Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, կիրակի՝ դեկտեմբերի 29-ին, ազգային առաջնորդարան այցելեցին Թեհրանի քաղաքապետի խորհրդական եւ կրօնական աշխատանքների կենտրոնի պատասխանատու հոջաթ. Ալիռեզա Շիրզադը, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ Սէյէդ Մորթեզա Ռոհանին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:
Ազգային առաջնորդարանի դահլիճում պատւիրակութեանը դիմաւորեցին Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ ատենադպիր Հայրիկ Աղանեանը, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:
Հանդիպման սկզբին, Հայր Սուրբը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ողջոյնի խօսքերը փոխանցելով, շնորհակալութիւն յայտնեց հիւրերին՝ ներկայութեան ու շնորհաւորանքների համար: Նա իր արտայայտութիւններում կարեւորութեամբ ընդգծեց, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան ներկայացուցիչները վերջին օրերին կրկին ապացուցեցին, որ յատուկ ուշադրութիւն եւ սէր ունեն Իրանի քրիստոնեայ քաղաքացիների հանդէպ: Նա յաւելեց, որ Իրանի հայ համայնքը՝ պարսիկ հայրենակիցների հետ եղբայրական եւ բարեկամական կապն ընդմիշտ պահպանել եւ երկրի բարգաւաճման ու զարգացման համար՝ տարբեր բնագաւառներում մեծ ներդրում եւ գործօն դերակատարութիւն է ունեցել:
Հանդիպման ընթացքում երախտագիտութեամբ անդրադարձ կատարւեց Թեհրանի քաղաքապետ դոկտ. Ալիռեզա Զաքանիի կողմից հայ համայնքի հանդէպ ցուցաբերւած ուշադրութեանը եւ հայահոծ տարբեր քաղաքամասերում իրականացւած աշխատանքներին:
Հոջաթ. Ալիռեզա Շիրզադը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքի խօսքեր փոխանցւելով, շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար: Նա իր արտայայտութիւնների ընթացքում խօսեց Իրանում քրիստոնեայ-իսլամ համակեցութեան մասին եւ արժեւորեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում նահատակւած, գերեւարւած եւ վիրաւորւած հայ նահատակներին եւ նրանց ընտանիքներին:
Քաղաքապետ՝ Սէյէդ Մորթեզա Ռոհանին նաեւ իր հերթին շնորհաւորանքի խօսքն ուղղեց իրանահայութեան եւ յատկապէս թեհրանահայ համայնքին եւ պատրաստակամութիւն յայտնեց համագործակցութիւնները շարունակելու համար:
Սոյն հանդիպման ներկայ էր նաեւ նահատակ Անուշաւան Այւազեանի կին՝ Նինա Յարութիւնեանը, ով գնահատւեց եւ նրան յուշանւէր յանձնւեց ՝ առ ի երախտագիտութիւն:
Հանդիպման աւարտին, հիւրերին նւիրւեց «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն եւ անգլերէն լեզւով հրատարակւած գիրքը:
Ազգային առաջնորդարանի հանրային կապ