
Հետեւեալ տողերիս շարադրելու նպատակն եղել է՝ մեծարել եւ գնահատել մեր թանկագին ու մարդկային կերպարանք ստացած բոլոր հրեշտակային մայրերին, ի շարս նրանց, նաեւ ցանկացել եմ բոլորի հետ կիսւել մօրս հետ կապւած, իմ ներաշխարհում սաւառնող հաճելի յոյզերն ու ապրումները, քանի-որ բոլորին չէ տրւած ապրել աւելի քան մէկ դար, իր մէջ կրող բոլոր վերիվայրումներով լի մէկդարեայ պատմութեամբ:
Օգոստոսի 10-ին, ժպիտը դէմքին, 101 տարեկանը լրացրած, մեզանից ընդմիշտ հեռացաւ մեր թանկագին մայրը՝ Մերի Վարդանեան-Մաշադեանը, քացր յուշեր թողնելով մեր հոգու խորքում: Մեր պարագային, տխրութիւնն ու մասամբ ուրախութիւնը միաձուլւած են, այն առումով, որ Մայրս ապրեց աւելի քան 101 տարի, եւ մենք սրտի ուզած չափով վայելեցինք Նրա չափազանց հաճելի ներկայութիւնը մեր կողքին, շունչն ու ոգին, ջերմութիւնն ու մայրական սէրն ու գուրգուրանքը: Նա ամուսնացել էր իր գաղափարակից Մինաս Վարդանեանի հետ եւ բախտաւորւել հինգ աղջիկ զաւակներով:
Նա եղել է զաւակների առաջին ուսուցիչն ու դաստիարակը ամենալայն իմաստով: Երախտագիտութեամբ Նրան ենք պարտական, մասամբ մեզ մօտ խորացած եւ նկարագիր ստեղծած հոգեւոր եւ ազգային արժէքների իմացութիւնը, որոնք մեզ ուղղորդեցին դէպի ազգայինը, սիրել հայրենիքն ու մայրենի լեզուն եւ անդուլ աշխատել ի սպաս Հայ Դատին: Մեր տանը, ամենուրեք հնչել են Շարականներ, ազգային-յեղափոխական երգեր եւ մենք այդ գծով նաեւ ծանօթացել ենք դէմքերի հետ, վերջին ամիսներում եւս, երգելով էր անցնում մեր հաճելի ժամերը:
Երիտասարդ տարիքում, տարիներ աշխատել է Նոր Ջուղայի հայոց ազգային «Պօղոսխանեան» հիւանդանոցում, որպէս վիրահատարանի բուժքոյր:
Նա տոգորւած լինելով ազգային ոգով, ժամանակին հարել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը՝ կրելով «Հայորդի» ծածկանունը:
Նա քնքուշ էր ու բարի, ատենահաս էր եւ բարեգութ, միշտ շատ սիրւած իրեն ճանաչողների կողմից:
Մամա ջան, թո՛ղ հողը թեթեւ լինի վրադ, խաղաղութեամբ հանգչիր լոյսերի մէջ…
Տ. ՎԱՐԴԱՆԵԱՆ