Ինչո՞ւ պաշտպանունակ եւ ոչ մարտունակ բանակ. ի՞նչ գաղափարաբանութիւն է առաջ մղում իշխանութիւնը

«ԱԼԻՔ» – Մինչ Բաքւում Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովն ընդունում է Թուրքիայի զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանը՝ քննակելու երկկողմ ռազմական համագործակցութեան խորացման հետ կապւած հարցեր, Երեւանում Նիկոլ Փաշինեանը բանակի, անվտանգութեան վերաբերեալ նոր թէզեր է դնում շրջանառութեան մէջ՝ պնդելով՝ ՀՀ-ին պէտք է ոչ թէ մարտունակ, այլ պաշտպանունակ բանակ։
Ըստ նրա՝ երբ անվտանգութեան ապահովման թիւ մէկ գործիքը բանակն է, ուրեմն չկայ անվտանգութիւն։ «Համապարփակ անվտանգութիւն եւ դիմակայութիւն 2025» միջազգային համաժողովի իր ելոյթում Նիկոլ Փաշինեանն ասաց, որ բանակը նոյնիսկ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը պէտք է չլինի, բանակը պէտք է լինի անվտանգութեան ամենավերջին գործիքը։
Նա նաեւ նշեց, որ բանակում կառավարութիւնը պատրաստ է ներգրաւել բոլոր այն մարդկանց, որոնք կառավարութեան ռազմավարութիւնը կիսում են. հակառակ դէպքում այդ ռազմավարութիւնները հնարաւոր չի լինի իրականացնել։ «Մենք ասում ենք՝ մեր բանակի խնդիրը ՀՀ միջազգայնօրէն ճանաչւած տարածքի պաշտպանութիւնն է։ Մենք հիմա խօսում ենք պաշտպանունակ բանակի մասին, ոչ թէ պարզապէս մարտունակ, որովհետեւ մարտունակ բառը չի արտայայտում խնդիրը, մարտունակ ի՞նչ խնդիր լուծելու համար։ Ո՞րն է այն հայեցակարգը, որն ինքը հետապնդում է, ո՞րն է այն տեսլականը, որին ինքը հաւատում է։ Եթէ կայ հայեցակարգային համընկնում եւ կայ պրոֆեսիոնալիզմ, այդտեղ, ես կարծում եմ՝ սահմանափակում ոչ միայն չունենք, այլեւ մենք այդտեղ արդէն գործիքներ ունենք»,- ասաց Փաշինեանը։
168.am-ի հետ զրոյցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասել է, որ անվտանգային ռազմավարութիւնը ձեւաւորւում է երկրի որդեգրած քաղաքականութիւնից, երկրի առջեւ դրւած խնդիրներից։
Նրա խօսքով՝ պաշտպանունակութիւնը մարտունակութիւնից բարդ է տարանջատել, քանի որ պաշտպանունակութիւնը միայն պաշտպանւելը չէ, դա բաւականին լայն հասկացութիւն է, ինչպէս եւ այն, որ եթէ ցանկանում ես խաղաղութիւն, պէտք է պատրաստ լինես պատերազմի։ Խրամչիխինի կարծիքով՝ այստեղ խօսքը որակումների մասին է, ՀՀ իշխանութիւնները ցանկանում են լսելի դարձնել, որ ձեւաւորում են պաշտպանութեանը պատրաստ բանակ, այլապէս բարդ է ասել՝ ինչո՞ւ նման յստակ որակում տալ։
«Պաշտպանունակ բանակը կարող է նաեւ մարտունակ լինել, ուստի այս տերմինաբանութիւնն անհասկանալի է թւում։ Ամենայն հաւանականութեամբ, այն ունի յստակ լսարան ու թիրախ՝ տեղաւորւելով ռեգիոնալ զարգացումների ու միտումների կոնտեքստում։ Լսարանը ներքին է, ինչպէս նաեւ ռեգիոնալ՝ արտացոլելով պնդումը, թէ խաղաղութիւն է, ուստի պէտք չէ մարտունակ բանակ։ Բնականաբար, եթէ չկան մարտահրաւէրներ, անվտանգային ռիսկեր, բանակը կատարում է մինիմալ անվտանգային գործառոյթներ։ Դա լաւագոյն իրավիճակների դէպքում, բայց արդեօ՞ք աշխարհում ներկայումս այնպիսի իրավիճակ է, որ չկան անվտանգային ռիսկեր։ Անվտանգային ռիսկերը ներկայիս աշխարհում գլոբալ են, հետեւաբար՝ նաեւ ռեգիոնալ։
Աշխարհը թեւակոխել է անկայունութեան եւ պատերազմների փուլ։ Նոյնիսկ ԵՄ-ն ներկայումս ամրապնդում է իր ռազմական ներուժը, նոր անվտանգային պրոյեկտներ են ծրագրւում, քանի որ պատերազմ է Ուկրաինայում։ Պատերազմ էր Իրանի ու Իսրայէլի միջեւ, այդ թւում՝ ԱՄՆ մասնակցութեամբ, սրացում էր Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ։ Մերձաւոր Արեւելքի բարդ իրավիճակի մասին նոյնիսկ աւելորդ է խօսել։ Հարաւային Կովկասում յայտարարում են, որ կայ խաղաղութիւն, թէեւ Խաղաղութեան համաձայնագիրը չի ստորագրւում, ինչպէս նաեւ բազմիցս ականատես ենք եղել, թէ ինչպէս յայտարարութիւնները չեն համապատասխանում իրականութեանը, այսինքն՝ իրավիճակն անկայուն է, քանի դեռ չկայ կայուն խաղաղութիւն համաձայնագրի պայմաններում, ինչպէս խաղաղութիւն նաեւ փորձւած ժամանակի ընթացքում, քանի որ միայն համաձայնագիրը եւ բանակցութիւնը խաղաղութեան երաշխիք չէ»,- նման կարծիք է յայտնել Խրամչիխինը։
Սակայն, նրա դիտարկմամբ, իւրաքանչիւր երկիր ինքն է որոշում, թէ ինչ մարտահրաւէրներ ու ռիսկեր ունի, դրանց հակազդելու համար ինչ միջոցառումներ պէտք է իրականացնի։
Ի տարբերութիւն Երեւանի, վերլուծաբանի խօսքով՝ Բաքուն շարունակում է խաղադրոյք կատարել իր ռազմական ներուժի վրայ, ամրապնդելով ու զարգացնելով նաեւ ռազմարդիւնաբերութիւնը, ռազմական համագործակցութիւնը Թուրքիայի հետ։
«Սա եւս ամենայն հաւանականութեամբ կապւած է այն խնդիրների հետ, որոնք իր առջեւ դնում է Ադրբեջանը։ Մենք վերջին տարիներին տեսել ենք, թէ ինչպէս է այդ ուժի գործօնը, ճնշումը գործի դրւել՝ ինչպէս պատերազմի ընթացքում, որն Ադրբեջանը յաղթեց եւ առաւելութիւններ ստացաւ ռեգիոնում, ինչպէս նաեւ պատերազմից յետոյ Ադրբեջանն իր այդ ռազմավարութիւնը չի փոխել եւ փոխելու միտումներ կարծես չկան։ Ռեգիոնալ իրավիճակը, կարծում եմ, փխրուն է, քանի դեռ բոլոր խնդիրները լուծւած չեն, ինչպէս նաեւ չկայ բարիդրացիութիւն»,- նկատել է Խրամչիխինը։
Յիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Բաքւում Հասանով-Բայրաքթարօղլու հանդիպմանը մտքեր են փոխանակւել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում համագործակցութեան ընդլայնման ընթացիկ վիճակի եւ հեռանկարների շուրջ, ինչպէս նաեւ քննարկւել են փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպումների ընթացքում քննարկւել են ռազմական համագործակցութեան նոր հեռանկարները, տարածաշրջանային անվտանգութիւնը եւ այլ հարցեր:
Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՏԱՆԻ