Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը՝ Թաւրիզում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Ուրբաթ՝ մարտի 7-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում «Իմաստութիւն Հօր Յիսուս» աղօթքով բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի նիստին, նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի:
Ժողովին մասնակցեցին Կրօնական եւ Թեմական խորհուրդները, ինչպէս նաեւ Հաշւեքննիչ մարմնի անդամները: Յատուկ հրաւէրով, Պատգամաւորական ժողովի նիստին ներկայ գտնւեցին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը եւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, որոնք նոյն օրը վերադարձան Թեհրան:
Պատգամաւորական ժողովի Ա ատենապետ Արմինէ Վահրամեանը սրտանց ողջունեց ներկաներին, բարի գալուստ մաղթելով թեհրանահայ հիւրերին: Նա ամփոփ ներկայացրեց օրակարգը, յաւելեալ բացատրութիւններ տալով ժողովի ընթացքի մասին:
Թեմական խորհրդի նիւթաբարոյական զեկոյցը ընթերցւեց, եզրափակումը կատարելու համար այն աշխատանքին, որը սկսւել էր ամբողջական նւիրումով եւ խորհրդի անդամների միջեւ փոխադարձ անվերապահ վստահութեամբ: Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, Սրբազան Հօրից եւ Պատգամաւորական ժողովի դիւանից շնորհակալութիւն յայտնելով այն հասկացողութեան համար, որը ցուցաբերել էին Թեմական խորհրդին, յատկապէս տնտեսական ծանր դրութեան ընթացքին: Հաշւական ամենանուրբ կէտերով ներկայացւած ցուցակը մեկնաբանելով, Թեմական խորհուրդը թափանցիկ հաշւետւութիւն կատարեց, ամենայն վըստահութեան արժանանալով բոլոր ժողովականների կողմից:
Թեմական խորհրդի բարոյական եւ նիւթական զեկոյցները յաջորդեցին միմեանց, ներկայացւեցին պետական եւ պաշտօնական հանդիպումները, կալւածային եւ դատական խնդիրների հետապնդումները: Դիւանը ժողովականներին առիթ ընծայեց հարցադրումներ կատարելու, որոնց ամբողջական պատասխաններ տւեցին Թեմական խորհրդի անդամները: Ներկայացւած նիւթերի շարքում էին շինարարական աշխատանքների յաջող ցուցակը ե՛ւ Թաւրիզում, ե՛ւ Ուրմիայում, որոնցից ոմանք տեղի էին ունեցել բարերարների նիւթական օժանդակութեամբ: Շինարարական կալւածի շրջագծում յատկապէս գնահատանքի արժանացաւ Թեմական խորհրդի նւիրեալ աշխատանքը թեմի «Մելիք-Թանգեան» թանգարանի վերաբացման առաջին քայլերը, որոնք իրենց աւարտին են հասնելու, պետութեան բարձր հովանաւորութեամբ եւ արտօնութեան աշխատանքով:
Ազգային առաջնորդարանի կալւածների մասին լայն բացատրութիւններ տրւեց Թեմական խորհրդի կողմից: Յիշւեցին հեռաւոր գիւղերից ոմանք, որտեղ խորհրդի Կալւածային պատասխանատուները՝ Ալէն Սայեադեանը եւ Վարդան Կարապետեանը, չափագրական աշխատանքի էին լծել համապատասխան պաշտօնեաներին:
Դիւանը իր գնահատական խօսքը արտասանեց անցած ամիսների ընթացքում իրականացւած աշխատանքների գծով, յատկապէս շեշտելով Թեմական խորհրդի բոլորանւէր ծառայութիւնը:
Ազգային առաջնորդարանի հաշւապահական գրասենեակի միջոցով պատրաստւած հաշիւների բացատրական ներկայացումը կատարւեց ե՛ւ Թեմական խորհրդի միջոցով, ե՛ւ Հաշւական յանձնախմբի անդամ Վահիկ Բարոյեանի կողմից:
Վերջին օրակարգից՝ Թեմական խորհրդի նոր ընտրութիւնից առաջ, սոյն խորհրդի անդամ Հենրիկ Աբրահամեանը երախտագիտական խօսքով հանդէս եկաւ, Թեմական խորհրդի անունից որդիական սէր եւ շնորհակալութիւն յայտնելով առաջնորդ Սրբազան Հօր, թեմի նկատմամբ ունեցած ամբողջական նւիրման համար: Նոյն արտայայտութեամբ իր երախտիքը յայտնեց նաեւ Թեմականի ատենապետ Գագիկ Ջորջեանը:
Թեմական խորհրդի նւիրեալ աշխատանքի մասին հանդէս եկաւ նաեւ Ուրմիայի շրջանի վաստակաշատ պատգամաւոր Սերժիկ Մովսիսեանը, որը վստահութեան եւ թափանցիկ աշխատանքի մասին արտայայտւեց, գնահատելով վաղուց սպասւած այն նւիրումը, որը ներկայ Թեմական խորհուրդը ցուցաբերեց իր գործունէութեամբ:
Խօսք առնողների շարքում էին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը եւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Յովսէփ Աւետեանը արժեւորումը կատարելով ցարդ կատարւած աշխատանքի, այն կոչեց անկեղծ եւ թափանցիկ գործունէութիւն, որի համար խորհրդից եւ դիւանից շնորհակալ եղաւ: Արա Շահվերդեանը, իր խօսքում բարձր գնահատեց Թեմականի աշխատանքը, որը արժանացել էր մեծ վստահութեան: Նա իր շնորհաւորանքը յայտնեց առաջնորդ Սրբազանին սկսեալ մինչեւ թեմում ապրող ամենախոնարհ հային:
Սրբազան Հայրը եզրափակիչ խօսքով, իր բարձր գնահատանքը յայտնեց բոլոր ժողովականներին: Նա նշեց, որ վերջին շուրջ 60 տարիների ընթացքում նման փոխադարձ վստահութիւն չի եղել երկու շրջանների ժողովականութեան միջեւ: Փոխադարձ սէրը եւ Աստծու հովանին անպակաս անելու աղօթք բարձրացրեց նա, իր հայրական սէրը հաղորդելով, աշխատանքը աւարտած Թեմական խորհրդին:
Թեմական խորհրդի կազմը թողեց սրահը, ներկայ ժողովականութեան ծափողջոյններին արժանանալով, որը ցարդ չէր պատահել Թեմում: Ապա տեղի ունեցաւ գաղտնի քւէարկութիւնը, որ կառավարեց Դիւանը: Գրատախտակի վրայ, ատենադպրուհի Անահիտ Յակոբեանի միջոցով արձանագրւեց քւարկութեան արդիւնքը, որ բացառիկ եզրակացութեամբ, ամբողջական քւէարկութեամբ վերստին Թեմական խորհրդի աշխատանքներին կանչեց միեւնոյն կազմին…:
Ատենապետուհի Արմինէ Վահրամեանը հաշւարկումը կատարելով, վերահաստատեց քւէարկութեան արդիւնքը, իսկ առաջնորդ Սրբազանը հիացմունքով իր շնորհաւորական խօսքը յայտնեց ժողովին: Ընտրութեան հաստատումը կատարեց նահանգապետարանի ներկայացուցիչը, շնորհաւորելով բոլորին: Նոյն առիթով, ձեռամբաձ քւէարկութեամբ Հաշւեքննիչ մարմնի անդամ ընտրւեցին Վահիկ Բարոյեանը եւ Գագիկ Յարութիւնեանը Թաւրիզից, ինչպէս նաեւ Սեւան Ազիզեանը՝ Ուրմիայից: Սրբազան Հօր «Պահպանիչ» աղօթքով եզրափակւեց ժողովը, կէսօրւան ժամը 2-ին:
Սրբազան Հօր հրաւէրով սիրոյ սեղան բացւեց ազգային առաջնորդարանի սեղանատանը, որի ընթացքում սեղանապետի քաղցր խօսքերով հանդէս եկան ատենապետուհի Արմինէ Վահրամեանը, եւ երկար տարիների ժողովական՝ Սերժիկ Մովսիսեանը: