Հայաստան - ԱրցախՔաղաքական

Միքայէլ Սրբազան. «Հայրենադաւը գցել է տիրադաւներին, ողորմելին՝ խղճալիներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին»

«ԱԼԻՔ» – «Յիրաւի, հայրենադաւը գցել է տիրադաւներին, ողորմելին՝ խղճալիներին, անամօթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին»։ Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին իր նամակում գրել է Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը։

«Նախ եւ առաջ՝ Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ Ձեզ եւ մեզ մեծ աւետիս։

Ցանկանալով կը ցանկանայինք Սուրբ Ծնունդն անցկացնել աղօթքի եւ գոհաբանութեան մէջ, սակայն հայրենադաւների եւ տիրադաւների միութիւնը իր զինւած բանդայի անդամներով վերստին ալեկոծեց մեր սուրբ եկեղեցու անդորրը՝ «բարեվարքութեան» արհեստական եւ մտացածին օրակարգով: Այո, ինչպէս 2000 տարի առաջ, այնպէս էլ այսօր դարձեալ մոլեգնել են Հերովդէսն ու Հերովդիադան, զոհ են փնտրում, անմեղի արիւն՝ ի գոհացում իրենց հիւանդագին մտագարութեան:

Բարեվարքութեան մասին խօսողները՝ ապաշխարութեան եւ պահեցողութեան մէջ լինելու փոխարէն, տգիտութեան եւ անտեղեակութեան գլուխգործոց են ստորագրում՝ դրանով իրենց ողորմելիութեան դատավճիռն ստորագրած լինելով:

Յիրաւի, հայրենադաւը գցել է տիրադաւներին, ողորմելին՝ խղճալիներին, անամօթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին: Եւ դեռ դրան յաջորդում են բացայայտ զինւած յանցագործութիւնները ինչպէս Երեւանում, այնպէս էլ Թալինում: Տգէտները գոնէ պատմութիւն իմանային, որ նման դէպքեր եկեղեցին բազմիցս է յաղթահարել:

Յուսով ենք, որ մեր ժողովրդի զաւակների ստւար հատւածը հասկանում է իրականութիւնը եւ ճիշտ ախտորոշում կիրականացնի: Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կը շարունակի իր առաքելութիւնը՝ օտար մարմինները արտաւիժելուց յետոյ: Այո, եկեղեցին կը բարեկարգւի եւ կը մաքրւի, սակայն այնպէս, ինչպէս Աստւած է կամենում, եւ ոչ թէ՝ ինչպէս ողորմելի ոչնչութիւնները:

Իսկ Քրիստոս ճշմարտապէս ծնւեց եւ յայտնւեց, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս

Օրհնութեամբ՝ Միքայէլ արք. Աջապահեան 194-րդ օր ապօրինի բանտարկութեան»,- գրել է նա։

Related Articles

Back to top button