ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաղային ԻՌՆԱ-ին տւած հարցազրոյցում. «ԱՄՆ-ը խօսում է դիւանագիտութիւնից, բայց գործում է ուժի լեզւով»

«ԱԼԻՔ» – ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային «ԻՌՆԱ»-ի հարցմանն ի պատասխան յայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում ԱՄՆ ներկայացուցչի՝ բանակցութիւնների եւ «դիւանագիտութեան մեկնած ձեռքի» վերաբերեալ յայտարարութիւնները զուտ քարոզչական խաղ են՝ ուղղւած հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակին։

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը երեքշաբթի նիստ գումարեց ԱԽ-ի 2231-բանաձեւի եւ Բարջամի կատարման վերաբերեալ։ Նիստի ընթացքում ԱԽ-ն փաստացի բաժանւել էր կողմ եւ դէմ ճամբարների, իսկ Իրանի Իսլամական Հանրապետութեան, Ռուսաստանի Դաշնութեան եւ Չինաստանի ներկայացուցիչները բացայայտ կերպով դէմ արտայայտւեցին բանաձեւի օրակարգ մտցնելուն, որի գործողութեան ժամկէտը՝ ըստ Բարջամի տեքստի, ընդմիշտ փակւել է:

Նիստի ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչ Մորգան Օրտեգասը, կրկնելով անհիմն պնդումներն Իրանի դէմ, յայտարարել է, թէ Վաշինգտոնը պատրաստ է «պաշտօնական բանակցութիւնների», սակայն միայն այն դէպքում, եթէ Թեհրանը համաձայնի «ուղիղ եւ իմաստալից երկխօսութեան»։ Նա միաժամանակ կրկնել է ԱՄՆ-ի մաքսիմալիստական պահանջները՝ պնդելով, որ Իրանի տարածքում չպէտք է իրականացւի որեւէ հարստացում։

Արձագանքելով այս յայտարարութիւններին՝ Բաղային ընդգծել է. «ԱՄՆ ներկայացուցչի խօսքը ո՛չ առաջարկ է, ո՛չ էլ դիւանագիտական քայլ, այլ պարզապէս կրկնութիւն է այն զաւթողական պահանջների, որոնք ոչ մի հիմք չունեն միջազգային իրաւունքի եւ «չտարածման ռեժիմի» շրջանակներում»։ Նա յիշեցրել է, որ Իրանը միջուկային զէնքի չտարածման պայմանագրի անդամ է, եւ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայից օգտւելու, այդ թւում՝ հարստացման իրաւունքն իր անքակտելի իրաւունքն է համարում։

ԱԳՆ ներկայացուցչի խօսքով՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը «առաջ փախչելու» փորձ է, մինչդեռ Վաշինգտոնը պէտք է պատասխանատւութեան ենթարկւի Իրանի խաղաղ միջուկային օբիեկտների նկատմամբ իրականացւած բացայայտ օրինախախտումների եւ յարձակումների համար։ «Դիւանագիտութեան մասին լաւախօսութիւնները քարոզչական հնարք են. հակառակ Իրանի, որ մշտապէս հաւատարիմ է եղել իմաստալից դիւանագիտութեանը, ԱՄՆ-ը ապացուցել է, որ ո՛չ բարի կամք ունի, ո՛չ էլ լրջութիւն»,- նշել է Բաղային։

Նա նաեւ շեշտել է, որ Իրանը չէ բանակցութիւններից հրաժարւող կողմը: «Բանակցային գործընթացը խափանւել է ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառմամբ։ Մենք չենք խօսում դարերի վաղեմիութիւն ունեցող պատմութեան մասին. ԱՄՆ-ի դաւաճանութիւնը դիւանագիտութեանը տեղի է ունեցել ընդամէնը մի քանի ամիս առաջ»,– ասել է նա՝ յիշեցնելով 2025 թ. յունիսի 13-ի ռազմական յարձակումը, այն ժամանակ, երբ կողմերը պատրաստւում էին բանակցութիւնների հերթական փուլին։

Անդրադառնալով ԱԽ-ի 2231-բանաձեւին նւիրւած նիստի անցկացման օրինաչափութեանը՝ Բաղային նշել է, որ այդ նիստը վկայում է նախաձեռնողների մտադրութեան եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան ու Անվտանգութեան խորհրդի գործելակարգի անտեսման մասին։ Նրա խօսքով՝ բանաձեւի 8-րդ գործադիր կէտի համաձայն՝ 2231-ի բոլոր դրոյթները 2025 թ. հոկտեմբերի 18-ից համարւում են ժամկէտանց, եւ այդ օրւանից Անվտանգութեան խորհուրդն այլեւս իրաւասու չէ քննարկելու Իրանի միջուկային հարցը։

«Այդ նիստը զուտ քաղաքական քայլ էր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից, որը սակայն բախւեց բազմաթիւ երկրների բացայայտ հակազդեցութեանը»,- եզրափակել է ԱԳՆ խօսնակը։

Related Articles

Back to top button