Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտել են Գազայում յունական Ուղղափառ եկեղեցու ռմբակոծութիւնը
«ԱԼԻՔ»- Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտել են Գազայում յունական Ուղղափառ եկեղեցու ռմբակոծութիւնը սիոնիստական ռեժիմի կողմից:
Դատապարտանքի գրութեան մէջ նշւել է. «Գազայի դէմ սիոնիստական ռեժիմի կոյր յարձակման նպատակն է ոչնչացնել բոլոր պաղեստինցիներին, ինչ կրօնի էլ պատկանեն նրանք: Նրանք Պաղեստինի ժողովրդին առնչւող հարցերի լուծման տարբերակը համարում են ընդհանրապէս հարցի չէզոքացումը, եւ այսպիսով նրանց համար կարեւոր չէ՝ ո՛չ հիւանդանոցը, ո՛չ մզկիթը, ո՛չ էլ եկեղեցին, եւ անտարակոյս անմեղ ժողովուրդը: Նրանց համոզմամբ, Գազայում բնակւելը ինքնին աններելի յանցանք է: Ուստի, որեւէ սրբավայրում ապաստան գտնելը նրանց կողմից չի յարգւում:
Գազայում յունական Ուղղափառ եկեղեցու ռմբակոծութիւնը առաւել քան երբեւէ բացայայտեց Իսրայէլի ռեժիմի անբարտաւանութիւնը:
«Մենք Իրանի Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներս դատապարտելով այս գազանային ու անմարդկային արարքը, Քրիստոնեայ աշխարհի քաղաքական ու կրօնական բոլոր ղեկավարներից ակնկալում ենք այս հարցով դիրքորոշում ընդունելով, անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, իսկ միջազգային կազմակերպութիւններից պահանջում ենք, որ իրականացնեն իրենց առաքելութիւնը՝ Պաղեստինի ժողովրդի իրաւունքները պաշտպանելու եւ դէպքի հեղինակներին պատժելու հարցով»:
Դատապարտանքի գրութիւնը ստորագրել են՝ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ասորիների եւ քաղդէացիների պատգամաւոր Շառլի Էնւիէ Թեքիէն, զրադաշտականների պատգամաւոր Էսֆանդիար Էխթիարին եւ հրեաների պատգամաւոր Հոմայուն Սամէ եա Նաջաֆաբադին: