
«ԱԼԻՔ» – Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին յայտարարութիւններից ու Իրանի դէմ անհիմն պնդումներից մէկ շաբաթ անց Անկարայի դեսպանը կանչւել է ԱԳ նախարարութիւն։
«Ֆարս»-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի՝ մարտի 3-ին, ԱԳ նախարարութեան Միջերկրական եւ Արեւելեան Եւրոպայի գլխաւոր տնօրէնի օգնական Մահմուդ Հէյդարին ընդունել է Թուրքիայի դեսպանին եւ նրան փոխանցել Իրանի բողոքը կապւած բարձրաստիճան թուրք դիւանագէտի պնդումների հետ:
Վերջերս «Ալ Ջազիրա»-ին տւած հարցազրոյցում Հաքան Ֆիդանը հանդէս էր եկել միջամտողական դիրքորոշմամբ եւ Իրանին յորդորել էր փոխել իր տարածաշրջանային քաղաքականութիւնը։
Թուրքիայի արտգործնախարարը մասնաւորապէս ասել էր.« Կարծում եմ Իրանը դաս քաղած լինի տեղի ունեցածից, ինչպէս մենք՝ Թուրքիայում, շարունակում ենք սովորել: Սա պէտք է անի իւրաքանչիւր խելամիտ երկիր»։
Մահմուդ Հէյդարին Սիոնիստական ռեժիմի շարունակական ագրեսիան ու ծաւալապաշտութիւնը համարել է ամենամեծ սպառնալիքը տարածաշրջանի կայունութեան ու անվտանգութեան համար, եւ յաւելել, որ Իսլամական ազդեցիկ երկրներից ակնկալւում է, որ իրենց ջանքերը կենտրոնացնեն Պաղեստինի ճնշւած ժողովրդի, ինչպէս նաեւ Սիրիայի դէմ Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնների ու ոտնձգութիւնների դադարեցման վրայ:
Մինչ այդ ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային արձագանգելով Ֆիդանի յայտարարութիւններին, ընդգծել էր. «Մենք առաջին երկիրն էինք, որ մեր ազգային հերոս նահատակ Սոլէյմանիի ձեռքով բարձրացրինք ԴԱԷՇ-ի եւ ծայրայեղականութեան դէմ պայքարի դրօշն ու յաղթեցինք նրանց տարածաշրջանում։ Մենք առաջինն էինք, որ ընդդիմացանք եւ դիմակայեցինք թուրքական կառավարութեան դէմ յեղաշրջմանը։ Մենք առաջինն էինք, որ ողջունեցինք PKK-ի կողմից զէնքերը վար դնելը եւ համարեցինք դա կարեւոր քայլ մեր հարեւան Թուրքիայում անվտանգութեան ամրապնդման ուղղութեամբ։ Մենք անդրդւելի ենք մեր սկզբունքային դիրքորոշումներում եւ միւսների պէս ամէն օր չէ, որ փոխում ենք մեր դիրքորոշումները մի քաղաքականութիւնից միւսը»։