Մելիք Թանգեան» թանգարանի իրերի վերադասաւորման պատասխանատու Սեւան սրկ. Ենովքեանը, ինչպէս նաեւ սրբանկարների վերանորոգող՝ Նադիա Ղիասին:

Հանդիպման առիթ է հանդիսացել առաջնորդարանում պահպանւող հնատիպ գրքերի պահպանման ստուգումը: Սոյն աշխատանքից յետոյ, կողմերի միջեւ քննարկման նիւթ հանդիսացան «Մելիք Թանգեան» թանգարանի իրերի դէպի նոր պահեստ փոխադրութեան հրատապ խնդիրը, ինչպէս նաեւ սոյն թանգարանում պահպանւող հին իւղանկարների վերանորոգման գործընթացը:

Դոկտ. Եազդանին Սրբազան Հօրը եւ ժողովականներին ներկայացրեց վերանորոգման վարպետ Նադիա Ղիասիին, ում շնորհիւ արդէն երկու տասնեակ իւղանկարներ, որոնք տարիների խոնաւութեան եւ փոշու վնասներն էին կրել, այժմ հարազատ վերանորոգում էին ստացել: Նոյն առիթով, Սրբազան Հայրը ներկայացրեց ազգային առաջնորդարանում տնային միջոցներով վերանորոգւած հին իւղանկարներ, որոնք երկար տարիներ մնացել էին գետնափոր նկուղներում, կրելով երկար ժամանակով լքւած մնալու վնասները:

Նշենք, որ «Մելիք Թանգեան» թանգարանում ի պահ դրւած այս իւղանկարները անցեալ դարում հաւաքւել են Ատրպատականի հայոց թեմի վանքերից եւ գիւղական եկեղեցիներից, որոնք ընդհանրապէս 18-րդ դարի ստեղծագործութիւններ են, կրօնական Աստւածաշնչական տարբեր դրւագների նիւթերով: Դրանց ցածի գրաբար լեզւով արձանագրւած եւ մաշւած յիշատակարանների վերականգնողական աշխատանքին մեծապէս իր նպաստն է բերում Սրբազան Հայրը, յատկապէս սղագիր արձանագրութիւնների վերծանումը կատարելով:

Կողմերը իրենց ուրախութիւնը եւ գոհունակութիւնը յայտնեցին, որ համագործակցութեան շնորհիւ, Ատրպատականի հայոց թեմի թանկարժէք իրերը լաւագոյն խնամքն են ստանում, եւ ազգային իշխանութեան հայեցողութեամբ, երբ յարմար ժամանակին «Մելիք Թանգեան» թանգարանի դռները վերաբացւեն, դրանք պատրաստ վիճակում կը լինեն, ցուցադրութեան դրւելու:

Հիւրերը նաեւ առիթ ունեցան այցելելու ազգային առաջնորդարանի «Ռոստոմ-Գասպար» գրադարան, տեսնելով դրա վերանորոգումից յետոյ տեղի ունեցած վերադասաւորումը, ե՛ւ գրքերի ե՛ւ մամուլի բաժանմունքներում:

Related Articles

Back to top button