Կիրակի՝ դեկտեմբերի 29-ին, Թեհրան նահանգի Ռէյ քաղաքի յատուկ Կուսակալ՝ Բիժան Սոլէյման Փուռը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով այցելեցին Նոր Բուրաստան գերեզմանատուն եւ նահատակներին նւիրւած յուշարձանի մօտ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին եւ ծաղիկներ խոնարհեցին նրանց անմոռաց յիշատակին:
Նոր Բուրաստան գերեզմանատնում պատւիրակութեանը դիմաւորեցին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Գերեզմանատան վարչութեան ատենապետ Ջուանէս Աւետեանը եւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:
Նոր Բուրաստան գերեզմանատան «Նահատակաց սրահ»-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սոլէյման Փուռը տօնական օրերի առիթով շնորհաւորանքներ եւ բարեմաղթանքներ յայտնելով, խոր յարգանքով անդրադարձաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին իրենց կեանքը յանուն Իրանի հողային ամբողջականութեան նւիրաբերած հայ նահատակների սխրագործութիւններին եւ ընդգծեց, մարդկային արժէքները բարձր պահելու եւ միասնութիւնը պահպանելու անհրաժեշտութիւնը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարւեց գերեզմանատնում առկայ դժւարութիւններին, մասնաւորապէս գազի եւ խմելու ջրին առնչւող խնդիրներին, որոնց լուծման համար համագործակցութեան խոստումներ տրւեցին պատասխանատուների կողմից:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ