Հայաստանի Գրականութեան եւ արւեստի թանգարանում ներկայացւել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորեանին նւիրած կարպետը
«ԱԼԻՔ» – Հայաստանի Գրականութեան եւ արւեստի թանգարանում «Պատում մէկ իրի» ժամանակաւոր ցուցադրութիւնների շրջանակում ներկայացւել է նկարիչ, հողարւեստի ուղղութեան հիմնադիր, հաւաքորդ Մարկոս Գրիգորեանին պատկանող կարպետը, որը վերջինիս նւիրել է անւանի ռեժիսոր Սերգէյ Փարաջանովը: Հաղորդում է News.am:
1988-ի աշնանը բացառիկ հրաւէրով Սերգէյ Փարաջանովը մեկնում է Նիւ Եօրք՝ մասնակցելու 26-րդ միջազգային կինօփառատօնին՝ «Աշուղ Ղարիբ» ֆիլմով:
Փառատօնի ընթացքում Փարաջանովը ծանօթանում եւ բարեկամանում է Մարկոս Գրիգորեանի հետ: Նիւ Եօրքից վերադառնալուց յետոյ Փարաջանովը Մարկոս Գրիգորեանին, ի նշան բարեկամութեան, մեղւակարպետ է նւէր ուղարկում՝ յայտնելով, որ այդ գործողութիւնը իշխանութիւններից գաղտնի է: Ի պատասխան՝ Մարկոս Գրիգորեանը կարպետը ուսերին գցած լուսանկարւում է եւ լուսանկարն ուղարկում Փարաջանովին՝ ակնարկելով, որ «գաղտնի» բեռը տեղ է հասել:
«Տարին յագեցած է լինելու Մարկոս Գրիգորեանի յոբելեանին նւիրւած միջոցառումներով։ Այս ցուցադրութիւնը գործելու է մէկ ամիս։ Այս մէկ կարպետը երկու հսկաների, երկու հայորդիների ամուր ընկերութեան վկայութիւնն է։ Նիւ Եօրքում Մարկոս Գրիգորեանը Փարաջանովին նւիրել էր շատ թանկ կինոտեխնիկա, եւ Թիֆլիս վերադառնալուն պէս Փարաջանովը նրան պատասխան նւէր է ուղարկում։ Այս ցուցադրութեամբ բացայայտում ենք նաեւ Մարկոսի բազմաժանր գործունէութեան եւս մէկ ոլորտ․ նա նշանաւոր է եղել յատկապէս Իրանում՝ կինոյի ասպարէզում»,- իր խօսքում նշեց Գրականութեան եւ արւեստի թանգարանի տնօրէն Սիւզաննա Խոջամիրեանը՝ տեղեկացնելով, որ թէ՛ կարպետը եւ թէ՛ լուսանկարը պահպանւում են ԳԱԹ-ում։
Ցուցադրութեանը ներկայացւել են նաեւ Մարկոս Գրիգորեանի մասնակցութեամբ ֆիլմերից կադրեր։