
«ԱԼԻՔ» – Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսի (Սեփահ) նաւատորմի առաջին շրջանի հրամանատար Սարդար Ղոլամշահին յայտարարել է Պարսից ծոցում 4 միլիոն լիտր մաքսանենգ վառելանիւթ տեղափոխող նաւի կանգնեցման մասին։
«Թասնիմ»-ի հաղորդմամբ՝ ԻՅՊԿ նաւատորմի առաջին շրջանի ստորաբաժանումները, կատարելով ճշգրիտ գործողութիւն եւ ունենալով ամբողջական հետախուզական վերահսկողութիւն, յաջողութեամբ կանգնեցրել են մեծ տարողունակութեամբ նաւ, որը 16 հոգանոց, ամբողջութեամբ ոչ իրանցի անձնակազմով փորձում էր լքել Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքային ջրերը։
Գեներալ Ղոլամշահին մանրամասնել է, որ Պարսից ծոցում նաւերի տեղաշարժի շարունակական եւ նպատակային վերահսկման արդիւնքում յայտնաբերւել է վառելիք տեղափոխող խոշոր նաւի կասկածելի գործունէութիւն։ Հետախուզական ուսումնասիրութիւնները պարզել են, որ նաւը 4 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք էր հաւաքագրել փոքր նաւերից եւ մտադիր էր այն փոխանցել Պարսից ծոցից դուրս գտնւող աւելի մեծ նաւերի։
Հրամանատարն ընդգծել է, որ խօսքը վերաբերում է կազմակերպւած մաքսանենգութեան դէպքի, իսկ նաւի եւ անձնակազմի գործը փոխանցւել է դատական մարմիններին։ Միեւնոյն ժամանակ շարունակւում են լրացուցիչ քննութիւնները՝ այս մաքսանենգ ցանցի հետ կապ ունեցող այլ օղակները բացայայտելու նպատակով։
Եզրափակելով՝ գեներալ Ղոլամշահին շեշտել է, որ վառելիքի մաքսանենգութեան դէմ վճռական պայքարը եւ ազգային պաշարների պաշտպանութիւնը ԻՅՊԿ նաւատորմի հիմնական առաջնահերթութիւններից են, եւ Իրանի տարածքային ջրերից վառելիք ապօրինի դուրս բերելու ցանկացած փորձ կը հանդիպի արագ եւ խիստ հակազդեցութեան։



