Շնորհանդէսը կատարւեց՝ Իսակ Իւնանէսեանի հեղինակած՝ «ԻՐԱՆԻ ՀԱՅԵՐԸ ԵՒ ԱՆՒԱՆԻ ԻՐԱՆԱՀԱՅԵՐ» գրքի

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թեհրանում, հրապարակւել է «Իրանի հայերը եւ անւանի իրանահայերը» (ارمنیان ایران و نام آوران ارمنی) պարսկերէն լեզւով գիրքը:
Գրքի հեղինակն է Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ դոկտ. Իսակ Իւնանէսեանը: Գիրքը հրատարակել է «Նեշանէ» հրատարակչութիւնը:
Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի՝ ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ յիշեալ փաստավաւերագրական գրքի շնորհանդէսը տեղի ունեցաւ երէկ՝ մարտի 3-ի երեկոյեան Թեհրանի Հայ Հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում:
Իրանի պետական հիմնով մեկնարկած միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկաւ օրւայ հաղորդավար Սօսէ Իւնանէսեանը, համապարփակ գծերով անդրադառնալով, Իրանի ու Հայաստանի պատմամշակութային ընդհանրութիւններին եւ Իրանում իրանահայ համայնքի անմնացորդ դերակատարութեանը: Նա անդրադարձաւ ՀՈՒՍԿ հաստատութեան ծաւալած աշխատանքներին, որոնց նպատակն է ներկայացնելու իրանահայութեանը եւ երկու ժողովուրդների փոխգործակցութիւնը:
Ապա ցուցադրւեց ՀՈՒՍԿ-ի բազմամեայ գործունէութիւնը պատկերող տեսաֆիլմ: Իսկ ամբողջ ծրագրի ընթացքում պատկերասփռւում էր գրքից էջեր:
Օրւայ բանախօս էր հրաւիրւել արւեստի եւ մշակոյթի վերլուծաբան համալսարանի դասախօս՝ Արիասբ Դադբեհը: Նա համապրփակ գծերով անդրադարձաւ Իրանի ու հայ ժողովրդի պատմական անցեալին, փոխգործակցութեանը եւ այն հանգամանքներին որ դոկտ. Իսակ Իւնանէսեանի գրչին պատկանող գիրքը ինչ դեր է կարող ունենալ իրանահայ համայնքին ներկայացնելու առումով:
Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հարցով՝ Հանրապետութեան նախագահի յատուկ ներկայացուցիչը՝ հոջ. Մահմուդ Ալաւին: Նա գնահատեց Իսակ Իւնանէսեանի կարեւոր քայլը իրանահայ համայնքի ականաւոր դէմքերին Իրանի հասարակութեանը ներկայացնելու համար:
Օրւայ առիթով հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Հասարակական հարցերով Հանրապետութեան նախագահի յատուկ ներկայացուցիչ դոկտ. Ալի Ռաբիին: Նա կարեւորեց Իրանի բազմամիլիոն բնակչութեան անբաժան մաս համարւող իրանահայ համայնքի ազնիւ եւ անվերապահ աշխատանքները:
Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու «Նեշանէ» հրատարակչութեան տնօրէն Աթուսա Սամիին, ով ընդգծեց, որ իրանահայ համայնքի հետ իր ծանօթութիւնը վերադառնում է 1993 թւականին երբ «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրատանը, ժամանակի խմբագիր՝ Սեդա Դաւթեանը իրեն է յանձնել Ռիչարդ Յովհաննիսեանի «Հայաստանի Հանրապետութեան» թարգմանւած գիրքը տպագրութեան համար եւ անդրադարձաւ Իսակ Իւնանէսեանի կողմից իրեն վստահւած գրքի հրատարակութեան փուլերին:
Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու ՀՈՒՍԿ-ի կողմից 27 տարի հրատարակւող «Պայման» եռամսեայի խմբագրական կազմի անդամ, համալսարանի դասախօս դոկտ. Արփի Մանուկեանը: Նա անդրադարձաւ Իրանի, Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմական եւ դարաւոր անցեալին, խաղաղ գոյակցութեանը ու սերտ համագործակցութեանը եւ բարձր գնահատեց Իսակ Իւանէսեանի նման անձանց կարեւոր դերը երկու ժողովուրդների փոխգործակցութիւը եւ ի մասնաւորի իրանահայութեան անմնացորդ դերակատարութիւնը Իրանում բացայատելու առումով:
Օրւայ առիթով հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Պատգամաւորը կարեւորութեամբ ընդգծեց, որ իրանահայ համայնքը, ոչ թէ Իրանում բնակւող հայեր են ինչը թիւրիմացաբար երբեմն նշւում է ոմանց կողմից, այլեւ իրանահայ համայնքը Իրանի ժողովրդի անբաժանելի մասնիկն է, ով իր անմնացորդ դերակատարութիւնն է ունեցել Իրանի քաղաքա-տնտեսական, հասարակական, գիտական, մշակութային, եւ բազմաթիւ այլ ոլորտներում: Նա նշեց, որ այս բոլորի մասին են վկայում Իսակ Իւնանէսեանի գրքում ներկայացւած դէմքերը:
Միջոցառմանը յանուն Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի խօսք փոխանցեց ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը: Իր ելոյթի ընթացքում, նա ընդգծեց որ Իսակ Իւնանէսեանի գրչին պատկանող գիրքը, որը ներկայացնում է աւելի քան 400 իրանահայ ականաւոր դէմքերի, որոնք ոչ միայն ունեցել են համայնքային համբաւ, այլ նաեւ Իրանի եւ միջազգային մակարդակում եղել են ականաւոր դէմքեր, գալիս է ապացուցելու իրանահայ համայնքի անմնացորդ դերը Իրանի մշակութային, գիտական, արդիւնաբերութեան, քաղաքականութեան, ռազմական, վարչական եւ այլ ոլորտներում:
Հանդիսութեանը հրաւիրւեց Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, փոխանցելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը: Պատգամի մի բաժնում նշւած էր. «Տիար Իսակ Իւնանէսեանի հեղինակած «Իրանի հայերը եւ անւանի հայերը» աշխատութիւնը արժանապէս եւ արդարօրէն ցոյց է տալիս իրանահայ ժողովրդի նկարագիրը: Իրանահայ ժողովուրդը երբեք կրաւորական դիրք չի ունեցել Իրանի կեանքում, այլ միշտ դարձել է ներգործական ներկայութիւն»:
Վերջում հրաւիրւեց գրքի հեղինակ, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ դոկտ. Իսակ Իւնանէսեանը: Նա իր ելոյթի ընթացքում նախ իր երախտագիտութիւնը յայտնեց գրքի ամենամեծ մեկենասներից՝ բարերար Վահէ Ահարոնեանին, ով իր հօր, գործարար եւ բարերար հանգուցեալ Լեւոն Ահարոնեանի յիշատակին է կատարել մեկենասութիւնը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին եւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին, որոնք գնելով հրատարակւած գրքի բազմաթիւ համարներ, հնարաւորութիւն են ընձեռնել գրքի հրատարակման բիւջէի այլ բաժնի ապահովման գծով: Նա իր գնահատանքը յայտնեց բոլոր նրանց որոնք իրենց անվերապահ համագործակցութիւնն են դրսեւորել շնորհանդէսը կազմակերպելու գործով: Նա ընդգծեց, որ նման գիրք հեղինակելու գաղափարը եղել է հետեւեալը, որ Իրանի հասարակութեան մօտ ճիշտ ընկալում ստեղծւի իրանահայութեան մասին:
Օրւայ յայտագրին մաս էր կազմել գեղարւեստական կատարումներ: Դաշնամուրային կատարումներով ելոյթ ունեցան երաժիշտ եւ դաշնակահար Անդրէ Մուրադեանը, երաժիշտ եւ դաշնակահար Արմէն Ասատրեանը, քամանչայով Ֆարշադ Ռոստամին, իսկ դափով Քարոլին Խուդադեանը (Իւնանէսեան):
Հեղինակի ելոյթից յետոյ կատարւեց գրքի շնորհանդէսը՝ ձեռամբ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ Արա Շահվերդեանի եւ Գեղարդ Մանսուրեանի, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի, մեկենաս Վահէ Ահարոնեանի եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների:
Միջոցառմանը ներկայ էին «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Ալեքս Կարապետեանը, Իրանի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան ներկայացուցիչներ, Իրանի եւ իրանահայ քաղաքական, գիտական, հասարակական, արւեստի ու մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, բարերարներ ու գործարարներ եւ ազգային կառոյցների ու միութիւնների ներկայացուցիչներ: Շնորհանդէսը եզրափակւեց «Իմ Իրանը» երգով, որի տողերը պատկանում են Իսակ Իւնանէսեանին, երգի մշակումը կատարել է երաժիշտ եւ դաշնակահար Արմէն Ասատրեանը, երգը կատարեց Ռոմիկ Ազիզեանը:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ