«Եթէ պատմութիւնը օր մը բարեհաճի յիշել քեզ»…

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
Վկայակոչելով մեծանուն Պետրոս Ադամեանին, վերոյիշեալ խօսքերն էր մէջբերել իր ելոյթում հանճարեղ դերասանապետ Մանուէլ Մարութեանը՝ 1980-ին, Նիւ Եօրքում իր բեմական, գրական ու հասարակական գործունէութեան 60-ամեակի առիթւ կազմակերպւած յոբելեանական հանդիսութեան ընթացքում:
Իսկ ինչպէ՜ս չյիշել քեզ՝ հայ բեմի մեծարժան, համեստ ու անխոնջ նւիրեալ՝ Մանուէլ Մարութեան:
Թեհրան: 1970-ական թւականներին էր: Սկսնակ երիտասարդ գրողներ էինք: Մեր գործերը լոյս էին տեսնում գլխաւորաբար «Ալիք Պատանեկան» երկշաբաթաթերթում եւ «Ալիք» օրաթերթում: Գրական մեր հետաքրքրութիւններն ու սէրը խթան էին հանդիսացել, որ մասնակցենք ամէն չորեքշաբթի երեկոյեան, Իրանահայ Գրողների միութեան հանդիպումներին, որոնք տեղի էին ունենում Ֆրանսիայի փողոցում գտնւող Հայոց ակումբում: Ազգային, քաղաքական, հասարակական, կրթական եւ մշակութային ականաւոր գործիչ, «Ալիք» օրաթերթի երբեմնի խմբագիր՝ Անդրէ Ամուրեանի նախագահութեամբ միութեան հանդիպումներին երբեմն ներկայ էր լինում նաեւ իր մտերիմ ընկերներից՝ դերասանապետ Մանուէլ Մարութեանը, ով նաեւ նշանակւել էր Հայոց ակումբի վարիչ: Մարութեանի ներկայութիւնն ու մասնակցութիւնը, յատուկ երանգ ու ոգեւորութիւն էր պատճառում հանդիպումներին, մասնաւորաբար, երբ նա իր դերասանական իւրովի արտայայտչաձեւերով պատմում էր իրեն հոգեհարազատ մտաւորական հանրայայտ դէմքերի ու գաղափարակից գրող ընկերների ու քաղաքական գործիչների հետ ունեցած անմոռանալի զրոյցների ու հանդիպումների մասին:
Ընկեր Մարութեանը քաջալերական յատուկ ուշադրութիւն էր տածում մեր՝ երիտասարդ գրասէրներիս նկատմամբ: Միութեան ժողովներից յետոյ ակումբի ամառային գեղեցիկ բացօթեայ տարածքում հաւաքւում էինք ընկերոջ շուրջը եւ նա կարդում էր տակաւին չհրապարակած իր նոր գրութիւններն ու պատմւածքները ժամանակի մեծանուն դէմքերի հետ ունեցած ընկերական մտերիմ հանդիպումների ու տպաւորութիւնների դրւագներով: Ընթերցումից յետոյ մենք հիացմունքով լսում ու հարցումների տեղատարափով խնդրում էինք, որ ընկեր Մարութեանը առաւել տեղեկութիւններ պատմէր յիշեալ դէմքերի մասին: Եւ նա համբերութեամբ ու սիրով մէկ առ մէկ պատասխանում էր մեր հարցումներին, խրախուսելով եւ յորդորելով, որ մենք՝ երիտասարդներս եւս, պիտի շարունակենք հաւատարիմ մնալ այդ մեծերի թողած գրական ու հայրենասիրական ժառանգութեանը: 1981 թւականին, երբ արդէն ընկեր Մարութեանը ընտանեօք տեղափոխւել էր Միացեալ Նահանգներ, «Փակւած վարագոյրի առջեւ» վերնագիրը կրող հատորով հրատարակեց յիշեալ մեծերին նւիրւած իր յուշագրութիւնները:
Անջնջելի յիշատակելի երեկոյ դարձաւ 1972 թւականի հոկտեմբերի 31-ը: Նախաձեռնութեամբ Իրանահայ Գրողների միութեան, թւով հինգ ասմունքողներ կազմակերպել էինք բացառիկ երեկոյ՝ նւիրւած հայ մշակոյթի մեծարման: Երեկոն արժանացաւ ներկաների բարձր գնահատանքին, որից յետոյ միութեան կողմից տեղի ունեցաւ հաւաք-ճաշկերոյթ՝ ի պատիւ միջոցառման կազմակերպողների ու միութեան անդամների: Ճաշկերոյթը իր գագաթնակէտին հասաւ, երբ Անդրէ Ամուրեանի առաջարկով թամադա-սեղանապետ նշանակւեց դերասանապետ Մանուէլ Մարութեանը:
– Ընկերներ, բարեկամներ,- բաժակը բարձրացնելով ասաց ընկեր Մարութեանը,- ասմունքող մեր տղաների ու աղջիկների ներկայացրած գրական-գեղարւեստական այսօրւայ ձեռնաարկը ինձ այնքան յուզեց ու ոգեւորեց, որ մեծ սիրով ու հաճոյքով կատարելու եմ մեր սիրելի Անդրէի առաջարկը: Թող այս երեկոն յիշատակելի երեկոյ դառնայ բոլորիս համար: Ձեր բոլորի կենացը:
Բառերն ու զգացումները յիրաւի անզօր ու անբաւարար են նկարագրելու եւ բնութագրելու այն անմոռանալի պահերը, երբ ընկեր Մարութեանը իր վանեցու աննման առոգանութեամբ ու հումորով վարեց երեկոն, վերածելով անմոռանալի եզակի պահերի, որ սեղանի շուրջ հաւաքւածներս չէինք ուզում վերջանար: Չէինք ուզում գիշերը աւարտւէր, ուզում էինք ժամանակը երկարէր եւ կամ առաջ չշարժւէր: Իր անկրկնելի սեղանապետութեամբ բոլորիս հոգիներում ու սրտերում կնքւեց անջնջելի յիշատակներ ու յուշեր:
Ընկեր Մարութեանը հրաշալի պատմող էր: Եւ այդպէս կարելի էր ժամերով լսել իրեն ու անյագուրդ մնալ: Պատմելու կախարդական ձիրք ունէր: Աչքերի, դէմքի, յատակպէս դիմաշարժման հետ իր խօսոյթը միաձուլելու եւ դիմացի ունկնդրի ամբողջական ուշադրութիւնն ու հետաքրքրութիւնը իրեն հմայելու եւ գրաւելու անասելի, բնատուր տաղանդ ունէր ընկերը: Իսկ դա արդիւնքն էր իր դերասանական բարձրաժէք տաղանդի, մի տաղա՛նդ, որ տասնամեակներ շարունակ աշխարհի շատ ու շատ քաղաքների բերմերում հիացմունք պատճառեց հայ թատերասէր համայնքներին: Հայ բեմին ծառայելը համարում էր նւիրական առաքելութիւն եւ համեստաբար այդ մասին գրել էր,- մէջբերում եմ,- «շատերը ինձ հարցնում են, ի՞նչ միտք ունի գաղթաշխարհում պահել հայ թատրոնը: Չէ՞ որ այն երկրներում, այն քաղաքներում, ուր մենք ապրում ենք, թատերական արւեստը շատ բարձր է եւ չենք կարող նրանց հետ մրցել: Ես ասում եմ, մրցութեան համար չէ, այլ պահելով, պահպանելով հայ թատրոնը եւ նրան նւիրւած մշակները, մենք պահպանած կը լինենք մեր լեզուն, մեր գրականութիւնը, մեր նկարչութիւնը, որովհետեւ թատրոնը այդ բոլորի խտացումն է: Հիմա, երբեմն, երբեմն մտածում եմ, թէ ի՞նչ ուժ է տւել ինձ հայ ժողովուրդը, որ կարողացել եմ մտնել 24 երկիրներ, 127 քաղաքներ, ուր շատ անգամ ոչ մէկ հատ ծանօթ չեմ ունեցել եւ այդտեղ, սափրիչից, կօշկակարից, դերձակից, ուսուցչից, ազնիւ երիտասարդ-երիտասարդուհիներից խմբեր կազմել ու ներկայացումներ տւել: Այդ, ես ստացել եմ իմ ժողովրդից»:
Բեմական արւեստի բազմաբեղուն գործերի հետ մէկտեղ, բարձր գնահատանքի արժանի են Մարութեանի աւելի քան երկտասնեակ հատորներով գրական-գեղարւեստկան, թատերագրական ու յուշագրական ստեղծագործութիւնները, որոնցից շատերը սպառւել եւ վերահրատարակւել են Սփիւռքում: Պատմւածաքագրութեան իւրովի հոգեհարազատ ոճով ներկայացրած իր յուշագրութիւնները, որոնց գլխաւոր մասը ներկայացւած են «Երբ իջնում է վարագոյը» եւ «Փակւած վարագոյրի առջեւ» հատորներում յիրաւի ազգային, քաղաքական, մշակութային, ու գրական դէմքերի ու գործիչների մասին աժէքաւոր յիշատակարաններ են հայ գրականութեան համար:
Վերջին անգամ 1984-ի ամռանը հանդիպեցի լեգենդար դերասանապետին Կալիֆորնայի Ռեսիդա քաղաքում գտնւող իր բնակարանում: Տիկնոջս հետ գնացել էինք այցելելու եւ մեր յանգանքը ու բարեկամական հին կապերը վեահաստատելու վարպետի հետ: Տարիների յոգնութիւնն ու ծերութիւնը անառողջութեան հետ մէկտեղ իրենց ծանր հետքերն էին թողել հայ բեմի բազմավաստակ արքայի՝ ընկեր Մարութեանի վրայ: Նստել էր բազկաթոռին՝ կողքին ունենալով բժշկական թթւածնի կարգաւորիչ սարքն ու դիմակը: Այնուամենայնիւ, ժպտուրախ դէմքով ջերմօրէն ընդունեց մեզ եւ զրոյցը ծաւալւեց հին ու անմոռանալի յուշերի վերարթնացմամբ: Ամէն անգամ, երբ պատմում էր անցեալի մասին խոշոր աչքերի մէջ կարծես առկայծում էին բեմական կեանքը կրկին ապրելու անմար երազանքը:
Հայ բեմի լեգենդարը կեանքին հրաժեշտ տւեց 1986-ին, 85 տարեկանում, հայրենի ծննդավայր՝ Վանից հազարւոր մղոններով հեռու՝ Լոս Անջելէսում:
«Ես մի հրաւէր եմ ստացել մասնակցելու մի մեծ, շատ մեծ ներկայացման, մի փոքրիկ դերով ներկայացման թւականը ճշտւած չի,- Նիւ Եօրքում ունեցած ելոյթում ասել էր Մարութեանը,- բայց ես որ հիմա մեր ապրող դերասանների մէջ տարիքով ամենէն երէցն եմ, երբ այնտեղ գնամ ամենէն կրասերը կը դառնամ: Այդ ներկայացման մասնակցում են Ադամեանը, Սիրանոյշը, Աստղիկը, Զարիֆեանը, Սեւումեանը, Շահխութունին, Փափազեանը եւ շատ ուրիշներ: Եւ յանկարծ Ադամեանը պիտի ասէ.- «Տղա՛ս, այն աշխարհէն որ եկար, ինչպէ՞ս է հայ թատրոնի վիճակը»: Պիտի ասեմ.- «Մեծագոյն վարպետ, մեր հայրենիքում հայ թատրոնը բարգաւաճում է, իսկ գաղթաշխարհում, դեռ կան սրբազան խենթեր, ազնիւ մարդիկ, որոնք ամէն ջանք թափում են հայ թատրոնը պահելու»: Իսկ վերջին ընկերս, որ գնաց այն աշխարհ՝ Գուրգէն Ջանիբէգեանը, պիտի հարցնէ.- «Մարութեա՛ն, այստեղ ասում են, որ մենք կրկին պիտի ծնւենք եւ վերադառնանք Աշխարհ: Եթէ վերադարձար, ի՞նչ ազգի պիտի ուզէիր պատկանել եւ ի՞նչ պիտի անէիր»: – Ես պիտի պատասխանէի՝ «եթէ իսկապէս իրաւ է, որ մենք կրկին պիտի վերադառնանք այն աշխարհ, ուրկից եկած ենք, ես դարձեալ կուզէի ծնւել որպէս հայ եւ լինել հայ դերասան, բայց այս անգամ իմ հայրենի բեմի վրայ»,- ասել էր լեգենդար դերասանապետը:
Հայ գրականութեան անմահներից՝ Սերօ Խանզադեանի խօսքերով «մեծերը չեն մահանում, նրանք ձուլւում են մարդկանց հոգիներին, մտնում մարդկանց սրտերը՝ սերնդէ սերունդ յարատեւելու անխախտութեամբ»:
Այնպէս որ, արձագանքելով «եթէ պատմութիւնը օր մը բարեհաճի յիշել քեզ» մեծանուն Ադամեանի խօսքին, խոնարհաբար կուզեմ աւելացնել, որ հայ բեմի մեծավաստակ նւիրեալ՝ Մանուէլ Մարութեան, մենք միշտ մեծարանքով պիտի յիշենք քեզ…:
Սեպտեմբեր, 2025