Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արագացւած ռեժիմով փորձում են ջնջել պատմութիւնը

ԱՐՄԷՆ ՅԱԿՈԲԵԱՆ

 

Փաշինեանը, որ ինքզինքը հռչակեց կառավարութիւն, անցած հանգստեան օրերին ապահովեց հանրային լայնարձակ քննարկումների հերթական թեմատիկ հագեցւածութիւնը: Այդ շարքում, ինչ խօսք, ամենից տպաւորիչը Փաշինեանի շենշող բեմելն էր: Տեղեակ էք, հարկաւ, կառավարութիւն-Փաշինեանը գնացել էր Բիւրական, «ՀանդԱրտ» մշակութային այգի՝ բացօթեայ «Ցանկապատ» ներկայացումը (ըստ Ստեփան Զօրեանի համանուն պատմւածքի) դիտելու:

Փաշինեանին, պէտք է նկատել, ներկայացման բովանդակութիւնը սարսափելի դուր չէր եկել, որովհետեւ այնտեղ «Արեւմտեան Հայաստանի» հետ կապւած ակնարկներ կան: Ու ներկայացումից յետոյ տեսախցիկների առաջ բարձրաձայնել էր իր դժգոհութիւնը՝ յարձակւելով դերասանների ու ներկայացման ռեժիսոր ու նաեւ պիէսի սցենարի հեղինակի վրայ, թէ՝ այսօր պիտի մեր ցանկապատները դնենք, որ այն սահմանափակի ուրիշներին՝ անցնել այս կո՞ղմը, այս ուղերձը յստակ չասացիք… Մէկ էլ թէ՝ Բիւրականում նստած՝ Արեւմտեան Հայաստան ենք լացում, բայց չենք հասկանում, որ Բիւրականն էլ է Հայաստան…

Մի խօսքով, մեծն թատերագէտի բոլոր «մարգարիտներն» այստեղ չմէջբերենք: Թէպէտ մի յատկանշական դրւագ էլ է եղել, ըստ ականատեսների: Երբ ներկայացումից յետոյ Փաշինեանը տարակուսել է, թէ՝ ի՞նչ, էս յուզականութեան հետեւութիւնը ո՞րն ա, հանդիսատեսներից մի կին վրայ է բերել. «Պէտք է սիրել հայրենիքն ու պայքարել իւրաքանչիւր սանտիմետրի համար»:

Այդ պատասխանն էլ դուր չի եղել Փաշինեանին…

Բայց այս ամէնը՝ մի կողմ: Ըստ էութեան, հանրութիւնն ինչի՞ ականատես դարձաւ: Իսկ հանրութիւնն ականատես դարձաւ պետութեան ղեկավարի պաշտօնն զբաղեցնողի կողմից հրապարակայնօրէն գրաքննութեան, խօսքի ազատութեան սահմանափակման, ինչպէս Չարենցը կասէր՝ ֆիլիստերութեան իրականացման:

Հասկանում ենք, որ ՔՊ-ականներին դա կարող է անհաւատալի թւալ, բայց նախքան Փաշինեանի կողմից իշխանութիւնը գրաւելը, Հայաստանում եղել է մշակութային կեանք, բեմադրւել են բաւականին սուր, անգամ՝ խայթող, սատիրայով յագեցած գործեր, եղել են ներկայացումներ, «ստենդափեր», որոնցում չեն խնայել ինչպէս պետական, քաղաքական բարձրաստիճան գործիչներին, այնպէս էլ տարբեր պաշտօնեաների, այդ թւում՝ շատ բարձրաստիճան: Յատկանշականն այն է, որ ոչ մէկի մտքով չի անցել գրաքննութեամբ զբաղւել, «խմբագրել» ներկայացումները կամ բեմականացումները: Այսինքն, գուցէ եւ նեղւել են, բայց ոչ մէկը չի միջամտել ստեղծագործական գործընթացին:

Իսկ Փաշինեանը որոշեց, որ պէտք է անպայման միջամտի, գրաքննիչի դիրք գրաւի ու…

Իհարկէ, այստեղ չենք կարող շրջանցել դերասան Մկրտիչ Արզումանեանի ու սցենարի հեղինակ, ռեժիսոր Տիգրան Գիւլումեանի պահւածքը: Նրանք… սկսեցին արդարանալ Փաշինեանի առաջ՝ մի տեսակ խեղճացած: Իրենք էլ քիչ էր մնում երդւէին, որ ոչ մի «Արեւմտեան Հայաստան» չկայ ու չի եղել, ու ընդհանրապէս՝ Փաշինեանը միշտ ու ամէն ինչում ճիշտ է: Անկեղծ ասած, դա ամենահաճելի տեսարաններից չէր, մեղմ ասած: Բայց դա արդէն այլ խօսակցութեան թեմա է՝ ընդհանրապէս մեր մտաւորականութեան որոշակի շրջանակների պահւածքի տեսանկիւնից: Այս հարցին անդրադարձել ենք, դեռ էլի կանդրադառնանք: Հիմա վերադառնանք հիմնական ասելիքին: Իրականում ի՞նչ է անում Նիկոլ Փաշինեանը, բացի վերոնշեալ «միջամտութիւնից»: Մինչ այս հարցին անդրադառնալը մի կարճ պահ վերադառնանք խորհրդային անցեալ: Ասում են, որ երբ Թուրքիան դժգոհել է խորհրդային կառավարութեանը, թէ ձեր հանրապետութիւններից մէկի գերբի վրայ պատկերւած է Արարատ լեռը, մինչդեռ այն ԽՍՀՄ տարածքում չէ, հետեւել է խայթող պատասխան, որ թուրքական դրօշի վրայ էլ լուսինն է պատկերւած, որը ձեր տարածքում չէ…

Իսկ, այ, Հայաստանի մուտքի կամ ելքի ժամանակ անձնագրում դրւող սահմանանշանի վրայից Փաշինեանի իշխանութիւնը որոշել է ջնջել Արարատ լեռան պատկերը: Փաշինեանի կառավարութիւնն է նման որոշում ընդունել, որը կը կիրառւի նոյեմբերի 1-ից:

ՔՊ-ականները նետւել են այդ անհեթեթութիւնը հիմնաւորելու եւ է՛լ աւելի անհեթեթ «բացատրութիւններ» են տարածում:

Դա եւս բուռն արձագանքներ է յարուցել:

Իսկ երբ այս ամէնը դիտարկում ես ընդհանրութեան մէջ եւ աւելի լայն ընդգրկմամբ, ապա չես կարող չնկատել, որ տեղի է ունենում Փաշինեանի իշխանութեան կողմից թուրքական նախապայմանների իրականացման պրոցեսների արագացում: Իսկապէս, պրոցեսներն արագացել են, ինչը եւս ունի իր տրամաբանական բացատրութիւնը: Եթէ խիստ հակիրճ, ապա Փաշինեանն իր իշխանութիւնը կարող է վերարտադրել, եթէ ունենայ Թուքիայի ու Ադրբեջանի աջակցութիւնը: Թէ՛ Անկարան, թէ՛ Բաքուն Փաշինեանից ունեն ինչպէս փոխհամաձայնեցւած, այնպէս էլ՝ առանձին պահանջներ, նախապայմաններ, եւ նրան շտապեցնում են բաւարարել այդ պահանջները:

Արագացման մէկ այլ հնարաւոր պատճառ կարող է լինել նաեւ այն, որ տարածաշրջանում հնարաւոր են նոր զարգացումներ, ուստի Անկարան եւ Բաքուն շտապում են «պոկել» որքան հնարաւոր է աւելին:

Իսկ մենք թերեւս սպասում ենք, թէ Փաշինեանի կառավարութիւնը երբ, որ օրն է յատուկ որոշմամբ արգելելու Արցախ, Արեւմտեան Հայաստան, Վան, Մուշ, Սասուն տեղանունների գործածութիւնը, գրականութիւնից, գեղարւեստական գործերից դրանք ջնջելու:

Մի խօսքով, Նիկոլ Փաշինեանն ու իր ՔՊ-ական թիմը այդ «արագացման» մէջ պարզապէս ջնջում են Հայոց պատմութիւնը: Այսինքն, ջնջելու փորձեր անելով գալիս էին ու հիմա պարզապէս արագացրել են պրոցեսը: Տարիներ շարունակ դրան ձգտել են Թուրքիան ու Ադրբեջանը: Չի յաջողւել: Հիմա նաեւ Հայաստանի գործող իշխանութիւններն են դա փորձում: Մնում է մի հարց՝ հայ ժողովուրդը կը հանդուրժի՞ դա, թոյլ կը տա՞յ ջնջել իր պատմութիւնը…

«Փաստ»

Related Articles

Back to top button