
Հայ ժողովրդի կենաքում հոկտեմբեր ամիսը իւրայատուկ տեղ է գրաւում, այն խորհրդանշում է ոչ միայն Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօնը, այլեւ համարւում է հայ ժողովրդի Զինեալ պայքարի մեկնարկային ամիսը, որի 50-ամեակն է այս տարի:
Հոկտեմբերի 23-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան համագործակցութեամբ միութեան «Արցախ» սրահում տեղի ունեցաւ «Հայոց Ազատամարտի օրրանը. Ատրպատականի հայութիւնը XIX դարավերջին – XX դարասկզբին» գրքի շնորհանդէսը, որի հեղինակն է պատմական գիտութիւնների թեկնածու, «ԱԼԻՔ» օրաթերթի նախկին գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը:
Հեղինակը գիրքը նւիրել է ազգային-հասարակական գործիչ, յանձնառու գաղափարական եւ ուսուցիչ՝ Խաժակ Տէր Գրիգորեանի պայծառ յիշատակին: Գիրքը հրատարակւել է «ԱԼԻՔ»-ի միջոցով:
Միջոցառմանը, որի հաղորդավարն էր միութեան Գրական խմբի պատասխանատու Քլարա Աղախանեանը, անդրադառնալով հայ ժողովրդի համար գրքի կարեւորութեանը ընդգծեց, որ հայը իր վերիվայրումներով լի պատմութեան ընթացքում միշտ հայկական գիրքը պահպանել է իր կեանքի գնով: Խօսքի այլ բաժնում նա նշեց. «Բացառապէս մեզ համար, որպէս նախաձեռնող միաւոր խրախուսիչ եւ արժէքաւոր երեւոյթ է սեփական համայնքի հետաքրքրասէր խաւերի մասնակցութեամբ քննարկել միեւնոյն հինաւուրց իրանահայ համայնքի պատմական արժէքաւոր հոլովոյթը, յատկապէս երբ դա ուղղակիօրէն ներգործուն ազդեցութիւն է ունեցել տւեալ համայնքի քաղաքական հետագայ կեանքի տարբեր հանգրւաններում»: Նա ապա համապարփակ գծերով անդրադարձաւ հեղինակի կենսագրական տւեալներին:
Գիրքը լսարանին ծանօթացնելու նպատակով ելոյթով հանդէս եկաւ Միջազգային իրաւունքի ասպիրանտ, համալսարանի դասախօս Արտոյտ Զոհրաբեանը համապարփակ գծերով անդրադառնալով բազմաբովանդակ եւ պատմական իրողութիւնների աղբիւր հանդիսացող գրքի մասին: Նա նախ անդրադարձաւ գրքի կազմութեանը, որը հրատարակւել է «ԱԼԻՔ»-ի տպարանի միջոցով, ապա խօսեց գրքի բովանդակութեան մասին: Նա ընդգծեց, որ գիրքը բաղկացած է հինգ բաժիններից, ներածութիւն եւ չորս գլուխներ եւ ենթագլուխներ ըստ հետեւեալի՝ «Ատրպատականի հայութեան սոցիալ-տնտեսական ու հոգեւոր-մշակութային դրութիւնը XIX դարի վերջին – XX դարի սկզբին, Ատրպատականի հայութիւնը եւ հայ ազգային ազատագրական պայքարը, Պարսկաստանի Սահմանադրական յեղափոխութիւնը եւ Ատրպատականի հայերը եւ Ա. Աշխարհամարտը, թուրք-օսմանցիների ներխուժումը Ատրպատական, հայկական կոտորածները եւ հայութեան բռնագաղթը: Արտոյտ Զոհրաբեանը կարեւորութեամբ նշեց, որ գրքի հեղինակը առաջին անգամը լինելով օգտագործել է յատկապէս՝ իրանական այնպիսի աղբիւրներ, որոնք իւրօրինակ պատմական տւեալներ են պարունակում եւ որոնց մասին միգուցէ մինչեւ օրս շատերը տեղեակ չեն եղել եւ այդ աղբիւրները բացայայտում են փաստեր՝ Իրանի Սահմանադրական շարժման ընթացքում հայ ժողովրդի դերակատարութեան մասին, նաեւ պարունակում են տւեալներ Հայոց Ցեղասպանութեան մասին: Նա ապա մէջբերումներով ներկայացրեց գրքի պատմական ժամանակահատւածների ընթացքը:
Յաջորդիւ, ելոյթով հանդէս եկաւ «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը: Նա կարեւորեց համայնքում նման կոթողային գրքի շնորհանդէսը, եւ յոյս յայտնեց, որ այս քայլը սկիզբը համարւի համայնքում՝ խորը, պատմական, գաղափարախօսական նշանակութիւն ունեցող հրատարակութիւնների վերաշխուժացման եւ վերազարթօնքի առումով: Նա անդրադառնալով գրքի գաղափարական եւ քաղաքական նշանակութեանը, հանգամանալից կերպով շեշտեց երկու կարեւոր առանցքներ, որոնք գոյութիւն ունեն աշխատութեան հիմքում. նախ՝ գաղափարախօսութիւն եւ գաղափարական սկզբունքներ եւ երկրորդ՝ Ատրպատականի շրջանի աշխարհագրա-քաղաքական կարեւորութիւնը: Նա խօսեց հայկական ազատագրական շարժման առումով Ատրպատականին վերպահւած կարեւոր դերակատարութեան մասին, որին էլ նւիրւած է Դերենիկ Մելիքեանի հեղինակած փաստավաւերագրական գիրքը:
Ծրագիրը յագեցած էր ասմունքային կատարումներով, որի ընթացքում Ստեփան Նազարեանցի գրչին պատկանող «Մայրենի լեզու»-ն ասմունքեց Մանէ Սիմոնը, իսկ Մարտիկ Դաւթեանի գրչին պատկանող «Փառք վերընձիւղւող իմ ժողովրդին»-ը՝ Լորետա Ղեւոնդեանը:
Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանն անդրադառնալով գրքի կարեւորութեանը՝ իրանահայութեան, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Իրանի հետազօտողների համար, Հայ Դատի յանձնախմբի անունից պատրաստակամութիւն յայտնեց գիրքը պարսկերէն լեզւով թարգամանել: Իսակ Իւնանէսեանը նաեւ նշեց, որ Հայ Դատի յանձնախմբի երկարատեւ ջանքերի արդիւնքում վերջերս Իրանում կեանքի է կոչւել Իրանի եւ Հայաստանի պատմաբանների պալատ եւ դիմեց դոկտ. Մելիքնեանին, իր անդամակցութիւնը բերելու պալատի աշխատանքներին, քանի որ իր հեղինակած գրքի շնորհիւ կարելի է մանրակրկիտ հետազօտութիւններ եւ քննարկումներ իրականացնեն երկու երկրների քաղաքական վերլուծաբաններն ու հետազօտողները:
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, կարեւորութեամբ անդրադառնալով գրքի շնորհանդէսին ընդգծեց, որ այս քայլը համարւում է ոչ միայն նոր գրքի ծնունդի խորհրդանիշը, այլ նաեւ, գրականութեան ու մշակոյթի տարածման, ընթերցանութեան խրախուսման եւ ազգային ինքնութեան պահպանման կարեւոր դրսեւորում: Պատգամաւորը նաեւ յաւելեց, որ գրքի պարսկերէն թարգմանութեան համար արդէն ինչ որ քայլերի է ձեռնարկել: Նա ընդգծեց, որ գիրքը կարեւոր աղբիւր է, որը լուսաբանում է Ատրպատականի հայ համայնքի քաղաքական, հասարակական եւ մշակութային կեանքի մի ժամանակահատւածը, այն պայմաններում երբ տարածաշրջանը կանգնած էր խորը պատմական փոփոխութիւնների շեմին եւ Իրանի Սամանադրական շարժման ընթացքում հայ ժողովուրդը պայքարում էր իրանցի ազատատենչների հետ, որը ապացուցում է, որ իրանահայութիւնը ոչ թէ միայն փոքրամասնութիւն է Իրանում, այլ արդիական գաղափարների, կրթութեան զարգացման եւ քաղաքացիական մասնակցութեան հիմնասիւներից է:
Միջոցառմանը ընթերցւեց Իրանի Իսլամական խորհրադարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանի յղած ուղերձը, որի մէջ նշւել էր. «Անկասկած այս գիրքը ինչպէս Ձեր նախորդ աշխատութիւնները, ուսումնասիրութիւններն ու հեղինակային յօդւածները նպաստելու է մեր ժողովրդի բազմակողմանի զարգացման ու գիտելիքների շտեմարանի հարստացման գործին եւ ընթերցողը մեծ գոհունակութեամբ է կարդալու գրքում տեղ գտած տեսլականն ու գաղափարը»:
Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու գրքի հեղինակ՝ Դերենիկ Մելիքեանը: Նա իր շնորհակալական խօսքը ուղղեց բոլոր նրանց, որոնց համագործակցութեամբ հնարաւոր դարձաւ նման աշխատութեան տպագրումը: Հեղինակը իր շնորհակալական խօսքը ուղղեց «ԱԼԻՔ» օրաթերթի յարկի տակ աշխատակցող բոլոր գործընկերներին, տնօրէնութեանը եւ վարչութեանը, ովքեր այս հարցով չեն խնայել իրենց կարելին, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբին՝ ՀՈՒՍԿ հաստատութեանը, որի հարուստ գրադարանի փաստավաւերագրական նիւթերից է օգտւել: Նա իր շնորհակալութիւնը յայտնեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեանը իր անվերապահ համագործակցութեան համար եւ երախտագիտութեամբ անդրադարձաւ իր աւարտաճառի ղեկավար եւ ժամանակին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան օսմանագէտ Արսէն Աւագեանին, ում խորհուրդների արգասիքը նաեւ համարեց նման աշխատութեան հրապարակումը: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ իրանական հարուստ փաստավաւերագրական իւրայատուկ աղբիւների առկայութեան մասին, որոնց հասանելիութեան շնորհիւ գիրքը, որը հանդիսանում էր նաեւ իր աւարտաճառը, մեծ ընդունելութեան եւ յաջողութեան արժանացաւ այն դասախօսների կողմից, որոնց դիմաց պաշտպանել է իր ատենախօսութիւնը: Նա շնորհակալական խօսք ուղղեց Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան ժամանակի պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանին եւ Ռոբերտ Բեգլարեանին իրենց անվերապահ համագործակցութիւնների համար: Նա նշեց. «Հայ գիտնականի, պատմագէտի եւ ակադեմիկոսի դիմաց, որոնց առջեւ պատիւ ունէի պաշտպանելու իմ աւարտաճառը՝ գիրքը յաջողութեան արժանացաւ այն պատճառով, որ գրքում ներառւած էին պարսկական աղբիւրների հարուստ փաստաթղթեր: Այս հարցով կարեւորեց Իրանի ԱԳՆ-ի, Իսլ. խորհրդարանի եւ Իրանի ազգային գրադարանի աղբիւրները: Գրքի հեղինակը շնորհակալութիւն յայտնեց դահլիճում հանդիսատեսի պատկառելի ներկայութեան համար:
Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը շնորհաւորելով Դերենիկ Մելիքեանին՝ իր հեղինակած գրքի համար, վեր հանեց Ատրպատականի անժխտելի դերը հայկական ազատագրական պայքարի մէջ եւ վարչութեան անունից շնորհաւորեց հեղինակին իր անմնացորդ աշխատութեան կապակցութեամբ: Նա անդրադառնալով գրքի հիմնական առանցք՝ Ատրպատականին, ընդգծեց, որ Ատրպատականը հանդիսացել է ազգային մտքի եւ ազատագրական պայքարի ծննդավայրը, որին էլ անդրադարձել է հեղինակը: Նա վերջում ընթերցելով միութեան վարչութեան գնահատագիրը, այն յանձնեց Դերենիկ Մելիքեանին:
Ելոյթները եզրափակւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի արտայայտութեամբ: Հայր Սուրբը փոխանցելով Սրբազան Հօր ողջոյնները, ընդգծեց. «Շնորհիւ Դերենիկ Մելիքեանի, այսօր Հայ մշակոյթի գանձարանը հարստացաւ «Հայոց ազատամարտի օրրանը» խորագրով աշխատութեամբ եւ այս շնորհադէսը առիթ հանդիսացաւ հանդիպելու անցեալի արմատներին եւ մեր աչքին առջեւ տողանցեցին մեր եկեղեցական ու ազգային ղեկավարներու կատարած մեծ գործը»:
Գրքի շնորհանդէսին ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Գառօ Յովհաննիսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, քահանայ հայրեր, Ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ, գրասէր հասարակութիւն եւ հրաւիրեալներ:
Շնորհանդէսի աւարտին հեղինակը իր ստորագրութեամբ գրքերը նւիրում էր ցանկացողներին: Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ















