Սբ. Աստւածածնայ վերափոխման տօնը եւ խաղողօրհնէք՝ Ատրպատականի հայոց թեմում
Ատրպատական, Ազգային Առաջնորդարան, Թաւրիզ – Մեր եկեղեցու Տաղաւար հինգ տօներից Սբ. Աստւածածնայ Վերափոխման տօը Ատրպատականում նշւեց, մեր ժողովրդի հաւատացեալ զաւակների խուռներամ մասնակցութեամբ: Երկու հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղի Սբ. Գէորգ եկեղեցում եկեղեցական արարողութիւններին մասնակցեցին բարեպաշտ հաւատացեալներ:
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեանի հանդիսապետութեամբ, Կիրակի, 18 Օգոստոս 2024-ին, Թաւրիզի Մարալան թաղամասի պատմական Սբ. Աստւածածին մատռան մէջ հանդիսաւոր Սբ. Պատարագ մատոյց առաջնորդ Սրբազանը: Սբ. պատարագի երգեցողութիւնը քառաձայն կատարեց Թաւրիզի «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ՝ երաժիշտ Վարդան Վահրամեաի: Խորանին սպասարկում էր Իշխան Սրկ. Չիֆթճեանը, իսկ առաքելական նամակը կարդաց Քարմէն Աբրահամեանը:
Սրբազան հայրը իր քարոզով պատգամեց Սբ. Կոյսի կեանքի վերջին ժամանակահատւածին, ինչպէս նաեւ անդրադարձաւ Վերափոխման տօնի խորհրդին: Սրբազան հայրը ընդգծեց ներկայ աշխարհի բարդ իրականութիւնները, որոնք նոր սերնդի դաստիարակութիւնը դժւարացրել են, եւ այս դժւարին կացութեան հսկիչները միայն մայրերն են, որոնք իրենց զաւակների կրթութիւնը կատարելու մեծ առաքելութեան առջեւ են գտնւում:
Սբ. պատարագին ներկայ գտնւեցին նաեւ Ատրպատականի հայոց թեմի բարերարներից՝ տէր եւ տիկին Համազասպ եւ Սեդա Ոսկանեանները: Սբ. պատարագի աւարտին, Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ Մարմինի կողմից պատրաստւած խաղողներով լեցուն ծրարները տեղադրւեցին եկեղեցու մուտքի դռան առջեւ, որտեղ Սրբազան հօր նախագահութեամբ կատարւեց խաղողօրհնէքի արարողութիւնը: Ապա, Խնամակալ Մարմինը ուրախութեամբ այն բաժանեց ներկայ հաւատացեալներին, եւ յետոյ, սիրոյ սեղանով պատւեց Սրբազան հօրը եւ Ազգ. Իշխանութեանը:
Նոյն օրը, Ուրմիոյ Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում մատուցւեց Սբ. եւ անմահ պատարագ, ձեռամբ Արժ. Տ. Մարտիրոս Քհնյ. Ղուկասեանի: Տէր հայրը ներկայ հաւատացեալներին բացատրեց Վերափոխման խորհուրդը, նշելով այն խնամքն ու հոգածութիւնը, որը Յիսուսի աշակերտները ցուցաբերեցին հանդէպ Սբ. Կոյս Մարիամին, մինչեւ նրա վերափոխումը դէպի երկինք:
Աւարտին տեղի ունեցաւ խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը: Եկեղեցու Խնամակալ կանանց բծախնդիր աշխատանքով պատրաստւել էին օրհնւելու խաղողների ծրարները, որոնք ներկայ հաւատացեալ ժողովրդին բաշխւեցին օրհնութիւնից յետոյ: Սբ. Պատարագի երգեցողութիւնը կատարւեց եկեղեցու «Նարեկացի» երգչախմբի կողմից:
Նշենք, որ եկեղեցին վերջին մի քանի ամիսներին փակ էր մնացել, որովհետեւ եկեղեցու բարերար տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեաններ հիմնական վերանորոգման հրահանգ էին տւել: Առ այդ, եկեղեցին փառաւորապէս վերանորոգւած, առաջին պատարագը տեղի ունեցաւ Սբ. Աստւածածնայ Վերափոխման տօնի առիթով:
Նոյն օրը, երեկոյեան, Գեարդաբադի Սբ. Գէորգ եկեղեցում, դարձեալ Տէր Մարտիրոս քահանայի միջոցով, տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին օրհնւեց խաղողը եւ բաշխւեց գիւղի հաւատացեալ ժողովրդին: Ողկոյզները գիւղի այգիներից էին հաւաքել հաւատացեալները, ու եկեղեցուն նւիրաբերել: Իր քարոզի մէջ Տէր հայրը գնահատանք արտայայտեց գիւղի բարեպաշտ ժողովրդին, որ իրենց այգիների երախայրիքը մատուցել էին եկեղեցուն:
Եկեղեցական արարողութեան վերջին մասում տեղի ունեցաւ խոստովանանք եւ գիւղի բարեպաշտ ժողովուրդը մօտենալով սուրբ խորանին, երկիւղածութեամբ հաղորդւեց Տիրոջ սուրբ մարմնով եւ արեամբ: Եկեղեցական արարողութեանց ընթացքին իրենց խօսած քարոզների սկզբնաւորութեան, քահանայ հայրերը փառք ու գոհութիւն տալուց յետոյ Աստծուն, ներկայ հաւատացեալներին փոխնացեց առաջնորդ Սրբազան հօր սիրոյ ողջոյնն ու հայրական բարեմաղթութիւնները: