Գնալ կախիչ քանդել, զուգարան, աղբի դոյլ նայել՝ սա էժան պոպուլիզմ
– Նիկոլ Փաշինեանը 2024 թւականը սկսեց մարզային այցերով, որի ընթացքում շրջայցեր կատարեց պետական միջոցնեով կառուցւած մարզադահլիճներում եւ բազմաթիւ թերութիւններ յայտնաբերեց, ինչի հետեւանքով աշխատանքից ազատւեցին Լոռու եւ Արմաւիրի մարզպետերը, Քաղաքաշինութեան կոմիտէի նախագահը։ Panorama.am-ը դիմեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանին՝ պարզելու համար, թէ ո՞ր կառոյցն է անորակ շինարարութեան պատասխանատուն եւ ի՞նչ արդիւնաւէտութեամբ են օգտագործւում պետական միջոցները։
– Փաշինեանը գիտակցում է, որ իր անձից եւ կառավարութիւնից դժգոհութիւնը հասնում է աստղաբաշխական չափերի եւ հիմա ուզում է ամէն ինչ անել, որպէսզի մեղքը բաշխի իր թիմակիցների, ենթակաների շրջապատի վրայ։ Հասկանում է, որ այլեւս որեւէ մէկը չի հաւատում եւ չի ուզում լսել նախկիններին ուղղւած մեղադրանքը, թէ բոլոր դժբախտութիւններում նախկիններն են մեղաւոր։ Պատասխան տալու ժամանակն է եւ նա օգտագործում է հին հնարքը, որն օգտագործում էր 44-օրեայ պատերազմում պարտութիւնից յետոյ, թէ ինքը մեղք չունի, ուրիշների մեղքով պարտւեց։
Դրա համար էլ այս շոուները, կլոունադան է կազմակերպում՝ գնալ կախիչ քանդել, զուգարան նայել, աղբի դոյլ նայել, սա էժան պոպուլիզմ է։
Կրկնում եմ, միակ նպատակն է իրեն դարձեալ անմեղ հանելը եւ մեղքն արդէն իր շրջապատի վրայ բարդելը։ Երկու մարզպետ, Քաղաքաշինութեան կոմիտէի նախագահ, դրանից մի քանի օր առաջ էլ՝ Բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարարութեան ղեկավար։
Սա է։ Ձուկը, որ նեխում է, սկսում են պոչից մաքրել, մինչդեռ նեխել է կառավարութիւնը, կառավարութեան գլուխը։ Վերջիններիս պէտք է փոխել, այլապէս անդառնալի կորուստներ կունենանք։
– Ինչպէ՞ս կը գնահատէք երեւոյթը պետական միջոցների ծախսման արդիւնաւէտութեան տեսանկիւնից, քանի որ բողոքներ կան նաեւ այլ նորակառոյցներից, մասնաւորապէս՝ առողջապահութեան համակարգում։
– Հիւանդանոցներից են բողոքում, դպրոցներից, ամենակարեւորը՝ իրենց «հպարտութիւն» ճանապարհների որակը նայէք։ Յիշում էք մի քանի ամիս առաջ նոյնիսկ իրենց (ՔՊ խմբակցութեան) պատգամաւորը, կարծելով, որ քննարկումը փակ է, ՏԿԵ նախարարին բողոքեց, ասաց՝ ճանապարհ ենք կառուցում, երկու ամիս անց քանդւում է։
Ես ինքս դեռ 2020 թւականի դեկտեմբերի կէսերին, երբ, այսպէս ասած, այլընտրանքային ճանապարհով Գորիսից գնացի Կապան, ասացի, որ այն 2-3 ամիս չի դիմանայ եւ իրօք 3 ամիս անց այդ ճանապարհը, իրենց հպարտութիւնը, սկսեց քանդւել։
Այն ընդհանուր պետական կառավարման համակարգի փտածութեան, ոչ կոմպետենտութեան, պետութեան նկատմամբ անտարբերութեան դրսեւորում է, որի մեղաւորը, կրկնում եմ, կառավարութեան ղեկավարն ու կառավարութիւնն են, բայց կառավարութեան ղեկավարն իր այս աճպարարութիւններով, կլոնուադայով փորձում է ցոյց տալ, որ ինքը մեղք չունի, մեղաւոր են իր ենթակաները եւ ինքը որպէս ուժեղ ղեկավար, պատրաստ է իր պետական կառոյցների ղեկավարներին պատժել։