Յովհաննէս Այւազովսկու եւ Նիկոլայ Գոգոլի ծանոթութեան եւ ընկերութեան պատմութիւնը

Զ. ՇՈՒՇԵՑԻ
Հայ մեծանուն ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու եւ ռուս գրականութեան ամենաերեւելի դէմքերից մէկի՝ Նիկոլայ Գոգոլի մասին շատ են պատմութիւնները, յուշերը, փաստագրական նիւթերը: Երկու մեծ արւեստագէտները հիանում էին միմեանց արւեստով, ազդւում եւ ոգեշնչւում իրարից: Նրանք կարողացան թողնել այնպիսի մեծ հետք արւեստում, որ իրենց ժամանակակիցները գիտակցում էին, որ այս երկու մեծ անհատների արւեստը յաւիտենական է եւ ժամանակավրէպ չէ: Նրանց առաջին հանդիպման մասին նշւում է, որ Այւազովսկին իր առաջին այցի մասին Իտալիա պատմելիս յաճախ էր յիշատակում Գոգոլին եւ իր բարեկամութիւնը նրա հետ. «Իտալիայի առաջին քաղաքը, որ ես այցելեցի իհարկէ Վենետիկն էր։
Հոգնեցնող Բեռլինից, Դրեզդենից, Տրիեստից յետոյ այն անասելիօրէն դուր եկաւ ինձ։ Վենետիկում էլ ես ծանօթացայ մեր անմոռանալի Գոգոլի հետ, որը այն ժամանակ այստեղ էր բնակւում»։ Այւազովսկու եւ Գոգոլի ծանօթութեան, մտերմութեան եւ ընկերութեան մասին մանրամասն գրում է Գուրգէն Յովնանն իր «Ռուս-հայ գրական կապերը 19-20-րդ դդ» աշխատութեան մէջ.
«Այւազովսկին յատկապէս մօտ էր Գոգոլի հետ: Յայտնի է, որ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ արտասահմանում նրանք յաճախակի հանդիպումներ են ունեցել եւ երկար զրուցել գրականութեան ու արւեստի հարցերի շուրջ: Բելինսկու մասին գրած իր յուշում Այւազովսկին նշում է. «Որքա՜ն շատ բան է փոխւել այն ժամանակւանից, երբ Գոգոլի հետ միասին ես կարդում էի Բելինսկու «Գրական երազանքներ» լուրջ ու անկեղծ յօդւածը, որտեղ նա այնպէս հիացմունքով ու ջերմութեամբ է վերաբերւում թատրոնին՝ «հոգու բոլոր ուժերով սիրածին….»: (Յովնան Գ., «Ռուս-հայ գրական կապերը 19-20-րդ դդ», Երեւան, 1960, էջ 52):
Նրանց ծանօթութիւնը նոր ընկերութեան եւ մտերմութեան հիմքերն է դնում: Երկու մեծ անհատներն այնքան են տարւում միմեանց արւեստով, միմեանց մտքերով եւ գաղափարներով, որ սկսում են միասին ճամփորդել: Հետաքրքրական է, որ այդ ճամփորդութիւնների մասին յուշեր ունի Յովհաննէս Այւազովսկին, ով նաեւ մանրամասն տալիս է Գոգոլի արտաքինի ու բնաւորութեան նկարագիրը.
«Շուտով Գոգոլն ու Այւազովսկին միասին ճանապարհորդում են Իտալիայում: Այդ ճանապարհորդութեան, ինչպէս եւ Գոգոլից ստացած իր տպաւորութիւնների մասին Այւազովսկին գրում է.
«Ցածր հասակով, նիհար, բաւականին երկար ու սուր քթով եւ շէկ մազերով, որոնք յաճախակի թափւում էին փոքրիկ, կիսաբաց աչքերի վրայ, Գոգոլը գիտէր փարատել իւր անհրապոյր տեսքի ազդեցութիւնը սիրալիրութեամբ, անսպառ զւարճախօսութեամբ, սրամիտ ու նուրբ կատակներով, որոնցով միշտ փայլում էր նրա զրոյցը մտերիմ բարեկամների շրջանում: Նոր անծանօթ անձի ներկայութիւնը, անձրեւաբեր ամպի նման, մի ակնթարթում ստւեր էր ձգում Գոգոլի քաղցր ժպիտով ոգեւորւած երեսի վրայ. նա լռում էր, մռայլւում, մի տեսակ փոքրանում եւ կարծես ինքն իր մէջ խորասոյզ լինում: Նրա այս տարօրինակ բնաւորութեան յատկութիւնները նկատել էին նաեւ նրա մօտ բարեկամները: Սակայն ինձ հետ նա շուտ մտերմացաւ եւ ես առիթ ունեցայ մի քանի անգամ վայելելու նրա սիրալիր զրոյցները: Նա, Բոտկինը եւ Պանովն ինձ առաջարկեցին մեկնել իրենց հետ Ֆլորենցիա, եւ ես հաճոյքով համաձայնեցի: Մենք ճանապարհորդում էինք վարձւած չորստեղանի կառքով…. ժամանելով Ֆլորենցիա, ես միառմի զննեցի: Տոսկանայի մայրաքաղաքի գեղարւեստական գանձարանները, յաճախեցի Պիտտու ապարանքը եւ այլն»: (Նոյն տեղում, էջ 53-54):
Երկու մեծերի մտերմութեան ու ընկերութեան մասին տեսնում ենք երկկողմանի պատմութիւններ: Այւազովսկին Գոգոլին եւ իրենց յարաբերութիւնները ներկայացնում էր իր դիտանկիւնից, իսկ Գոգոլն իր հերթին իր դիտանկիւնից: Յատկանշական է, որ Գոգոլն Այւազովսկու մասին խօսելով չի թաքցնում իր գեղարւեստական սատիրան, երբ ներկայացնում է Իտալիայում Այւազովսկու «Քաոս» կտաւի յաջողութիւնը:
«Իտալիայում ստեղծւած բազմաթիւ նկարներից արտակարգ յաջողութիւն է ունենում Այւազովսկու «Քաոս»-ը: Այւազովսկին պարգեւատրւում է ոսկէ մեդալով: Այդ յաջողութեան առթիւ ռուս նկարիչների ու գրողների մասնակցութեամբ Հռոմում կազմակերպւում է յատուկ երեկոյթ, որին ներկայ է լինում նաեւ Ն. Վ. Գոգոլը: Մեծահռչակ սատիրիկը կատակով արտասանում է մի փոքրիկ, բայց սրամիտ ճառ. «Պարոնայք, վերջերս Նեւայի ափերից այստեղ եկաւ մի փոքրիկ մարդ, Վանիա Այւազովսկին, եւ յանկարծ Վատիկանում «Քաոս» բարձրացրեց. Եթէ այդ ես անէի, ինձ որպէս գրչակի վզակոթիս կը տային, այնինչ Վանիա Այւազովսկու վզից մեդալ կախեցին»: (Նոյն տեղում, էջ 54):
Գոգոլի եւ Այւազովսկու ընկերութիւնը չի աւարտւում Իտալիայում: Այւազովսկին իր յուշերում գրում է, որ նրանք հանդիպել եւ շփւել են նաեւ Ռուսաստանի տարածքում: Մասնաւորապէս նրանք հանդիպել են Մոսկւայում եւ Սանկտ Պետերբուրգում: Այդ հանդիպումների մասին հայազգի ծովանկարիչը մանրամասներ է յայտնում:
Այս երկու մեծ արւեստագէտների մասին կարելի է երկար խօսել, սակայն սա միայն մի փոքր անդրադարձ էր երկու մեծերի առաջին հանդիպման, ծանօթութեան, միմեանց մասին կարծիքների ու գնահատականների մասին: Նրանք յարգում էին իրար որպէս մարդ եւ արւեստագէտ: Եւ տասնամեակներն ու ժամանակը ցոյց տւեցին, որ նրանց արւեստը յաւիտենական է եւ համամարդկային: